Թանկարժեք ռեսուրս. ջրի համար մրցակցությունը վնաս է հասցնում բերրի դաշտավայրին

22/06/2007 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Արարատյան դաշտավայրում վերջին տարիներին ձկնաբուծության նպատակով հորված արտեզյան ջրերի չարաշահման հետեւանքով, մի կողմից` անջրդի է մնացել վարելահողերի մի մասը, մյուս կողմից` այդ ջրերը, լցվելով դրենաժային համակարգ (արհեստական ջրանցք ավելորդ ջրերը դուրս հանելու համար), խանգարում են դրենաժների աշխատանքը, որի հետեւանքով կրկին բարձրանում է մակերեսային գրունտային ջրերի մակարդակը, ճահճանում եւ աղակալվում են վարելահողերի այլ հատվածներ: Արարատյան դաշտի արտեզյան ստորգետնյա ավազանի ինքնաշատրվանող ջրհորները, որ բազմաթիվ գյուղերի ջրի միակ աղբյուրն են, շատ տեղերում նվազել ու ցամաքել են, քանի որ ցածրադիր մասում ձկնաբուծության համար փորված հորերը խլում են վերին հատվածի ջրհոր-շատրվանների ճնշումը:

Գյուղացիներից շատերը զրկվել են իրենց դաշտերը ոռոգելու հնարավորությունից, փոխարենը հարստանում են մի քանի հոգի` իշխանի եւ այլ ձկնատեսակների արտադրությունից: 80-180 մետր խորության վրա գտնվող եւ մոտ 9000 քառակուսի կիլոմետր տարածքով արտեզյան ավազանը բաղկացած է ստորգետնյա 3 շերտից: Ամենավերեւում գրունտային ջրերն են, իսկ երկրորդ եւ երրորդ շերտերում` քաղցրահամ, խմելու ջրերը (նաեւ բարձրորակ ջրեր ձկնաբուծության համար)` պաշտպանված կավային անջրաթափանց շերտերով: Այս 2 խորը շերտերում արված հորատանցքերից խմելու, ոռոգման եւ տեխնիկական նպատակով ջուր է մատակարարվում Երեւանին, Արտաշատ, Արմավիր, Էջմիածին քաղաքներին ու հարակից համայնքներին: Սա բնական ջրի մի շտեմարան է` ծածկված կավե շերտով, ուր ջրերը լցվում են Արարատ, Արագած լեռներից եւ Գեղամա ու Հայկական պար լեռնաշղթաներից: 2006թ. հոկտեմբերի դրությամբ գործում են 2026 հորատանցքեր, որոնցից 940-ը` խորքային (ջուրը դուրս է հանվում ջրհանների օգնությամբ) եւ 1089-ը` ինքնաշատրվանող:

Ինքնաշատրվանող հորատանցքերից մոտ 180-ը վթարային է կամ փականներ չունի եւ դրանցից ջուրն անխնա դուրս է հորդում: Սակայն ոռոգման ջուրը հիմնականում խլում է ձկնարդյունաբերությունը: Ինքնաշատրվանող հորատանցքերից 224-ը բացվել է վերջին տարիներին ձկնարդյունաբերության նպատակով, որի հետեւանքով 35-40%-ով նվազել է ոռոգման ու խմելու ջրի քանակը: Միայն վերջին 3 տարում բացվել է 135 ինքնաշատրվանող հորատանցք: «Օրինակ, 16 հարկանի շենքի մեջ ջուրի ճնշումը կհասցնի մինչեւ վերջին հարկ: Բայց եթե առաջին հարկի բնակիչները բաց թողնեն ջուրը, ապա ճնշումը կընկնի, եւ ջուրն այլեւս վերին հարկեր չի հասնի,- ասում է ԵՄ փորձագետ ջրաբան, Ֆրանսիայից դոկտոր Վազգեն Անդրեասյանը: -Նույնն էլ Արարատյան դաշտում. ցածրադիր վայրերի հորատանցքերից ջուրը դուրս կուգա, ու ավելի բարձրադիր հատվածների մեջ ջուրի ճնշումը կընկնի, ու այն դուրս չի գար»: Եթե Երեւանի ջրամատակարարման համար Գայ-Հայկաշեն հանքավայրի տարածքում 39 հորատանցքերի ջրի ծախսը 1981թ. կազմում էր 190 մլրդ լիտր, ապա 2005-ին` 154 մլրդ լիտր, այսինքն` 36 մլրդ լիտրով պակաս: «Արտեզյան ավազանի թողունակությունը կազմում է 90-100 խմ/վրկ (տարեկան 2,8-3,1 տրիլիոն լիտր), մենք այսօր վերցնում ենք 20-22 խմ/վրկ,- ասում է Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Վլադիմիր Նարիմանյանը: -Արտեզյան ավազանն ինքնավերականգնվող է, եւ որեւէ վտանգ չկա ցամաքելու»: Փորձագետ Անդրեասյանն ասում է, որ թեեւ արտեզյան ավազանն ինքնավերականգնվող է, սակայն չարաշահման դեպքում ինքնաշատրվանող հատկությունը կվերանա: Նա կրկին օրինակ է բերում բարձրահարկ շենքը, ուր եթե ջրի քանակը կարող է նույնը մնալ, սակայն հոսող ջրի բացակայության դեպքում վերին հարկերը անբնակելի կդառնան: Նաեւ հիշեցնում է ինքնավերականգնվող Սեւանը, որ 1920թ. ուներ 70 մլրդ խմ ջրի պաշար, իսկ ոռոգման ու էներգետիկ նպատակով իջեցման հետեւանքով 60%-ով նվազեց ու այսօր 30 մլրդ խմ է: Ըստ նրա` եթե արտեզյան ավազանի պաշարները շարունակեն չարաշահվել, ապա վերականգնելու համար տասնյակ կամ գուցե հարյուրավոր տարիներ պետք կլինեն:

Հարթավայրի սահմանային գոտում մի քանի տասնյակ հորատանցքեր ցամաքել են արդեն: Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 86 ինքնաշատրվանող հորատանցքերի գումարային ծախսը 1989թ. եղել է 5 խմ/վրկ (տարեկան 160 մլրդ լիտր), իսկ 2006-ին 2 անգամ պակաս` 2,5 խմ/վրկ (80 մլրդ լիտր): Հովտաշատի շատրվանների մի մասն ընդհանրապես ցամաքել է, եւ «ինքնավերականգնվող» ջրային ռեսուրսը ցամաքած հորատանցքերում 3-5 տարի է, այլեւս չի բխում: «90-ականներից սկսեց հետզհետե ցամաքել, օր օրի, տարին տարու վրա զգացվում ա,- ասում է հովտաշատցի Հենզել Ղարագյոզյանը: -Տուժում ենք` էն խոսքը չի, խմելու` էլի հերիքում ա, իսկ ոռոգման` չէ: Երրորդ տարին ա` էլ երկրորդ բերք ստանալու մասին չեմ մտածում»:

Գյուղի այգիների շատրվանների մի մասն արդեն երրորդ տարին ցամաքել է, մի քանի տարի առաջ առատ բերք տվող դաշտերը անապատի են վերածվել: Ղարագյոզյանը ցույց է տալիս ցամաքած շատրվանի տեղը, որի շուրջը գոյացած լճակում մանկության տարիներին ինքը լողացել է, իսկ այժմ շուրջը ամայություն է: Իսկ մոտ կես կմ ներքեւ երեւում են Հովտաշատի ջրերը քամող ձկնաբուծարանները: Ձկնաբուծությունը հսկայական եկամուտներ է բերում` չնչին ներդրումների գնով. հորատանցքի թույլտվություն ստանալու համար մինչեւ 2000 դոլար կաշառք է պետք եւ եւս 7000 դոլար` հորատանցք փորելու ու կահավորելու համար: Բացի այդ, ձկնաբուծարանների ստվար մասը պատկանում է հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ու, հետեւաբար, անհնար է դրանց վրա հսկողություն սահմանել կամ կանխել ջրի անխնա օգտագործումը: Ձկնաբուծարաններ են կառուցված Արմավիրի մարզի Գայ, Ակնաշեն, Հայկաշեն, Ապագա, Լուսագյուղ, Արաքս, Ջրառատ պետտնկարան եւ Արարատի մարզի Հայանիստ, Հովտաշատ, Սայաթ-Նովա, Սիս եւ Ռանչպար համայնքներում: Ըստ Վիճակագրության ազգային ծառայության տվյալների` 1999-ից մինչեւ այժմ արտահանվել է 152 տոննա թարմ, իսկ 2000-ից` մոտ 11 տոննա կենդանի ձուկ: Թե ինչքան ձուկ է արտադրվում Արարատյան դաշտավայրում, Վիճակագրության ծառայության մի պաշտոնյայի հավաստմամբ` անհնար է պարզել: Արարատյան դաշտավայրում արտադրված ձկնատեսակները` հիմնականում իշխանի տեսակները, կենդանի կարելի է գնել Երեւանի խանութներում՝ 1 կգ-ն 1500-3000 դրամով: Արտեզյան ջրերն ունեն իշխանի արտադրության համար անհրաժեշտ սառնություն, մաքրություն, հոսող են եւ ֆիլտրացման կարիք չունեն:

Նախկին հորատանցքերը հորատվել են 100-110 մետր, իսկ ձկնաբուծարաններինը հորատվում են 150-180 մետր, որի հետեւանքով փոքր չափով թուլանում է ջրի ճնշումը եւ ընկնում որակը: Մասնագետներն ասում են, որ ջուրը պարզապես չարաշահվում է, քանի որ որոշակի ծախսերի դեպքում հնարավոր է նույն ջուրը շրջանառությամբ 5 անգամ օգտագործել, սակայն ձկնաբույծներն այն մի անգամ են օգտագործում, իսկ ջուրն էլ, որ կարող էր ոռոգման համար օգտագործվել, անտեղի լցվում է Արաքս, իսկ մի մասն էլ` դրենաժային ջրանցքներ, ու նոր պրոբլեմներ առաջացնում: Եթե ձկնաբուծության պատճառով դաշտերի մի մասը մնում է անջրդի, ապա մի մասն էլ այդ ջրերից գերխոնավանում ու ճահճանում է: Ձկնաբուծարանների օգտագործած ջուրը լցվում է դրենաժային համակարգ ու, բարձրացնելով նրա մակարդակը, ճահճացնում ու աղակալում վարելահողերն ու այգիները: Դրենաժները 1000 կմ ձգվող արհեստական ջրանցքների համակարգ է` կառուցված 1940-60թթ. Արարատյան դաշտավայրի ճահիճները չորացնելու` մալարիայի համաճարակը եւ վարելահողերի աղակալումը կանխելու նպատակով: Դրենաժներով դուրս են հանվում դաշտավայրի ավելորդ ջրերը: Դրենաժային համակարգի շնորհիվ մալարիայի համաճարակը վերացավ: Այն կրկին հայտնվեց 30 տարի անց` 90-ականներին, ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ դրենաժների ջրանցքները մնացին անխնամ, աղբից խցանումներ առաջացան, ջրի մակարդակը բարձրացավ, ու ճահիճները սկսեցին վերականգնվել: Մալարիան նահանջեց 1997-ից, երբ ԵՄ հատկացրած գումարներով Կառավարությունը սկսեց մաքրել դրենաժներն ու վերականգնել նրանց բնականոն աշխատանքը: Սակայն այժմ դրենաժների ջրի 40%-ը ձկնաբուծարաններից է լցվում, բարձրացնում նրանց մակարդակը, խաթարում ցանցի արդյունավետ աշխատանքն ու կրկին առաջացնում մալարիայի վտանգ: «Երբ դրենաժի մեջ ջրի մակարդակը բարձրանում է, նրա մեջ եղած ջուրը թույլ չի տալիս, որ վարելահողերի միջի աղակալած ջուրը դուրս հոսի դեպի դրենաժ, այսինքն` մի ջուրը մյուսին խանգարում է, ու հողերը գերխոնավանում ու աղակալում են»,- ասում է «Մելիորացիա» ՓԲԸ տնօրենի տեղակալ Գեորգի Չոբանյանը: Անդրեասյանը բնորոշում է իրավիճակի անհեթեթությունը` նորից ներկայացնելով 16 հարկանի շենքը, «որուն 4-րդ հարկեն վեր անբնակելի դարձած է, որովհետեւ այնտեղ ջուր չի հասներ, ու նաեւ 2-րդ հարկեն վար նույնպես անբնակելի դարձած է, որովհետեւ 3-րդ հարկի բնակիչները այնքան շատ ջուր բաց կթողնեն, որ ներքեւի հարկերուն մեջ անընդհատ կկաթկթի: Ծիծաղելի չէ՞ ամբողջ շենք մը չեզոքացնել` մեկ հարկի բնակիչներու ապրելակերպին պատճառով»: Նա ասում է, որ ջրային ռեսուրսների ռազմավարական կարեւորությունը դուրս է մնացել ՀՀ կառավարության ուշադրությունից: Դրա ապացույցն է համարում արտեզյան ավազանի անխնա շահագործումը, որն արդյունավետ օգտագործման դեպքում կգերազանցի Սեւանի վերականգնվող ռեսուրսները: Նա օրինակ է բերում. Սակավաջուր (բայց հարուստ) Իսրայելի տարեկան ջրային ռեսուրսը կազմում է 1,67 մլրդ խմ, որն ամբողջովին օգտագործվում է, իսկ ջրաշատ (բայց աղքատ) Հայաստանը նետում է նույնքան ջուր Արաքսը, եւ դրենաժային համակարգով եւ ձկնաբուծության հետեւանքով այդ մխսված ջրի քանակը տարեցտարի ավելանում է։ Անդրեասյանն ասում է, որ եթե շարունակեն նոր հորատանցքեր փորել, ապա արտեզյան ջրերի մակարդակը վտանգավոր կերպով, գուցե անդառնալիորեն, կիջնի, ինչպես եղել է 19-րդ դարում Փարիզի մերձակայքում, որտեղ ջրհորները ցամաքել են գերշահագործման արդյունքում:

«Ցավալի է, որ 21-րդ դարուն մարդիկ չեն կրնար անցյալի սխալներեն դասեր քաղել»,- ասում է Անդրեասյանը:

www.armenianow.com