Ղարաբաղում նախընտրական քարոզչությունը մեկնարկել է

22/06/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հունիսի 20-ին մեկնարկեց ԼՂՀ նախագահական ընտրությունների քարոզչությունը: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույն օրն առավոտյան հրավիրեց հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեց եւ հաստատվեց ԼՂՀ նախագահի թեկնածուներին Հանրային հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը, որից հետո վիճակահանության արդյունքներով սահմանվեց նաեւ եթերի տրամադրման ժամանակացույցը եւ հերթականությունը:

ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, քարոզչության առաջին եւ վերջին օրը նախագահի բոլոր թեկնածուներն անվճար հիմունքներով հնարավորություն կունենան հանդես գալ Արցախի հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Առաջին օրը թեկնածուները կունենան 4-ական րոպեի, իսկ վերջին օրը` 5-ական րոպեի հնարավորություն:

Ընդհանուր առմամբ, թեկնածուներին Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով անվճար հիմունքներով հանդես գալու համար նախատեսված է 30-ական րոպե, իսկ վճարովի հիմունքներով` 80-ական րոպե: Ի դեպ, վճարովի հիմունքներով Հանրային հեռուստատեսությամբ հանդես գալու համար թեկնածուները մեկ րոպեի համար պետք է վճարեն 30 հազար դրամ, իսկ ռադիոյով` 15 հազար դրամ: Եթե թեկնածուն ցանկանա օգտագործել իրեն հասանելիք 80 րոպեն, ապա հեռուստատեսությանը պետք է վճարի՝ 2մլն 400.000, իսկ ռադիոյին` 1 մլն 200.000 դրամ, ինչի հնարավորությունը ոչ բոլոր թեկնածուները կարող են ունենալ:

Հիշեցնենք, որ նախագահի բոլոր հինգ թեկնածուներն էլ առաջադրվելիս 1 մլն-ական դրամ են դրել՝ որպես ընտրական գրավ: Գալիք նախագահական ընտրություններում, եթե թեկնածուն 5 տոկոսից ավելի ձայն չհավաքի, ապա այդ գումարը կմնա պետությանը, իսկ եթե 5 տոկոսից ավելին հավաքի` գումարը հետ կվերադարձվի:

Իսկ թեկնածուների նախընտրական հիմնադրամում հավաքված գումարը, ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքերով, չպիտի գերազանցի 6 մլն դրամը, որը պետք է ծախսվի քարոզչության համար: Գումարների մուտք գործումը եւ օգտագործումը նույնպես ստուգվելու է:

Հիմնադրամի միջոցները հավաքվում են ԼՂՀ տարածքում գործող ցանկացած բանկում: Ըստ Ընտրական օրենսգրքի, հիմնադրամը ձեւավորվում է թեկնածուի անձնական միջոցներից, թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից թեկնածուին տրամադրված միջոցներից, կուսակցության սեփական միջոցներից, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կամավոր մուծումներից։

Տեղեկացնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է բոլոր 5 թեկնածուներին` ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աբգարյանին, Արցախի պետական համալսարանի դասախոս Վանյա Ավանեսյանին, ԼՂՀ Կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանին, ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին եւ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանին: Թեկնածուներն իրենց թեկնածությունը կարող են հանել մինչեւ հուլիսի 9-ը` գրավոր դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Նախընտրական քարոզչությունն ավարտվելու է հուլիսի 17-ին, իսկ ընտրություններն անց են կացվելու հուլիսի 19-ին:

Հունիսի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովում կայացավ 4-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որի վերջում խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նույնպես անդրադարձավ նախատեսվող ընտրություններին: Նա, շնորհավորելով նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներին` գրանցվելու կապակցությամբ, Ազգային ժողովի անունից թեկնածուներին կոչ արեց քաղաքակիրթ ու կոռեկտ ընտրապայքարում արժանանալ ժողովրդի վստահությանը: «Իսկ բնակչությանն առաջարկում եմ ակտիվ մասնակցել այդ քաղաքական լուրջ միջոցառմանը»,- ասել է Ա.Ղուլյանը` միաժամանակ վստահություն հայտնելով, որ «առաջիկա նախագահական ընտրությունները կանցնեն ձեւավորված ավանդույթներին համապատասխան՝ ազատ ու արդար, եւ քաղաքական պատասխանատվության տեսանկյունից խորհրդարանը կմնա իր բարձրության վրա»։