«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի օրը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել Թալինն ու հարակից շրջաններն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում: «Ազատություն» ռ/կ-ին ԸԸՀ-ից փոխանցել են, թե առաջադրման փաստաթղթերը ներկայացրել են 11 թեկնածուներ, այդ թվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մենք հաստատ հաղթելու ենք: Մենք ունենք մեր խմբակցությունն ամրապնդելու խնդիր եւ առիթը բաց չենք թողնելու դա անելու համար: Այս առաջադրումը չի պարտադրում վայր դնել մանդատը, ուստի նույնիսկ պարտության դեպքում մենք ոչինչ չենք կորցնի»,- ասել է Ր. Հովհաննիսյանը: Ի դեպ, թիվ 15 ընտրատարածքում արդեն փորձված մեթոդներ են կիրառվել. առաջադրվել է Խաչիկ Մանուկյան անուն-ազգանունով միանգամից 3 թեկնածու: Մեկի հայրանունը Վաղինակի է, նա հենց այն Մանուկյան Խաչիկն է, որը մանդատը դրել էր, եւ որին այս անգամ եւս առաջադրել է ՀՀԿ-ն: Մյուս Մանուկյան Խաչիկը Մկրտիչի է. նա անկուսակցական է, եւ առաջադրվել է քաղաքացիական նախաձեռնությամբ: Երրորդ Մանուկյան Խաչիկը հայրանուն չունի (համենայն դեպս, անձնագրում այն նշված չէ). նա եւս առաջադրվել է քաղաքացիական նախաձեռնությամբ: Առաջադրվել է նաեւ Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը, որին ԲՀԿ-ն է աջակցում, երբեմնի օրինացերկրացի Մեխակ Մխիթարյանը, ԱԱԾ աշխատակից Էմին Կարապետյանը, ՀՅԴ անդամ Գուրգեն Շահինյանը: ԿԸՀ որոշմամբ, լրացուցիչ քվեարկությունն այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով նշանակված է օգոստոսի 26-ին:
Վերադառնանք Ր. Հովհաննիսյանի առաջադրմանը: «Ժառանգությունը հայտարարել է, որ մասնակցելու է բոլոր ընտրություններին: Եթե քաղաքական ուժ ես եւ հասարակությանը ներկայացնում ես բավականին համարձակ ծրագիր, ապա պետք է մասնակցես տարբեր մակարդակների ընտրություններին՝ իշխանության մեջ հնարավորինս պատկառելի չափաբաժին ունենալու եւ քո ծրագրերն իրագործելու համար»,- երեկ « Ա1+»-ին ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Վերջինս ասել է նաեւ, թե դա զուտ «Ժառանգության» որոշումն է, եւ ընդդիմադիր որեւէ ուժից դեռ արձագանք չեն ստացել: Նա նաեւ վստահեցրել է, թե համամասնական ընտրակարգով արդեն պատգամավոր դարձած Հովհաննիսյանի՝ նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու համար չկա օրենսդրական որեւէ խոչընդոտ: «Մենք Թալինում բավականին մեծ թվով ձայներ ենք հավաքել մայիսի 12-ին եւ բավականին բարձր ենք գնահատում մեր շանսերը: Դժվար է ասել, թե թիվ 15 ընտրատարածքում Ր. Հովհաննիսյանի առաջադրումն ինչպիսի զարգացումներ կունենա: Նախապես չենք ուզում թերագնահատել կամ գերագնահատել որեւէ մեկի շանսերը»,- ասել է նա: Ր. Հովհաննիսյանի հաղթանակի դեպքում ԱԺ պատգամավոր կդառնա նաեւ «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված Մովսես Արիստակեսյանը: Ի դեպ, երեկ «Ժառանգությունը» հաղորդագրություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ հունիսի 17-ին, «Ժառանգության» պատվիրակները թիվ 15 ԸԸՀ են ներկայացրել կուսակցության պաշտոնական հայտը՝ օգոստոսի 26-ին այդտեղ մեծամասնական կարգով տեղի ունենալիք ԱԺ ընտրություններում Ր. Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու մասին: «Մենք մտադիր ենք մեկ առ մեկ, քայլ առ քայլ ետ բերել առաջին տեղի այն ձայները, որոնք մեզանից խլվեցին մայիսի 12-ին»,- ասել է «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: