Թերեւս առաջին անգամ իմ լրագրողական կարիերայի ընթացքում հարցազրույցի գնալուց առաջ ծաղիկներ գնեցի: Չգիտեմ՝ ինչու: Գուցե այն պատճառով, որ Ալլա Թումանյանը մի քանի սերնդի համար հայ կնոջ մարմնավորումն էր, որ այսօր կանվանեին «սեքս-խորհրդանիշ»: Գուցե պատճառն այն էր, որ ցանկանում էի տեսնել հենց այն «Կարինեին», որին այդքան տենչում էր «Արամը», կամ «Սոնային», որ փորձում էր գտնել իր «երջանկության մեխանիկան»: Ամեն դեպքում ինքս էլ չհասկացա՝ ինչպես, բայց ծաղկեփունջը ձեռքիս արդեն բախում էի Ալլա Թումանյանի գլենդելյան բնակարանի դուռը: Ու, ինչպես լինում է ֆիլմերում, հերոսուհուն միանգամից չտեսա: Նրա ձայնն առաջարկեց մտնել, իսկ Ալլան հայտնվեց, երբ արդեն հյուրասրահի կենտրոնում էի: Այս սենյակը ես լքեցի միայն 3 ժամ անց: Բալզակյան տարիքն անցած, արդեն տատիկ դարձած` 2 որդիների մայր «տիկին Ալլան» մի տեսակ վաղաժամ էր, բայց «Ալլան» էլ՝ անընդունելի: Այդ պատճառով դիմում էի «դուք»-ով ու միայն այն ժամանակ, երբ որսում էի հայացքը: Մեր զրույցը սկսվեց հենց տարիքի մասին նրա դատողություններով:
«Չգիտես ինչու, մարդիկ ինձնից պահանջում են, որ ես մնամ նույնը, որ ինձ տեսնեն այնպիսին, ինչպիսին էի 20-30 տարի առաջ, ու չեն հասկանում, որ ժամանակն անցնում է, բոլորս էլ փոխվում ենք, մեծանում, տարիք առնում, որը բոլորի համար է: Մի անգամ հացի խանութ մտա, մեկն ասաց` վայ, ո՜նց եք փոխվել, ես էլ նայեցի իրեն, ասացի` դուք էլ…: Սկզբից դա նյարդայնացնում էր, հիմա այլեւս ուշադրություն չեմ դարձնում, որովհետեւ պարզ է, որ տանը չեմ կարող կողպված նստել»:
57-ամյա դերասանուհու խոսքով, ինքն իր տարիները չի զգում, բայց տարիքը զգացնել է տալիս: «Հոգին չի ծերանում, եթե առաջ կարող էի մի 3-4 գործ միաժամանակ անել, հիմա չեմ կարող: Հոգնում եմ: Երբ մեծանում ես, տատիկ ես դառնում, ժամանակը սկսում է ավելի արագ թռչել: Երեւանում ժամանակն ավելի դանդաղ էր գնում, ամեն ինչ հասցնում էի, չգիտեմ՝ ինչից էր… գուցե մենք էինք ջահել: Հետո էլ երեկոյան անպայման հասցնում էինք հավաքվել` խոսել, քննարկել, ծրագրեր կազմել կամ ուղղակի խորհել: Հիմա, երբ երեկոն գալիս է, ցանկանում եմ մի քիչ ինքս ինձ հետ մնալ` գրել, կարդալ»: Ա.Թումանյանն ԱՄՆ է տեղափոխվել 1991-ին: Եկել էր հյուր: Արդեն հայտնի պատմություն է` ճամպրուկը կորցնելու պատճառով 1 ամսի փոխարեն՝ մնաց երեքը, ամուսնացավ Մինաս անունով հայ մարդու հետ, ու հաստատվեց վերջնականորեն: Ամերիկյան արձակուրդը դարձավ ամերիկյան կենսագրություն: Այս 16 տարիների ընթացքում Ա.Թումանյանը երբեմն խաղացել է թատերական բեմադրություններում, նկարահանվել «Ալիսիա» ֆիլմում, զբաղվել ընտանիքով, ու ապրել, ինչպես ինքն է ասում` խաղաղությամբ ու իր նախասիրությունների հետ: «Ես սիրում եմ Լոս-Անջելեսը` եղանակը, բնությունը, գույները, ճանապարհները եւ, իհարկե, օվկիանոսը: Սիրում եմ լողալ: Կենդանակերպով ձուկ եմ: Օվկիանոսն ինձ համար մի ամբողջ աշխարհ է: Սիրում եմ արեւը: Ես ամռան մարդ եմ: Իսկ եթե 10 տարվա մեջ ուզենամ ձմեռ տեսնել, կգնամ Բիգբեռ (զբոսաշրջային կենտրոն Կալիֆոռնիայում.- Ա.Ա.), որ շատ նման է ձմեռային Ծաղկաձորին: Հիշում եմ Երեւանի քամին, որ բարձրացնում էր քաղաքի փոշին, ձմեռվա ցուրտը, որ կարծես մաշկիդ տակ էր թափանցում: Իսկ մինչեւ ձմեռն էլ աշնան խելագար մրցավազքը` փակել պահածոներ: Ինձ որքան մնացել է, այդքանն ուզում եմ ապրել բարվոք պայմանում, քաղաքակիրթ միջավայրում: 4 տարի առաջ երբ Երեւան էի գնացել, քրոջս հետ դուրս եկանք զբոսնելու, եւ նկատեցի, որ ուշադրություն եմ գրավում, բայց ոչ այն պատճառով, որ Ա.Թումանյանն եմ: Հարցրեցի քրոջս` ինչո՞ւ են ինձ նայում, ասաց` որովհետեւ երեւում է, որ ամերիկացի ես, առավոտվանից զուգված-զարդարված չես: Զարմացել էի, երբ մի կին առավոտյան 9-ին դուրս էր գալիս պարենային խանութից, կաթը ձեռքին, բայց այնպես էր հագնված, ոնց որ «Չիո-չիո սան» օպերայի բեմից հենց նոր իջած լիներ: Այստեղ շատ հասարակ ու հարմարավետ են հագնվում: Կոկիկ, պարզ, բնական, եւ դա ինձ դուր է գալիս»:
12 տարի ընդմիջումից հետո 4 տարի առաջ դերասանուհին առաջին անգամ էր Երեւանում: «Ինչպե՞ս գտաք Երեւանը» հարցին կտրուկ պատասխանեց. «Շատ օտար: Ճնշող էր: Ամեն քայլափոխի կիսադատարկ սրճարաններ էին: Ժողովուրդը շատ մտահոգ էր, ոչ ոք չէր ժպտում: Ասում են` կեղծ ամերիկյան ժպիտ, բայց ի՞նչ վատ է, երբ քեզ ժպտում են: Հետո` փողոցները քանդված էին ու խայտառակ երթեւեկություն էր: Բնակարանս ավերված վիճակում էր: Երբ նոր էի եկել ԱՄՆ, ամեն անգամ հիշելիս` հուզվում էի: Բայց երբ բացեցի իմ տան դուռը, ոչ մի զգացողություն չարթնացավ: Տեսա, որ տունն աղտոտված է, եւ դա պետք է մաքրվի: Մեր մուտքում հարեւաններիցս ընդամենը մեկ ընտանիք էր մնացել, որին ճանաչում էի: Մյուսներն անծանոթ էին: Ես իմ երեւանցիներին Երեւանում չգտա: Քաղաքը փոխվել էր: Մտա Ամիրյան փողոցի իմ պապենական տունը: Պապերս ուսուցիչներ էին, Թումանյանների տոհմից: Մի ծեր կին ճանաչեց, ասաց` վայ, Ալլա ջան, էս ձեր տներն են եղել: 1 տարի հետո այդ հինավուրց շենքը, որտեղ պապերս գիմնազիա ունեին եւ մանկապարտեզ, ուր անգամ Սիլվա Կապուտիկյանն է հաճախել, քար-քար քանդել էին: Էդ հին շենքը հիմա չկա: Ոչինչ չկա, որ իմն էր մանկուց»: Երեւան այցի ժամանակ Ալլան հանդիպում է նաեւ իր համակուրսեցիների հետ: «Հանդիպեցի իմ կուրսի աղջիկներին: Շատ սիրուն էին, կոկիկ հագնված, ուրախ: Նայելով նրանց, թվում էր` ամեն ինչ կարգին է: Բայց հետո պարզվեց, որ այդպես չէ: Դաժան մութ տարիներն իրենց հետքն էին թողել նրանց առողջության եւ հոգեկան աշխարհի վրա: Մեր անցյալը նույնն էր, ներկան` տարբեր, ապագան` անհայտ: Վերջում ասացին` Ամերիկան քեզ չի փոխել, նույն Ալլան ես մնացել: Պատասխանեցի` Ամերիկան չի փոխում, Ամերիկան բացահայտում է»:
Բայց երեւանյան արձակուրդների ամենածանր տպավորությունը մի երիտասարդ տղայի հետ ունեցած լուռ միջադեպն էր: Նրան Ալլան հանդիպել է իր շենքի հարեւանությամբ` աղբանոցը փորփրելիս: «Մոտ 30 տարեկան բարետես, գեղեցիկ տղա էր ու աղբանոցն էր փորփրում: Մոտեցա, ասացի` դատարկ տարաներ ունեմ, կարող եմ տալ իրեն, որ դրանք հանձնի եւ գումար ստանա: Համաձայնեց: Տանս ունեցած բոլոր տարաները դրեց մեկ սավանի մեջ: Վերցրեց, դրեց ուսին ու լուռ հեռացավ»:
Արդյո՞ք Հայաստանում մնալով կարող էր ավելին անել. այս հարցին դերասանուհին պատասխանեց հարցով. «Բայց ո՞վ է այնտեղ էդ 15 տարիների ընթացքում մի հետաքրքիր բան արել: Ի՞նչ պետք է անեի… Ինձ ասա` էս 15 տարվա մեջ ի՞նչ ֆիլմ է նկարահանվել, որ իմ նման հերոսուհի էր պետք: Կա՞ այդպիսի ֆիլմ` չկա: Հավատա՝ չկա… Ընդամենը հացի եւ կոչումների պայքար էր»: «Իսկ դուք կոչում ունե՞ք» հարցին էլ այսպես արձագանքեց. «Ոչ, չունեմ: Իմ կոչումը ժողովրդի սերն է, որ միշտ ունեցել եմ, զգացել եմ: ԱՄՆ-ում, օրինակ, կոչում չկա: Կան մրցանակներ, որոնք տրվում են այս կամ այն դերի համար, եւ դա ճիշտ է: 1983թ. «Երջանկության մեխանիկայում» Սոնայի դերակատարման համար դարձել եմ պետական մրցանակի դափնեկիր»: Ալլա Թումանյանի հետ զրուցելիս զարմանում ես ոչ այնքան նրա գնահատականների, որքան դրանք արտահայտելու անկեղծությունից ու համարձակությունից: Վերջերս ԱՄՆ-ում կայացել էր Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի» ֆիլմի պրեմիերան: Հարցս վերաբերում էր ռեժիսորին եւ ֆիլմին: «Ընդհանրապես իմ գործընկերների մասին ես խոսում եմ «կամ լավ, կամ ոչինչ» սկզբունքով, որովհետեւ, երբ կարծիք ես հայտնում, մտածում են` նախանձում ես կամ անձնական հաշիվ ունես: Բայց քանի որ կոնկրետ հարց ես տվել, ուզում եմ կոնկրետ խոսել` առանց սեթեւեթանքի: Ֆիլմը մեծ, մասշտաբային գործ է` առաջին հայացքից տպավորություն թողնող: Շատ գեղեցիկ նկարահանումներ կան: Դերասանուհին էլ կարծես կատարում է իր առջեւ դրված խնդիրները, բայց ֆիլմի կեսից հոգնում ես, սկսում ես ձանձրանալ: Վիգենն իր բոլոր ֆիլմերում ցուցադրում է մերկ աղջիկներ: Այստեղ էլ` մերկ, կիսախելագար քրմուհին էր: Ըստ իս, դա արվում է ապացուցելու համար, որ հայ կինեմատոգրաֆիան Վիգենի միջոցով հասել է այնպիսի վերելքների, որ ամեն ինչ ընդունելի է,- ասաց նա։ -Ֆիլմերը պետք է հուզեն կամ մտածելու, խորհելու առիթ տան: 2 իմաստով էլ Վիգենի ֆիլմերն ինձ անհաղորդ են թողնում: Ափսոս, Վիգենը շնորհալի է եւ գործունյա, նրան դերասաններ պետք չեն, մի քանի դերասան եւ ինքը: Ինքն իրեն նկարահանում է, ձայնագրում, մոնտաժում ու հիանում: Ինձ համար նարցիսիզմն անընդունելի է եւ՛ կյանքում, եւ՛ արվեստում: Այդ առումով շատ եմ հարգում եւ հավանում Վարդան Պետրոսյանին: Նախ, նա իմ վրա կարգին մարդու տպավորություն է թողնում: Երկրորդը` մտածող մարդ է, արվեստագետ, ով խոսում է հասկանալի լեզվով, համեստ կեցվածքով ու հրատապ թեմաներով»:
Հյուրախաղերով վերջերս ԱՄՆ-ում էր նաեւ Սունդուկյանի թատրոնը: Ուստի հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն է ստացել Ա.Թումանյանը նրանց ներկայացումից: «Երբ Սունդուկյանի թատրոնը եկավ հյուրախաղերի, դահլիճում նստած մտածեցի` Աստված իմ, ինչ լավ է, որ վարագույրի այս կողմն եմ, ոչ թե այն: Չէի ուզենա այդպիսի խղճուկ վիճակում գտնվել: Գուցե այստեղ ապրելով մտածողությունդ, չափանիշներդ փոխվում են, բայց ներկայացումն իսկապես տխուր տպավորություն թողեց: Չկար ամենակարեւորը` թատրոնի հոգին: Սունդուկյանի թատրոնը հայտնի է իր վարպետներով, վառ անհատականություններով, առաջատար դերասաններով, որոնց կողքին սովորում եւ փայլում էին երիտասարդները: Ցավոք, վարպետներ չտեսա: Իմ սերնդից մի քանի դերասան էր մնացել, բայց նույնիսկ նրանց ճիգերը չփրկեցին ներկայացումը: Ցավով եմ ասում, որովհետեւ ես ինձ միշտ համարել եմ սունդուկյանցի եւ չէի ուզենա ապրել այդպիսի հիասթափություն»:
Սա Ալլա Թումանյանից հարցազրույցը վերցնելու իմ երկրորդ փորձն է: Առաջին անգամ երբ զանգեցի` նա խնամում էր իր հիվանդ ամուսնուն եւ զբաղված էր: Մի քանի ամիս անց, 2006թ. հոկտեմբերին, դերասանուհու ամուսինը մահացավ: Թվում է` պատմությունն ու նրա կենսագրությունը կարելի է ավարտված համարել, բայց նա նորից անգլերենի դասեր է վերցնում Հոլիվուդում` իր ուժերը փորձելու համար: Մեկ անգամ գրեթե հաջողել էր: Հրավիրել էին ֆիլմի, բայց հիվանդ ամուսնուն խնամելու պատճառով ստիպված էր հրաժարվել: Այժմ փորձում է կրկին ու ցույց է տալիս իր վերջին լուսանկարները` պրոդյուսերներին ցույց տալու համար: Ի դեպ, Ա.Թումանյանի վարձակալած բնակարանում նրա եւ ոչ մի լուսանկար չկար պատերին: «Պահել եմ դարակներում, ինքս ինձնով ինչո՞ւ շրջապատեմ: Ունեմ հայելի, երբ ինձ կարոտում եմ` հայելու մեջ եմ նայում: Ես այս օրով եմ ապրում ու չեմ ափսոսում կամ կարոտում իմ երիտասարդությանը: Հայտնի խոսք կա, չէ՞, ով ապրում է հիշողություններով, չունի ապագա: Մյուս կողմից, եթե, օրինակ, Փարաջանովի հետ ունենայի լուսանկար, գուցե փակցնեի… Օրինակ, ունեմ Փարաջանովի ստորագրությամբ անձեռոցիկ, որտեղ գրված էր՝ «Թօ ծցՈՐՊ»: Ուզում էր Արա Գեղեցիկ նկարահանել, ինձ էլ «Նուարդի»` Նվարդի դերակատարում տալ: Ասում էր` գնա մինիստրի հետ խոսա, որ փող հատկացնեն: Իրեն թվում էր` սուրս աջ ու ձախ կտրում էր… թեեւ իսկապես ինձ շատ հարգում, սիրում էին, բայց չհասցրեց: Մահացավ: Հանդիպել էինք Հայաստանում: Ինքը Վրաստանից պատվիրակությամբ եկել էր Հայաստանում իր ֆիլմը ցուցադրելու: Ես նրանց հետ միասին շրջում էի մարզերով: Ու երբ ամեն անգամ իմ անունը տալիս էին, հետեւում էին բուռն ծափահարությունները, ասում էր` որքան են քեզ սիրում: Մեր հանդիպումից մնաց միայն իր այս ստորագրությունը: Ու անձեռոցիկի վրա նկարեց: Դա 1986-ին էր»:
«Ամերիկան ձեզ փոխե՞ց» հարցին էլ Ա.Թումանյանն այսպես պատասխանեց. «Չէ, ես միշտ այդպես եմ եղել, ու մարդիկ, որ ինձ չէին ճանաչում, միշտ սպասում էին ինչ-որ «աստղային մեծամտություն», ու շատ զարմանում էին: Հետո սովորում են, անկեղծանում են…»: Պարզվեց` Ա. Թումանյանը համակարգիչ չի սիրում ու չի օգտագործում: «Համակարգիչն ատում եմ: Չեմ սիրել ու չեմ էլ ուզում ունենալ: Համակարգիչներն ու քիմիան են այս աշխարհը վերացնելու: Չեմ ուզում ունենալ էլեկտրոնային նամակագրություն»: Չնայած սրան, նա ունի իր անձնական վեբ-կայքը: Ամերիկյան կյանքով ու պլաններով հանդերձ, Ալլա Թումանյանի ամենացանկալի ծրագիրը «Երջանկության մեխանիկան» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումն է: Մոտավոր սցենարն էլ նա արդեն ունի` հերոսուհին, ինչպես ինքը, վերադառնում է ԱՄՆ-ից, եւ պատմությունը, որ ընդհատվել էր` սկսվում է նորից: Մեր հանդիպումը գրեթե ավարտված էր, երբ խոստովանեց, որ սկսել է գրել հայերեն բանաստեղծություններ: Ռուսերենով գրում է վաղուց: Հայերենով առաջինը գրել է իր 50-ամյակին, երկրորդը` Ռուբեն Հախվերդյանի կեսդարյա հոբելյանին: Սիրո մասին գրված բանաստեղծությունը 4-րդն է:
Սիրո մասին
Սերը մի հեքիաթ է չիրականացած
եռագույն հաճույք է` չնախատեսված
Սերը տառապանք է եւ հիվանդություն
Հրաբուխ է, խանդ է, քաղցր ստրկություն:
Սերը կուրացնում է, խորտակում է մեզ
Միացնում, փորձում, դարձնում է հեզ:
Սերը դա կարոտն է, անքուն գիշերներ
Պարգեւ է, պատիժ է, դառը արցունքներ:
Սերը մի մարմին է, մի սիրտ, մի հոգի
Երբ չունես պահանջ ուրիշ ոչ մեկի:
Սերը դավաճան է: Մնում ես մենակ
Եվ նա քեզ թողնում է` կիսատ
ու դատարկ…
Սերը չխոսկան է, լալկվում է լեզուն
Եվ միայն ժպտում են աչքերդ փայլուն:
Սերը ափսոսանք է, հիասթափություն
Թուլություն է, ուժ է եւ հավերժություն:
Սերը դա մի լույս է կյանքի ստվերի մեջ
Փրկություն է, հույս է, սպասումներ անվերջ
Սերը հանելուկ է` շատ տաղանդավոր
Խաղ է, խենթություն է` ժամանակավոր…
Ալլա Թումանյանը շուտով նորից վերադառնալու է Հայաստան: Ցանկանում է հայրենիքում հրատարակել իր բանաստեղծությունների երկլեզու ժողովածուն: Մտածում է նաեւ հրաժարվել իր երեւանյան բնակարանից, թեեւ երկմտում է` դա ավելին է, քան բնակարան: Դա իր վերջին հենակետն էր, այն պորտալարը, որի նույնիսկ անշարժ գոյությունը կամուրջ էր իր եւ Երեւանի միջեւ:
Հ.Գ. Ալլա Թումանյանն, ի դեպ, ցանկանում է ինչ-որ կերպ կարգավորել մի անհեթեթ պատմություն: «Արմենիա» հեռուստաընկերությունը, պատրաստելով հաղորդում «Երջանկության մեխանիկա» ֆիլմի մասին, ցուցադրել է հատվածներ դերասանուհու անձնական վիդեոարխիվից, որն ամենեւին հրապարակային ցուցադրության համար չէր: Այժմ չգիտի՝ ինչպես, բայց ցանկանում է գոնե դադարեցնել դրա ցուցադրությունը: