Սեր առ ասֆալտապատ փողոց

22/06/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ասել, թե քաղաքային իշխանությունները չեն փորձում կարգավորել փողոցային երթեւեկությունը, սխալ կլինի: Բայց փոքր ու համարյա ծախսեր չպահանջող միջոցների փոխարեն նրանք ընտրել են երկարաժամկետ ու ֆինանսական լուրջ ներդրումներ պահանջող նախագծեր: Օրինակ, Բաղրամյան փողոցին որպես այլընտրանք կառուցվող էստակադան: Երկու տարի առաջ մեծ հույսեր կապվեցին օդանավակայանի ճանապարհի հետ: Այն ճաղերով ցանկապատվեց: Մարդիկ շարունակում են ճաղերի արանքներով անցնելով հատել բանուկ մայրուղին: Բայց չի կարելի ասել, թե դրանք վթարներից բացի ուրիշ որեւէ բանի չծառայեցին: Ճանապարհի երկու կողմերում գտնվող խաղատների ու խանութների աշխատակիցները ճաղերի օգտագործման բավական ինքնատիպ նպատակ գտան: Վաղ առավոտյան փողոցի երկու կողմից ճաղերի վրա կախված են աղբի տոպրակներ: Աղբատար մեծ ավտոմեքենան առավոտյան խանգարելով երթեւեկությունը՝ հատիկ-հատիկ հավաքում է դրանք: Փոխարենը՝ մինչեւ աղբատարի հայտնվելը կարելի է աղբի տոպրակների արանքով սլանալ օդանավակայան: Սկզբում ամեն վթարից հետո վնասված ճաղերը փոխվում էին կամ նորոգվում: Իսկ հիմա` ոչ: Ծռմռված ցանկապատը դառնում է աննպատակ բարեկարգման հուշարձան, որի հեղինակներն, անխոս, արժանի են ԱՄՆ-ում շնորհվող Դարվինի անվան ամենամյա մրցանակի: Այս մրցանակը շնորհվում է ամենաանհեթեթ արարքի համար: Հաճախ` հետմահու: Բայց իրենց առաջադրելու փոխարեն՝ մեր քաղաքային իշխանությունները պարբերաբար թվեր են հրապարակում: Թե որ ոլորտի մասին` կախված է տարվա եղանակից: Ամռանը քաղաքապետարանի նախընտրած թեման ասֆալտապատումն է: Մեծ-մեծ թվեր բարեկարգված փողոցների մասին: Որովհետեւ գարնանային ձնհալին զուգահեռ՝ հալվում-կորչում է փողոցների ասֆալտի ու հատուկենտ մնացած մայթերի բետոնը: Մի քանի ամիս փոսն ընկած մեքենաների վարորդների ու ոտքը ոլորած բնակիչների առաջին` անկեղծ բացականչությունները կարծես տեղ են հասնում: Իսկ այդ բացականչություններն աղոթքի հետ չես շփոթի: Տարօրինակ զուգադիպությամբ՝ ամառն ավտոտեխսպասարկման բուռն շրջան է: Այդ գործը հարկավոր է ավարտել մինչեւ ամռան վերջ: Սեպտեմբերի 1-ից սկսվում է տույժ-տուգանքների շրջանը: Փողոցների նորոգման աշխատանքը տեսնելով՝ վարորդներն անմռունչ մուծում են պահանջվող հարկերը` ակնկալելով, որ վերջապես կերթեւեկեն հարթ փողոցներով: Որովհետեւ այդ օրերին որոշ փողոցներ նորոգվում են: Պաշտոնական տվյալներով, տարեկան մոտ 25.000 ավտոմեքենա է ներմուծվում: Տեխսպասարկման ու հարակից գանձումները բավականին լուրջ գումարներ են: 10-12 տարվա «Ջիպերի» համար, օրինակ, 40.000 դրամից ավելի է գանձվում, որպես գույքահարկ: 5-6 «տարեկաններից»` կրկնակի ավելի: Նոր մոդելների մեքենաներից` 100.000 եւ ավելի: Շքեղության համար պետք է վճարել: Վճարել` հատկապես աղքատ երկրներում: Հաշվի առնելով մեր սերն առ թանկարժեք մեքենաները, այս վճարները շատ չես համարի: Երեւանում առկա շքեղ մեքենաների քանակը թույլ է տալիս ենթադրել, որ ճանապարհաշինարարության համար անհրաժեշտ միջոցներ հավաքելը բարդ չէ: Բայց շատ ավելի հեշտ է հույսը միայն «Լինսի» հիմնադրամի վրա դնելը: Այն, ի վերջո, պարբերաբար վերակենդանանում է: Մեկ տարուց ավելի քարուքանդ արված Կոմիտասի պողոտան տեղ-տեղ ասֆալտապատվել է: Ավելին` սկսվել է հարակից տարածքների ասֆալտապատումը: Զավեշտ օրինակներով: Գյուլբենկյան փողոցի մի հատվածը տարիներ շարունակ փակ է: Ինչ-որ մեկը շենք է կառուցում եւ քաղաքային իշխանությունների թույլատրությամբ ժամանակավորապես «զավթել է» հանրային տարածք: Շինարարական կռունկ էր կանգնեցրել ու բարձրահարկ է կառուցում: Հիմա կռունկն արդեն չկա, բայց ցանկապատը հանված չէ: Իշխանությունները ստիպված ասֆալտապատում են փողոցի կեսը: Միայն այն ազատ մասը, որ մասնավորը չի առել ցանկապատի մեջ: Հետո, երբ բարձրահարկը շահագործման հանձնվի՝ սեփականատերը կազատի հանրային տարածքը: Արդյունքում կմնա կիսատ ասֆալտված փողոցը: Սա եզակի մոտեցում չէ: Տարիներ շարունակ իրենց մասնավոր բիզնեսի համար փակված են, օրինակ, Ժամացույցի գործարանի, Պուշկինի փողոցները: Ոչինչ, որ քաղաքի բնակչությունը վնասներ է կրում հանրային տարածքների ժամանակավոր (հաշվի առեք, որ ժամանակավոր ասվածն առնվազն 3 տարի է) մասնավոր շահագործումից: Ոչինչ, որ այն խցանումների պատճառ է դառնում: Ոչինչ, որ որեւէ մակարդակի բյուջե ոչ մի լումա փող չի մուծվում: Հանրային սեփականությունն անվճար ու անմնացորդ տրամադրվում է մասնավոր ձեռներեցներին: Վերջիններս, իհարկե, բողոքում են՝ ասելով, որ շինարարության ընթացքում միայն օրինական մուծումները չէ, որ պարտադիր են: Բողոքելով շարունակում են պնդել, որ ոչ օրինական մուծումներն ավելի հուսալի երաշխիք են իշխանությունների կամայականությունից: Մեզ մոտ հանրայինի ու մասնավորի սահմաններն ավելի հարաբերական են, քան էյնշտեյնյան ֆիզիկան: Հատկապես, երբ խոսքը սեփականությանն է վերաբերում: Ի՞նչ է, կարծում եք, որ մեր չինովնիկներն ու մեծահարուստները թանկարժեք մեքենաներում ցնցվելով՝ չե՞ն տառապում խորդուբորդ փողոցներում: Մի՞թե կարծում եք, որ նրանք գեղագիտական հաճույք են ստանում աղբի տոպրակների արանքով սլանալիս, երբ արտերկրում անցկացրած վաստակած հանգստից հետո ստիպված վերադառնում են քաղաքամայր Երեւան: