Հայկական պատմությունը՝ իտալացի կինոռեժիսորների ֆիլմում

22/06/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Կինոռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանիներն իրենց բոլոր ֆիլմերը նկարահանում են միասին` ստեղծելով բարդ այլաբանական առասպելներ քաղաքական ու հասարակական մթնոլորտի, բողոքի եւ պայքարի պատրաստ մարդկանց մասին: Սոցիալական ընդվզումն ու արդարության որոնումները շատ գեղեցիկ հոգեվիճակներ են, եւ Տավիանի եղբայրները դա անընդհատ ընդգծում են: Նրանց ֆիլմերը մանիֆեստային չեն, այլ` խոհական են ու, որպես կանոն, հիմնված են բազմաթիվ ճյուղավորումներ ունեցող սյուժետային գծերի վրա:

Տավիանի եղբայրներն իրենց վերջին` «Արտույտների ագարակը» ֆիլմում, որը ստեղծվել է իտալահայ գրող Անտոնիա Արսլանի համանուն վեպի հիման վրա, անդրադարձել են Հայոց ցեղասպանության իրողությանը: Ֆիլմի կենտրոնում մարդկային ճակատագրերն են, որոնց միջոցով էլ բացահայտվում է ամբողջ ազգի ողբերգությունը: «Մենք աշխատում ենք միշտ իրականությունը հիմք ընդունել ու իրականությունից դեպի երեւակայությունը գնալ: Կարեւորն անձերն են, եւ հարկավոր է անձնականից դեպի ընդհանրացումը շարժվել»,- հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաոլո Տավիանին:

Կինոռեժիսորները Երեւան էին այցելել Եղեռնի ճանաչման համար մեծ ավանդ ներդնելու համար նախագահական մրցանակն ու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Սերգեյ Փարաջանովի անվան հատուկ մրցանակը ստանալու համար: Նրանք չեն կարողանա ներկա գտնվել իրենց ֆիլմի երեւանյան պրեմիերային, որը կկայանա հուլիսի 9-ին ու կազդարարի «Ոսկե ծիրանի» մեկնարկը:

«Արտույտների ագարակը» պատմում է հայ ընտանիքի մասին, որի անդամները Եղեռնի եւ պատերազմի պատճառով բաժանված են իրարից ու երազում են մի օր համախմբվել իրենց հայրենի հողում ու հարազատ ագարակում: «Մենք սիրում ենք պատմություններ պատմել եւ գիտենք, որ մեզ շատ ուժեղ դրամատուրգիական նյութ է հարկավոր: Այդ նյութը մենք գտանք Անտոնիա Արսլանի վեպում եւ որոշեցինք, որ մեր ֆիլմը պետք է ոչ թե պատմական աշխատանք լինի, այլ` շատ ժամանակակից, այսօրվա մասին պատմող ֆիլմ դառնա»,- պատմում է Պ.Տավիանին, ով իր բոլոր ֆիլմերում ամենից շատ կարեւորում է հումանիստական շերտը: Պատմության դաժան պտույտներում եղբայրները կարող են թշնամիներ դառնալ, իսկ բոլորովին անծանոթ մարդիկ` եղբայրանալ: Ծայրաստիճան լարված պահերին մարդիկ տարբեր կերպ են վարվում, սակայն միշտ էլ իրենց բողոքով ու պայքարով ձգտում են խաղաղ ու ներդաշնակ կյանքի: «Մենք նպատակ չունեինք թուրքերին որպես վայրագ գազաններ ներկայացնել, քանի որ չէինք ուզում սխեմատիկ պերսոնաժներ ստեղծել: Թուրք պերսոնաժները ֆիլմում շատ հակասական են, քանի որ ճշմարտությունը որոնողները միշտ էլ հակասական են լինում: Ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է, Գերմանիան կարողացավ ընդունել իր պատասխանատվությունը` ֆաշիզմի տարիների սպանությունների համար: Հուսով եմ` Թուրքիան էլ մի օր իր մեջ ուժ կգտնի` Հայոց եղեռնի փաստն ընդունելու համար, եւ այս ֆիլմը տարիներ հետո կցուցադրվի Թուրքիայի դպրոցներում»,- ասում է Պ.Տավիանին:

«Արտույտների ագարակի» համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարվա Բեռլինի կինոփառատոնում եւ, ինչպես հայտնում էին դահլիճում ներկա գտնվողները` ֆիլմի ավարտից հետո դահլիճում երկար ժամանակ քար լռություն էր տիրում: Տավիանի եղբայրների համար ամենակարեւորը եղել է Ցեղասպանության փաստը եվրոպացիների համար բացահայտելը: Նա պատմում է, որ ֆիլմի ցուցադրումից հետո մարդիկ մոտենում էին իրեն ու շնորհակալություն ասում. «Ասում էին` մենք ծանոթացանք մի ողբերգության հետ, որի մասին գրեթե ոչինչ չգիտեինք»: Նա պատմեց, թե ինչպես է իր ընտանիքն առաջին անգամ լսել հայերի ողբերգության մասին: Երիտասարդ կինոռեժիսորների տանը Մելանյա անունով տարեց ու լռակյաց հայ սպասուհի է աշխատել. «Նա Ցեղասպանությունը վերապրածներից էր ու չէր սիրում պատմել իր կյանքի մասին: Բայց, երբ կարողացանք համոզել նրան` խախտել լռությունը, նա սարսափելի բաներ սկսեց պատմել: Սկզբում մեզ թվում էր, թե նա ամեն ինչ ուռճացնում ու չափազանցում է, իրականությունն առասպել է դարձնում: Եվ միայն տարիներ հետո, երբ սկսեցինք Հայոց եղեռնի մասին նյութեր հավաքել, հասկացանք, որ դա իրողություն է եղել: Եվ հիմա ես շատ կուզեի գրկել Մելանյային եւ առաջին հերթին հենց նրան ցուցադրել մեր ֆիլմն ու ներողություն խնդրել նրանից: Ֆիլմի ստեղծման ամբողջ ընթացքում մենք նրա անտեսանելի ներկայությունը զգում էինք մեր թիկունքում: Մենք շատ երջանիկ մեզ զգացինք, երբ Մելանյայի աղջկանից նամակ ստացանք, որտեղ նա պատմում էր, որ տեսել է ֆիլմն ու շնորհակալ է մեզանից»:

Պաոլո Տավիանին, ով ֆաշիստական ռեժիմի միջով է անցել եւ նացիստական հետապնդումների ականատեսն է եղել, շատ է կարեւորում հիշողության իմաստավորումը. «Մենք մեր ճշմարտությունն ունեինք, եւ հիմա հանդիպեցինք մեկ այլ ճշմարտության, որի մասին ուզում ենք պատմել բոլորին»:

«Արտույտների ագարակը» ֆիլմի պրոդյուսեր Գրացիա Վոլպին ասաց, որ ֆիլմի համար գումար գտնելը բարդ գործ է եղել, քանի որ ընդհանրապես բարդ է ոչ կոմերցիոն ֆիլմերի համար կինոշուկայում տեղ գտնելը: «Շատ մեծ համարձակություն է պետք ոչ կոմերցիոն ֆիլմ նկարահանելու համար: Փողը հիմնականում տրվում է հեշտ ֆիլմերին, իսկ դա գաղափարախոսության ճգնաժամի է հանգեցնում: Հիմա ողջ աշխարհում լուրջ պրոբլեմներ բարձրացնող, մտածելու առիթներ տվող ֆիլմերը դժվարությամբ են դահլիճներ հավաքում ու չեն կարողանում մրցել զվարճացնող, այսպես ասած` ժամանցային ֆիլմերի հետ: Նման ֆիլմերը մենք «պոպ-կորն» ֆիլմեր» ենք անվանում»: Գրացիա Վոլպիի ասելով, իրենից «վագրային համառություն» է պահանջվել` ֆիլմի ֆինանսավորումն ապահովելու համար: Եվրախորհրդի հանձնաժողովը Տավիանի եղբայրներին 600 հազար եվրոյի օժանդակություն է տրամադրել, ֆիլմի ստեղծմանը դեմ է քվեարկել միայն Թուրքիայի ներկայացուցիչը, սակայն այդ երկրի ձայնը որոշիչ չի եղել: Ստացվել է այնպես, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ստեղծման համար ֆինանսական ներդրում է արել նաեւ Թուրքիան, քանի որ Եվրախորհրդի մշակած համակարգն անխափան է գործել. եթե ընդունում ես եվրոպական սիստեմը, ապա այն շատ հաճախ քո փոխարեն է որոշումներ կայացնում, նույնիսկ, եթե այդ որոշումները քո երկրի վարած քաղաքականությունից չեն բխում:

«Իտալիայում Թուրքիայի դեսպանը փորձեց բողոքել ֆիլմի ստեղծման դեմ, ասաց` մենք ձեզ շատ ենք սիրում, ի՞նչ վատություն է արել Իտալիային Թուրքիան, որ դուք նման ֆիլմ եք նկարահանում: Իսկ մեր մշակույթի նախարարը պատասխանեց` ոչ մի վատ բան չի արել, պարզապես Իտալիայում արվեստն ազատ է»,- ասում է Պ.Տավիանին:

Նա նկատեց, որ երկրներ ու ազգեր բաժանող սահմաններն, իրականում, այնքան մեծ չեն. «Մենք բոլորս մի ամբողջական տարածքի բնակիչներ ենք: Ես, իտալացի լինելով, պատմեցի ձեր մասին ու չխեղաթյուրեցի իրականությունը, չդավաճանեցի ոչ մեկին, օգտագործեցի արվեստը` ճշմարտությունն ասելու համար»: Իսկ որպես անձնական ցանկություն եւ փոքր ուղերձ աշխարհին՝ նա ասաց. «Մենք բոլորս էլ սպասում ենք, որ նոր հերոսներ ի հայտ կգան ու այդ հերոսները հանուն ճշմարտության պայքարողներ կլինեն: Կան այնպիսի ժամանակահատվածներ, երբ շատ դժվար է արվեստով զբաղվելը, եւ կան այնպիսի ժամանակներ, երբ արվեստը հեշտությամբ է ստեղծվում: Ժամանակը տարօրինակ կատակներ էր խաղում մեզ հետ: Հիմա արվեստի համար բարդ ժամանակներ են, հիմա իշխում է գաղափարական եւ քաղաքական միջակությունը: Իսկ պատերազմական իրավիճակներում արվեստն ավելի հեշտությամբ է ստեղծվում: Ռեժիսոր Ռոբերտո Ռոսելինին ասել է. «Պատերազմից առաջ ես ոչ մի լուրջ բան չեմ ստեղծել, բայց անցնելով պատերազմի միջով, ես ուժ ու տաղանդ ստացա: Հիմա լուրջ հեղինակները դժվարությամբ են կայանում»: