Քաղաքագետ Իգոր Մուրադյանն իր հոդվածներից մեկում ԼՂՀ այլեւս նախկին ԱԱԾ ղեկավար Բակո Սահակյանին, ով երեկ ազատվել է աշխատանքից ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար, անվանել էր «պրոֆեսիոնալ թմրամոլ» եւ «ոչ պրոֆեսիոնալ ԿԳԲ-ական»: Այդ մասին գիտե՞ն արդյոք Ղարաբաղի ընտրողները, ովքեր նրան, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, համարում են ամենաբարին, ամենամարդասերը եւ իրենց հոգսերը լուծող թեկնածու: Այս հարցին ի պատասխան, երեկ Ադիբեկյանը, ով հիմա էլ սոցհարցումներ է անցկացնում ԼՂՀ-ում, պատասխանել է՝ «երիտասարդական տարիների սխալն ամբողջ կյանքում չի կարող հետապնդել մարդուն: 700 հարցաթերթիկ ունենք, որեւէ մեկի վրա գրված չէ նման բան: Եթե նման բան լիներ, ապա Բ.Սահակյանի չուզողների թիվը փոքր չէ, նրանցից գոնե մեկը կգրեր այդ մասին: Ղարաբաղն այնքան փոքր է, որ այնտեղ բան թաքցնել հնարավոր չէ: Մարդիկ դժգոհում են, որ նույնիսկ «ձախ» չեն կարող գնալ»:
«ԼՂՀ նախագահական ընտրություններում միանշանակ անցողիկ է համարվում Բակո Սահակյանը,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: -Նրա հետ կարող է մրցել Մասիս Մայիլյանը, մնացած թեկնածուների շանսերը բավականին ցածր են»:
ԼՂՀ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու հուլիսի 19-ին, եւ արդեն գրանցվել են 5 թեկնածուներ՝ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Բակո Սահակյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը, ԼՂՀ ՀԿԿ ղեկավար Հրանտ Մելքումյանը եւ Արցախի պետական համալսարանի դասախոս Վանյա Ավանեսյանը: Ըստ Ադիբեկյանի, առաջին երեքը համարվում են իշխանական թեկնածուներ: Հիշեցնենք, որ սա ԼՂՀ-ում 4-րդ համաժողովրդական նախագահական ընտրությունն է, առաջինը եղել է 1996թ.: Նախագահական ամենաառաջին ընտրությունը, սակայն, եղել է 1994թ., բայց դա համաժողովրդական չի եղել: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նախագահ է ընտրվել խորհրդարանի կողմից: 1996թ. արդեն համաժողովրդական ընտրությունների ժամանակ Քոչարյանը ստացել է ձայների մոտ 90 տոկոսը: Հաջորդ տարի՝ 1997թ., ԼՂՀ-ում նորից տեղի ունեցան նախագահական ընտրություններ, քանի որ Քոչարյանը եկավ Հայաստան: Այս ժամանակ էլ 90 տոկոսով հաղթեց Արկադի Ղուկասյանը: ԼՂՀ նախագահի վերջին ընտրությունները եղել են 2002թ., որի ժամանակ, ինչպես գիտեք, նորից հաղթել էր Արկադի Ղուկասյանը եւ նորից մոտ 90 տոկոս ձայների առավելությամբ: Իսկ այս ընտրություններին 90 տոկոսով կհաղթի՞ արդյոք իշխանական թեկնածու Բակո Սահակյանը:
Սոցիոլոգ Ա.Ադիբեկյանը հարցումներ է անցկացրել ԼՂՀ 700 ընտրողների շրջանում եւ պարզել է, որ թեկնածուներից ամենաբարին, ամենահոգատարն ու ժողովրդի մասին մտածողը ԱԱԾ ղեկավար Բակո Սահակյանն է, ում վարկանիշը մոտ 4 անգամ բարձր է Մասիս Մայիլյանի վարկանիշից: Մ.Մայիլյանին գնահատում են հիմնականում բարեկեցիկ ապրողները եւ կրթական բարձր ցենզ ունեցողները, քանի որ նա ավելի գրագետ է: Սա Ադիբեկյանի կարծիքն է: «Կիրթ լինելու առումով նա գերազանցում է Բակոյին, որովհետեւ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում է սովորել,- ասում է Ադիբեկյանը: -Դա բավականին մեծ գործոն է, որ նա կարողանա կիրառել: Բայց ո՞ւմ մոտ: Հասկացող, գրագետ ընտրողների՞ մոտ, որոնց տոկոսային հարաբերությունն այնքան մեծ չէ: Ղարաբաղի ընտրողներն ուզում են, որ իրենց նախագահը լինի բարի, հոգատար, մտածի մարդկանց մասին: Այն թեկնածուն է անցողիկ, ով ավելի մարդկային է, ավելի սրտամոտ է ընդունում ուրիշի ցավերը եւ պատրաստ է օգնել: Նախագահի համար կիրթ, գրագետ, խելացի հատկանիշները երկրորդ տեղում են»:
