Մեծ կյանքի փոք հատվածները

22/06/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ճապոնացի լուսանկարիչ Թակուջի Շիմուրան ապրում է Փարիզում: Նրա տունը գտնվում է աշխարհի գեղեցկության պաշարները ցուցադրող Լուվր թանգարանի մոտակայքում, սակայն ճապոնացի լուսանկարչի համար ներշնչանքի աղբյուրը ոչ թե պատմական գանձերն ու լույսերով ողողված փարիզյան կենտրոնն է, այլ` Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձանները, որոնք շատ յուրահատուկ ռիթմով ու օրենքով ապրող վայրեր են: Արվարձանները գեղեցիկ են, բայց այդ գեղեցկությունը վայրի, անսանձ ու երեւակայություն արթնացնող է: Այն բացվում է միայն այն մարդու առջեւ, ով տեսնել է ցանկանում:

Թակուջիի լուսանկարչական շարքը, որը ծնվել է Փարիզի ծայրամասերում, «Չգիտակցված դիզայն» է կոչվում եւ հիմա ցուցադրվում է ՆՓԱԿ-ում: Զուսպ տեսանկյունով դիտարկված իրական պատկերները ճապոնացի լուսանկարիչը չի բեմադրում, բոլոր նկարները իրողությունից ուղղակի «գողացված» են ու շրջանակի մեջ են առնված: Հեղինակը որոնում է սեփական նյութն ու հարգում այն իրականությունը, որն իրեն հուշում է այդ նյութը: Լուսանկարիչը քայլում է արվարձաններով ու նկարներ է գտնում: Դուռը, պատուհանը, դարպասը, պատի մի կտորը դռների ետեւում ապրող մարդկանց բնավորության, սովորույթների ու երազանքների մասին են պատմում: Բայց պատմում են միայն մարդկանց, որոնք լսել են ուզում:

«Իմ նկարներում մարդիկ չկան, միայն մարդկանց ներկայության հետքն է: Թե ովքե՞ր են ապրում դարպասների ու դռների ետեւում` թողնում եմ հանդիսատեսի երեւակայությանը: Օրինակ, այս մի դարպասին նայելով՝ կարելի է ենթադրել, որ այս տանը մի քանի սերնդի մարդիկ են ապրում, քանի որ դուռը նրանց ներկայության լուռ վկայությունն է թողնում»,- ասում է Թակուջին: Նրա աշխատանքները սոսկ իլյուստրատիվ ֆոտոներ կամ ռեպորտաժներ չեն, այլ` լուսանկարչական խցիկով ստեղծված կտավներ են, որոնք կառուցված են շատ նուրբ կիսատոների ու երանգների վրա: Մոխրագույն մի դուռ, որի վրա աննշան մի կարմիր գիծ է անցնում, պատի մի ֆրագմենտ, որի անկյունում ճանապարհի նշան է երեւում, պատուհան, որը պատին հանդիպելով, փակում է հեռանկարը: Այս բոլորը կյանքից «պոկված» հարթ մակերեսներ են, որոնք շատ զգույշ ու փիլիսոփայորեն են կառուցված: Նկարները տեսարաններ չեն, այլ` մեծ կյանքի փոքր հատվածներ են:

«Իհարկե, ես ճապոնացի եմ եւ, ուզեմ թե չուզեմ, ճապոնացու նման եմ նայում աշխարհին: Սովորելով ու ապրելով Եվրոպայում՝ ես եվրոպացիների կյանքին արեւելյան ազգի ներկայացուցչի հայացքով եմ նայում: Ես դա չեմ զգում, բայց իմ փարիզեցի ընկերներն ասում են, որ այդպես է: Իրականում ազգությունը կարեւոր չէ, ազգությունն իմ ինքնության արմատը չէ: Եվ չի կարող լինել, քանի որ ազգությունը զգացողություն է եւ չի կարող արվեստով զբաղվող մարդու իդենտիֆիկացիայի միջոց լինել: Սահմաններն ու ազգությունները պայմանականություն են»,- ասում է Թակուջին, ով հայ նկարիչներ Արա Հայթայանի եւ Աշոտ Կիրակոսյանի հետ Փարիզում է ծանոթացել, ընդունել է նրանց հրավերն ու երկրորդ անգամ է Երեւան եկել:

Ճապոնացիները մի զարմանալի հատկություն ունեն, նրանք երբեք ոչ մի տեղ չեն շտապում եւ դրա շնորհիվ էլ` ոչ մի տեղից երբեք չեն ուշանում: Ժամանակը նրանց համար այլ կերպ է հոսում, ճապոնացիները հարգում են ժամանակը, փարիզաբնակ Թակուջի Շիմուրան էլ կանգնեցնում է ժամանակն այն կետում, որը գեղեցիկ է համարում: Նա մոտ մեկ ամիս մնալու է Հայաստանում եւ ցանկանում է Հայաստանի գյուղերում շրջել ու լուսանկարչական շարք անել: Երեւանի փողոցներում զբոսնելիս նա նկատել է, որ գրեթե բոլոր պատահական անցորդները փորձում են իր հետ զրույցի բռնվել: «Ես շատերի համար զարմանալի եմ թվում: Բայց ժամանակները շատ արագ են փոխվում, տասը տարի առաջ շատ երկրներ նույնիսկ պատկերացնել չէին կարողանա, որ մեծ թվով էմիգրանտներ կունենան: Հիմա օտարերկրացիները զարմանք չենք առաջացնում ոչ Ճապոնիայում, ոչ էլ Եվրոպայում: Կարծում եմ, Հայաստանում էլ շուտով այդպես կլինի»,- ասաց նա: Իսկ փոքր-ինչ տխուր ու անտարբեր հասարակության հիմնական խնդիրը նա համարում է կոմունիկացիայի պակասը: «Մարդիկ իրենց քսանհինգ քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանների չորս պատերից հազվադեպ են դուրս գալիս: Իսկ դա արդեն իսկ դեպրեսիա է ծնում նրանց մոտ, մանավանդ, եթե նրանք Փարիզի կենտրոնում չեն ապրում: Ողջ աշխարհը կարող է մարդու աչքում տխուր թվալ, եթե նա գեղեցիկը տեսնել չի ուզում: Հաճախ չի տեսնում, քանի որ նյութականի մասին է մտածում: Փարիզում, օրինակ, ուսանողուհիների պայուսակներում գրքեր գրեթե չեն լինում, իսկ պայուսակների արժեքը մի քանի հարյուր եվրո է լինում: Սա ամենատխուր իրողությունն է»,- ասում է Թակուջին, ով չի շտապում Հայաստանի մասին իր կարծիքն արտահայտել, քանի որ, ինչպես յուրաքանչյուր ճապոնացի` շտապել չի սիրում: Նա սիրում է նայել, գնահատել, տեսանկյուն ընտրել ու լուռ ներկայացնել իր արածն աշխարհին, որը շատ արագ է պտտվում, խառնում ու միահյուսում է մշակույթներն ու քաղաքները:

Հայկական «ուրագն» ու միջազգային «սղոցը»

Այս ցուցահանդեսի համադրող Արա Հայթայանը ճապոնացի Թակուջի Շիմուրայի արվեստում նկատել է շատ հետաքրքիր մի մոտեցում, որը հաճախ բացակայում է այլ երկրներում ստեղծագործող հայերի մոտ: «Քիչ հայեր կան, որոնք կարողանում են օտար իրականությունը գործածել իրենց արվեստում` սեփական ասելիքն ասելու համար: Իսկ երբ արվեստագետը ազգայինի ու իրականության միջեւ հաշտեցում գտնել չի կարողանում, նա մեկուսանում է ու ներփակվում է հայկականության մեջ: Այդ դեպքում ազգայինը նմանվում է մի քարանձավի, որտեղից դուրս գալը շատ դժվար է»,- ասում է Ա.Հայթայանը, ով համոզված է, որ յուրաքանչյուր արվեստագետի մեջ գենետիկորեն փոխանցվող գեղագիտություն կա, որը զարգանալ է ուզում: «Արվեստը պատահականորեն չի ծնվում: Միջավայր, շարժում, շփումներ, կոնֆլիկտներ, իրարամերժ կարծիքներ պետք է լինեն, որպեսզի արվեստը կարողանա զարգանալ: Հարմոնիկ, հանդուրժող միջավայր ունենալու համար նոր տեսակետներ պիտի ի հայտ գան: Հիմա մենք շրջափակման մեջ ենք ապրում` պարփակված մեր ավանդույթներով»,- ասում է Ա.Հայթայանը: Իսկ նկարիչ Ա.Կիրակոսյանը համոզված է, որ շրջափակումը մեզանից է սկսվում. «Ամեն անգամ, երբ Հայաստանի սահմանին հայերը տեսնում են իմ ռուսական անձնագիրն ու ավտոմեքենայի վրացական համարանիշերը, զարմացած հարցնում են` ինչո՞ւ ես Հայաստան եկել: Կարծում եմ, պետք է ոչ թե զարմանանք, որ մեր երկիր են գալիս, այլ` լայն բացենք մեր դռներն ու ասենք` եկեք: Մեկուսացումը դարձել է այն վիրուսը, որը եկել-կպել է մեր ժողովրդին: Մենք մեր իրականության մեջ «եփվում» ենք ու չենք ուզում նորի հետ ծանոթանալ, դա շատ է մեզ խանգարում: Մենք շատ ենք սիրում ուրագը, նույնիսկ, չգիտեմ` այլ ժողովուրդներն այդ գործիքն օգտագործո՞ւմ են, թե՞ ոչ: Ուրագը խիստ հայկական գործիք ու խորհրդանիշ է, որը «միշտ դեպի մեզ» պետք է շարժվի, իսկ սղոցը կարելի է միջազգային գործիք համարել, քանի որ «դեպի մեզ»-ի հետ աշխատում է «դեպի քեզ»-ի սկզբունքով: Օտարերկրացիները, որոնք Հայաստանում են ապրում, որպես կանոն՝ ուրագը չեն սիրում, քանի որ դա շատ միակողմանի գործիք է»:

Պատկերավոր ուրագը հաճախ առկա է լինում եւ՛ հայկական արվեստում, եւ՛ հայկական մտածելակերպում: Նկարչի ձեռագիրը կամ աշխարհին նայելու կետերը կարող են ազգայինի կնիքը կրել, բայց հորիզոնները պետք է բաց լինեն, իսկ նյութը` բազմաբովանդակ: Ճապոնացի լուսանկարիչն ուզում է նոր նյութ գտնել մեր իրականությունում, իսկ օտարի աչքերով պատկերված օտար իրականությունը կարող է հուշել մեզ, որ արվեստը զրույցից է սկսվում եւ զրույցով է հարստանում: