Պուտինը կորցնում է վերահսկողությունը

12/05/2005

Ռուսաստանյան «Յաբլոկո» ազատական կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին Իտալիայի Թուրին քաղաքում Միխայիլ Գորբաչովի «պերեստրոյկայի» 20-ամյակին նվիրված համաշխարհային քաղաքական համաժողովին մասնակցելու ընթացքում հարցազրույց է տվել իտալական թերթերից մեկին եւ կարծիք հայտնել, թե Վլադիմիր Պուտինն այլեւս չի վերահսկում նախկին կայսրությունը։ «Մոլդովան իր աշխարհագրական ու պետական բնութագրիչներով Ուկրաինա չէ, բայց, իմ կարծիքով, այնտեղ էլ ինչ-որ բան է կատարվում, որը շատ նման է Ուկրաինայում տեղի ունեցածին։ Չենք կարող ասել, որ այնտեղ էլ կլինի նարնջագույն հեղափոխություն, բայց մոլդավացիները կուզեն, որ իրենց ձայնն էլ լսելի լինի։ Եվ հավանաբար դա Պուտինի սխալների եւ անհասկացողության ապացույցը կլինի»,- ասել է Յավլինսկին։

Պուտինի գլխավոր ընդդիմախոսը գտնում է, որ Ռուսաստանի նախագահը չի հասկանում, թե ինչ է կատարվում նախկին խորհրդային հանրապետություններում։ Նրա կարծիքով, Պուտինին թվացել է, թե ինքը քարտ բլանշ ունի միջազգային հանրությունից, եւ այդ հանրությունն իր գործողություններին նայում է մատների արանքով։

«Ուկրաինայում մենք հասկացանք, որ դա այդպես չէ։ Բանն այն է, որ Պուտինին չեն հետաքրքրում ոչ մարդու իրավունքները, ոչ էլ ժողովրդավարական կարգերը։ Դրա համար էլ նա չի հասկանում, որ, օրինակ, մարդիկ կարող են պայքարել ընտրակեղծիքների եւ այլ մեքենայությունների դեմ։ Հիմա նա ստիպված է հաշտվել իրականության հետ»,- ասել է «Յաբլոկոյի» առաջնորդը։

Յավլինսկու կարծիքով` Ուկրաինան այսօր մեծ դերակատարում ունի, եւ եթե այնտեղ ամեն ինչ հաջող լինի, տնտեսությունը զարգանա, որոշումներն ընդունվեն եվրոպական ոգով, ապա այդ երկիրը բացառիկ օրինակ կդառնա։ Միաժամանակ Յավլինսկին քննադատում է Արեւմուտքին կրկնակի ստանդարտների համար. «Արեւմուտքը Ռուսաստանի եւ նախկին Խորհրդային Միության նկատմամբ չունի մշակված ռազմավարություն։ Ամերիկացիներն իրապաշտական քաղաքականություն են վարում։ Օրինակ՝ եթե Բելառուսը սահմանակից լիներ Աֆղանստանին, ապա Ալեքսանդր Լուկաշենկոն հավանաբար կդառնար Բուշի մտերիմ ընկերը»։