Ադիբեկյանի ասելով, հասարակ գյուղացիները, ֆերմերները ոչ թե «գլամուրային»՝ փայլուն թեկնածու են ուզում, այլ «պապա» են ուզում: Ըստ էության, ԼՂ-ն ընտրություն է կատարելու «գլամուրի» եւ «պապայի» միջեւ: «Պապան», ըստ Ադիբեկյանի, Բ.Սահակյանն է: Այն առումով, որ մարդկանց ֆինանսապես եւ նյութապես շատ օգնություն է ցուցաբերել: Իսկ Արցախի բնակչությունը հավատո՞ւմ է, որ Սահակյանն այդ օգնությունն իր սեփական գրպանից է արել: Ադիբեկյանը դա չգիտի, միայն ենթադրում է, որ օգնություն է ցուցաբերել՝ լինելով տարբեր պետական պաշտոնների տեր: «Բնակիչները մեզ պատասխանել են, որ օգնում է մարդկանց: Հիմա ինչո՞ւ է օգնում, ես չգիտեմ: Կարող է՝ դատավորին է զանգ տալիս, դատախազին, ինքը Ներքին գործերում է աշխատել»,- ասում է Ադիբեկյանը:
Եվ այսպիսով, պարոն Ադիբեկյանն ակամա բացահայտում է կոռուպցիայի դասական օրինակներ, երբ ԱԱԾ ղեկավարը հարց լուծելու համար կարող է զանգել դատախազին ու դատավորին:
Իսկ ընդհանուր առմամբ, ԼՂՀ-ում տեղի ունեցող ընտրական գործընթացները շատ նման են ՀՀ խորհրդարանական ընտրություններին: ԼՂՀ-ում էլ ընտրություններով հետաքրքրված է բնակչության 53 տոկոսը, ընտրարշավը պետք է ակտիվացնի 17 տոկոսին, իսկ մյուս 30 տոկոսը հեռու է մնում քաղաքականությունից եւ ընտրություններին հավանաբար չի էլ մասնակցելու: Ընտրողները նախագահի հետ կապում են հիմնականում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը՝ աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացում, բնակարանային շինարարություն, առողջապահության ու կրթության մատչելիություն եւ այլն: Այնպես, ինչպես ՀՀ-ում է: Պատերազմին մասնակից լինելու եւ ղարաբաղյան շարժման մեջ ներդրում ունենալու հանգամանքը, որ ժամանակին շատ կարեւոր էր համարվում, արդեն ետին պլան է մղվում: Հիմա կարեւոր է, որ նախագահը լինի նաեւ հմուտ ու փորձառու:
Ղարաբաղում Ադիբեկյանին հետաքրքրել է նաեւ մեկ այլ հարց: Ինչպե՞ս են վերաբերվում ընտրողներն իրենց ներկա նախագահ Արկադի Ղուկասյանին, եւ վերջինս ունեցած վարկանիշով կարո՞ղ է աջակցել իր ցանկացած թեկնածուին: Պարզվում է, Արցախի բնակչության մոտ 70 տոկոսը բարձր է գնահատում Ա.Ղուկասյանի 10 տարիների գործունեությունը:
Բայց սա դեռ սկիզբն է, եւ թեկնածուները դեռ պետք է հանդիպումներ ունենան, պայքարեն բնակչության մոտ 55 տոկոս ձայնի համար: Ըստ Ադիբեկյանի, ամեն ինչ կախված է նրանից, թե թեկնածուներն ինչքան տեղյակ կլինեն ընտրողի ցանկություններից ու ակնկալիքներից: Բնական է, որ այս տեսակետից դեռեւս չի կարելի վերջնական համարել սոցիոլոգի հարցումների արդյունքները: Հատկապես, երբ սոցիոլոգն իր ելույթում իրար հակասող տվյալներ է հայտնում: Սկզբում Ադիբեկյանը հայտարարեց, թե Բ.Սահակյանի չուզողներն ընդամենը 1,5 տոկոս են կազմում, սակայն մի քանի րոպե հետո հայտարարեց, թե դրանք քիչ չեն: Այնպես որ` ամեն ինչ դեռ առջեւում է: Իսկ սոցիոլոգիական հարցումները կազմում են ընտրվողների PR-ակցիայի մի մասը եւ երբեմն ազդում են ընտրողների տրամադրության վրա: Թերեւս ընտրվողները հենց դրա համար էլ ուսումնասիրություններ են պատվիրում: Բայց հիշեցնենք, որ սոցիոլոգներն ընդամենը կանխատեսում են, բայց «դաբրո» չեն տալիս: