Ինչքան շուտ վերաբնակեցնենք, այնքան` լավ

22/06/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցը միշտ էլ կարեւոր է եղել, սակայն ժամանակին այդ հարցին առավել շատ լրջություն եւ ուշադրություն չի տրվել: Ղարաբաղում գործող «Ավետյաց երկիր» հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Գեւորգյանը գտնում է, որ ռազմական ճանապարհով հարցը լուծելուց հետո պետք է անցնեինք ազատագրված տարածքների յուրացմանը, ինչը պետք էր իրականացնել հենց այդ տարածքների վերաբնակեցմամբ: Նա ափսոսանքով է նշում, որ դա չի արվել, ինչն էլ պատճառ է դարձել, որ այդ տարածքները շահարկման առարկա դառնան, եւ հայտնվենք տարածքների վերադարձման փաստի առջեւ:

Նրա գնահատմամբ` մինչեւ հիմա միայն հասկացել ենք, որ այդ տարածքները պետք է վերաբնակեցնենք: «Իսկ եթե ողջ հայության ջանքերով լրջորեն եւ միասնականությամբ լծվեինք վերաբնակեցմանը, ապա վաղուց այդ տարածքների հարցը փակված կլիներ, քանի որ Ադրբեջանը չէր կարող նույն պահանջները ներկայացնել, ինչ հիմա է անում»,- ասում է կազմակերպության ղեկավարը: Ի դեպ, «Ավետյաց երկիր» կազմակերպությունն ազատագրված տարածքներում վերաբնակեցման ծրագրեր է իրականացնում 2001 թվականից. հիմնել են գյուղեր, կառուցել տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր եւ այլն: Կառուցել են շուրջ 85 տուն, 6 դպրոց, 4 մանկապարտեզ, 4 հիվանդանոց եւ բուժկետ, 4 գյուղապետարան, վերաբնակեցրել 55 ընտանիքներ, իսկ հուլիս ամսում նախատեսում են շուրջ 70 համակարգիչ տրամադրել ազատագրված տարածքներում վերաբնակեցված բնակավայրերի դպրոցներին եւ այլ հիմնարկներին:

Վահրամ Գեւորգյանը համոզված է, որ Արցախի վերաբնակեցմանը լուրջ են տրամադրված Սփյուռքում, «ուղղակի անհրաժեշտ է պետության կողմից մշակվի ծրագիր, դրան տրվի առաջնահերթություն, իսկ սփյուռքահայ բարերարները կաջակցեն ծրագրի իրականացմանը»: Իսկ համոզված լինելը կապված է նրա հետ, որ կազմակերպությունը վերաբնակեցմանն ուղղված իր ծրագրերն իրականացնում է հիմնականում սփյուռքահայ բարերարների հովանավորությամբ:

Կազմակերպությունը, տներ կառուցելուն զուգահեռ, սկսել է նաեւ մշակութային եւ տնտեսական ծրագրեր իրականացնել` հիմնականում Նոր Շահումյանի եւ Հադրութի շրջաններում: «Արդեն ավարտվել են Հանդաբերդի պեղումները, վերականգնվել` եկեղեցին: Սկսվել են Տիգրանակերտի պեղումները: Շուշիում շարունակվում են «Նարեկացի» մշակույթի կենտրոնի շինարարական աշխատանքները,- փաստում է Վ.Գեւորգյանը: -Իսկ տնտեսական ծրագրերը, որոնք պետք է քննարկվեն հուլիսի 1-ին, կապված են վերաբնակեցված գյուղերում մսամթերքների եւ կաթնամթերքների վերամշակման փոքր ձեռնարկությունների ստեղծման հետ, ինչը վերաբնակիչների համար կստեղծի նաեւ աշխատատեղեր: Նախատեսում ենք, Նոր Շահումյանի շրջանի Քնարավան գյուղում, որը նույնպես հիմնվել է մեր կազմակերպության կողմից եւ սփյուռքահայ բարերար Կարապետ Հարությունյանի ընտանիքի հովանավորությամբ, ստեղծել փոքրիկ ձեռնարկություն, որտեղ կփաթեթավորվի մեղրը եւ կարտահանվի արտասահման: Այս ուղղությամբ պայմանավորվածությունները շարունակվում են: Մեղրը հավանել են Ամերիկայում, այժմ քննարկվում են արտադրանքն արտասահմանյան շուկաներում վաճառելու հետ կապված հարցերը»:

ԼՂՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանը նույնպես կարեւոր է համարում ազատագրված տարածքների վերաբնակեցման հարցը: «Վերաբնակիչների համար արգելված գոտի գոյություն չունի,- ասում է նա,- Ինչքան շուտ վերաբնակեցնենք դրանք, այնքան` լավ մեզ համար: Այդ տարածքների ֆիքսումը եւ հարցի լուծումը կախված է վերաբնակեցումից: 2001-ին, երբ դեռ վարչապետի խորհրդականն էի վերաբնակեցման հարցերով, վերաբնակեցման 10-ամյա ծրագիր մշակեցինք, ըստ որի` շուրջ 110 մլն դոլարի շրջանակներում պետք է շուրջ 35.000 փախստականների վերաբնակեցնեինք: Ե՛վ այն ժամանակ, եւ՛ հիմա այդ գումարն ակնկալում էինք ողջ հայ ժողովրդից, սակայն ԼՂՀ պետբյուջեի հաշվին մենք ամեն տարի կարողանում ենք վերաբնակեցնել ընդամենը 130-150 ընտանիք: Ընդհանուր առմամբ, վերաբնակեցման համար տարեկան ներդրվում է մոտ 3 մլն դոլար»:

Նրա կարծիքով, վերաբնակեցման համար, բացի ֆինանսական միջոցներից, ոչ մի խոչընդոտ գոյություն չունի, այդ թվում` ղարաբաղյան հարցի չլուծված լինելը: