112-րդը մենք ենք

22/06/2007

Հայաստանը 112-րդն է՝ ըստ «Ձախողված պետությունների ցուցիչի» («Failed State Index»), որը համատեղ կազմում են ԱՄՆ-ում լույս տեսնող «Foreign Policy» («Արտաքին քաղաքականություն») հանդեսը եւ Խաղաղության հիմնադրամը (The Fund for Peace): Իրանն այս դասակարգման մեջ 57-րդն է, Վրաստանը՝ 58-րդը, Ադրբեջանը՝ 62-րդը, Թուրքիան՝ 92-րդը: Այս հետազոտությունը երրորդ անգամ է հրապարակվում, առաջին երկու վերլուծությունները լույս են տեսել 2005 եւ 2006 թվականներին: 2007-ի հետազոտության մեջ ընդգրկված է 177 երկիր: 3ուրաքանչյուր պետության դեպքում վերլուծաբանները հաշվի են առնում ժողովրդագրական, քաղաքական, սոցիալական, տնտեսական միտումները՝ ներքին եւ արտաքին հակամարտությունները, մարդու իրավունքների պաշտպանությունը, փախստականների եւ ներքին տեղահանվածների առկայությունը, երկրում հաստատված կառավարման համակարգը եւ այլ գործոններ: ՀՀ-ին նվիրված բաժնի սոցիալական հատվածում որպես բացասական երեւույթներ նշվում են ցածր ծնելիությունը եւ բարձր մահացությունը: «Foreign Policy» հանդեսը երկրի առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրներից մեկը համարում է գործազրկության բարձր մակարդակը՝ 32-35%: Ըստ հանդեսի, դա 3 անգամ գերազանցում է գործազրկությանը վերաբերող պաշտոնական տվյալները: Քաղաքական խնդիրներից հանդեսի վերլուծաբաններն առանձնացրել են Ոստիկանության անպատժելիության, համատարած կոռուպցիայի, ինչպես նաեւ՝ իշխանության լծակների զգալի մասի՝ նախագահին վերապահված լինելու հանգամանքները: «Ինչպես եւ մեծ թվով այլ նախկին խորհրդային երկրներ, Հայաստանն ունի ավտորիտար կառավարություն: Հայաստանը շարունակում է հաղթահարել շուկայական տնտեսության անցնելու փուլում ի հայտ եկած դժվարությունները: Ադրբեջանի հետ Ղարաբաղի շուրջ ծագած խնդիրը մնում է չլուծված: Այն կարգավորելուց զատ, Հայաստանի կառավարությունը պետք է հանդուրժի ավելի ընդարձակ ժողովրդավարություն, պաշտպանի մարդու իրավունքները, աշխատի գործազրկությունը նվազեցնելու ուղղությամբ, ինչը թույլ կտա կասեցնել երկրից աշխատուժի արտահոսքը»,- ասված է «Foreign Policy» հանդեսի եւ Խաղաղության հիմնադրամի վերլուծաբանների հրապարակած հետազոտությունում: «Ձախողված պետությունների» 2007 թվականի ցանկը գլխավորում են Սուդանը, Իրաքը, Սոմալին, Զիմբաբվեն, Չադը, Փղոսկրի ափը, Հյուսիսային Կորեան: Ցանկի վերին հատվածում են նաեւ պատերազմների, տնտեսական քաոսի, համատարած կոռուպցիայի զոհ դարձած տասնյակ այլ պետություններ, որոնց մեծ մասը ղեկավարում են ոչ ժողովրդավարական, ավտորիտար ռեժիմներ: Ցանկը եզրափակող՝ աշխարհի կայուն երկրների եռյակը Եվրոպայի հյուսիս-արեւմտյան հատվածում է՝ Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա: Վերջին տասնյակում են նաեւ Իռլանդիան, Շվեյցարիան, Նոր Զելանդիան, Իսլանդիան, Դանիան, Ավստրալիան եւ Կանադան: