Ազատությունը պետք է նվաճել

12/05/2005

Համաշխարհային հռչակ ունեցող քաղաքագետ, Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույաման նոր աշխատություն է հրատարակել, որը կոչվում է «Պետության շինարարությունը։ Կառավարումն ու աշխարհակարգը 21-րդ դարում»։ Պատասխանելով ֆրանսիական «Le Nouvel Observateur» պարբերականի հարցերին, քաղաքագետն արծարծել է մի շարք խնդիրներ, որոնք կհետաքրքրեն նաեւ հայ ընթերցողին։

Պատասխանելով «Ինչպե՞ս թույլ պետությունը դարձնել ուժեղ» հարցին, Ֆուկույաման ասում է. «Շատ բարդ խնդիր է։ Ամերիկացիները կարծում են, թե պատերազմից հետո իրենք օգնեցին Գերմանիային եւ Ճապոնիային ոտքի կանգնել։ Իրականում այդ երկու երկրներում ուժեղ էին պետական բյուրոկրատիայի ավանդույթները։ ԱՄՆ-ը չվերականգնեց Ճապոնիան ու Գերմանիան, այլ միայն շնորհեց ժողովրդավարական լեգիտիմություն։ Կա սրա հակառակ օրինակը՝ հնդկական պետությունը կառուցեց Մեծ Բրիտանիան, բայց դրա համար պահանջվեց ամբողջ երկու դար։ Պատմությունը ցույց է տալիս, որ կառավարման ապարատի զանգվածային զտումները բերում են անհաջողության, բայց օտար տերությունը չի կարող միաժամանակ զտել ապարատը եւ ապահովել ստատուս-քվոն։ Հեռացնելով ԲԱԱՍ կուսակցությանը, կազմալուծելով Իրաքի բանակը, ամերիկացիները մեծ սխալ գործեցին։ Հիմա նրանք փորձում են ուղղել իրենց սխալը՝ ստեղծելով անվտանգության ուժեր, բայց արդեն ուշ է։ Իմ կարծիքով, իհարկե, կարելի է փոխել ղեկավարությանն ու գաղափարախոսությունը, բայց անպայման պահպանելով գոյություն ունեցող ենթակառուցվածքները։ Ժողովրդավարացման գործընթացներին աջակցելու մեր բուռն ձգտումն ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ, քանի որ դրսից տրամադրված օգնությունը հնարավորություն չի տալիս տեղական կառույցներին` ստեղծել սեփական ծառայությունները։ «Թայմզի» մի լրագրող ինձ պատմում էր, որ Աֆղանստանում իր վարորդն ավելի շատ փող էր ստանում, քան այդ երկրի նախարարները։ Արտասահմանցիների ներկայությունն, այդ թվում նաեւ` ոչ կառավարական կազմակերպությունների, կեղծ պատկերացում է ստեղծում տնտեսության աշխատանքի մասին։ Պատճառը նրանց տեխնիկական հագեցվածությունն է՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, բարձրակարգ ավտոմեքենաներ։ Այս ամենը տեսնելով, աֆղանստանցին գերադասում է աշխատել արտասահմանցիների հետ, քան տեղական ադմինիստրացիայի»։

«Այն պետությունները, որոնք ունեն չափազանց մեծ ռեսուրսներ՝ նավթ, ոսկի եւ այլն, ընկնում են այդ ռեսուրսներից կախվածության մեջ, ինչը եւս խանգարում է կառավարման արդյունավետությանը։ Օտարերկրյա օգնությունը մի եկամուտ է, որը խանգարում է պետությանը` զարգացնել իր ներուժը։ Պետք է հույսը դնել սեփական ուժերի վրա»։

Խոսելով Եվրոպայի եւ Ամերիկայի գաղափարական հակասությունների մասին` Ֆուկույաման արձանագրում է. «Եվրոպացիները ջանում են ազատվել «սուվերենություն» հասկացությունից, ինչը, նրանց կարծիքով, երկու արյունալի աշխարհամարտի պատճառ եղավ։ Եվրոպացիները փորձում են առաջարկել մի մոդել, որը հիմնված է իրավունքի, նորմերի եւ բանակցությունների վրա։ Եվրոպան, կոպիտ ասած, ինքն իրենով ներկայացնում է պատմության վերջը, այսինքն՝ ավանդական քաղաքականության, իշխանության համար մղվող պայքարի հաղթահարումը։ ԱՄՆ-ը հավատարիմ է պետություն-ազգի եւ սահմանադրական ժողովրդավարության գաղափարին, որն օրինականության աղբյուր է համարում։ Ամերիկացիների կարծիքով` պետություն-ազգերն են լեգիտիմացնում միջազգային կառույցները եւ ոչ թե հակառակը»։

Թղթակցի այն հարցին, թե համընդհանո՞ւր են արեւմտյան արժեքները, Ֆրենսիս Ֆուկույաման պատասխանել է. «Երբ Բուշն ասում է, թե մեզանից յուրաքանչյուրի մեջ ապրում է ազատության ցանկությունը, դա ինձ վերացական է թվում։ Մարդկային էակները տարբեր նպատակներ են հետապնդում, եւ ազատության գաղափարը զարգանում է պատմության ընթացքին զուգահեռ։ Մարդիկ ավելի շուտ ուզում են ապրել հարուստ հասարակություններում, քան՝ աղքատ։ Դա է ապացուցում միլիոնների հոսքը դեպի Եվրոպա, ԱՄՆ, Ճապոնիա։ Ազատական ժողովրդավարության ցանկությունը բնատուր չէ, այն պետք է նվաճել»։