Գոդֆրիի ակնարկները տեղին չե՞ն

20/06/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«ՀՀ նորաստեղծ կառավարության ծրագրի մշակմանը ՀՅԴ-ն ակտիվ մասնակցություն է ունենալու, քանի որ այն ոչ թե առաջիկա 8-9 ամիսների համար է լինելու, ինչպես ակնարկվում է, այլ առավել հեռահար նպատակների է միտվելու»,- երեկ հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` նկատելով, թե նախագահական ընտրություններից հետո նոր կառավարությունը դժվար թե լուրջ քննարկումների անհրաժեշտություն զգա, քանի որ հիմնական շեշտադրումները կատարվելու են հենց այս ծրագրի մշակման ընթացքում: Ավելին` Վ.Հովհաննիսյանի կարծիքով` նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտում լուրջ վերադասավորումներ չեն լինի, քանի որ ուժերի դասավորման հիմնական ատյանը խորհրդարանն է, որն արդեն ձեւավորված է: «Մենք այլընտրանք ենք իշխանությանը մեր ծրագրով, մեր դրույթներով, մեր կադրերով եւ աշխատաոճով: Ընդդիմության աշխատանքի ոճը վերջին տարիներին բերեց նրան, որ դասական ընդդիմությունը խորհրդարան չանցավ, եւ Դաշնակցության գործելաոճն այլընտրանք է նաեւ ընդդիմությանը»,- ասել է Վ.Հովհաննիսյանը:

ԱԺ փոխնախագահի հավաստմամբ, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն շատ հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներ ունեն: Օրինակ՝ գյուղատնտեսության, կրթական համակարգի հետ կապված հարցերում։ Իսկ հիմնական բանավեճն այս ուժերի միջեւ, ըստ Վ.. Հովհաննիսյանի, լինելու է սոցիալական, տնտեսական աճի տեմպերի պահպանման խնդիրների շուրջ: Բայց սա էլ դեռ անհույս «հակասություն» չէ, քանի որ, Վ. Հովհաննիսյանի համոզմամբ, այստեղ էլ հույս կա, որ ընդհանուր մոտեցում կլինի:

ՀՅԴ Բյուրոյի անդամի կարծիքով, ՀՅԴ-ի համար ներկա փուլում կարեւոր է ինքնուրույնության պահպանումը, ու հենց դրա համար իրենք որոշեցին ունենալ նախագահի սեփական թեկնածուն: «Ով էլ լինի Հանրապետականի թեկնածուն, մենք ՀՀԿ-ի թշնամին չենք, մենք գործընկերներ ենք, երկար ճանապարհ ենք անցել միասին, ունենք ընդհանուր մոտեցումներ շատ հարցերի շուրջ»,- հայտարարել է Վահան Հովհաննիսյանը` նկատելով, որ եթե ապագա նախագահը ՀՀԿ-ից էլ չլինի, միեւնույն է` խորհրդարանում մեծամասնություն կազմողը հենց այդ ուժն է, «հակակշիռների մեխանիզմը կգործի, եւ ցնցումներ չեն լինի»:

Այնուհետեւ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրիի` Հայաստան-Իրան հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ օրերս արած հայտարարությանը: Ըստ Վ.Հովհաննիսյանի, Գոդֆրիի մտահոգություն-հայտարարությունը ոչ այնքան Հայաստանին է ուղղված, որքան` Իրանին: «Մինչ այդ մտահոգության արտահայտումը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության կողմից միշտ էլ ըմբռնումով մոտեցում է եղել Հայաստան-Իրան փոխադարձ կապերի առնչությամբ` ընկալումով, որ շրջափակման մեջ եղած երկիրը շատ էլ ընտրության հնարավորություն չունի»,- գտնում է Վ.Հովհաննիսյանը: Բացի այդ, ԱԺ փոխնախագահի խոսքերով, Իրանի դեմ ուղղված մեղադրանքները միջազգայնորեն ամբողջությամբ ապացուցված չեն, եւ գերտերությունները եւս դեռեւս ճշգրտում են իրենց վերաբերմունքն Իրանի նկատմամբ: Ըստ ԱԺ փոխնախագահի, Հայաստանը պետք է շարունակի պահել իր չեզոք դիրքորոշումը, քանի որ դա բխում է ազգային անվտանգության շահերից: ԱՄՆ-ի ներկայացուցիչները վերջերս նշել են նաեւ, որ էներգետիկայի ոլորտի հայ-իրանական համագործակցությունը նորմալ է դիտվում: Հարցին, թե կարելի՞ է Գոդֆրիի հայտարարությունն ընկալել որպես ակնարկ՝ վատացնելու հարաբերություններն Իրանի հետ, Վ.Հովհաննիսյանը պատասխանել է. «Ոչ, պարզապես նշանակում է՝ ավելի զգուշավոր լինել հատկապես տեխնոլոգիական ասպարեզում: Բայց Հայաստանը, այնուամենայնիվ, ինքնուրույն երկիր է, մաս է կազմում բոլոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման պայմանագրերի, եւ նման հիշեցման կարիք չկա: Հայաստանը երբեք դա չի արել եւ չի պատրաստվում որեւէ երկրի ներքին գործերին միջամտել զենքի տրամադրումով: Այդ ակնարկները տեղին չեն, եթե դա են նշանակել»: Երեկվա ասուլիսում Վ.Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ միջազգային ատյաններում հնչող հայտարարություններին, թե Կոսովոյի անկախացումը չի կարող նախադեպ լինել եւ լայնորեն կիրառվել չճանաչված հանրապետությունների վրա: «Աշխարհում տեղի ունեցող ցանկացած դեպք ինքնին նախադեպ է, եւ բնական է, որ անկախության ձգտող ժողովուրդները Կոսովոյի հարցում տեսնում են այդպիսի պատուհան, քանի որ ոչ մեկին չես բացատրի` ինչու ալբանացիներին Կոսովոյում կարելի է այն, ինչ արգելվում է հայերին Ղարաբաղում: Եվ քանի որ դա անբացատրելի է, Կոսովոյի դեպքը դառնալու է նախադեպ եւ լայնորեն կիրառվելու է»,- հակադարձում է ԱԺ փոխնախագահը: Վ.Հովհաննիսյանը չհամաձայնեց նաեւ այն տեսակետին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպմամբ ավարտվել է բանակցությունների ակտիվ փուլը: «Ակտիվ փուլը չի ավարտվել, բնական է, սակայն, ինչ-որ վերջակետ դրվել է: Ժամանակ առ ժամանակ ժայթքող լավատեսությունը, որը հայկական կողմը չի կիսում, ունի իր ֆենոմենը. այն ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ հիմք ունի` բանակցային կողմերից մեկի վստահությունը: Հայկական կողմը չի արտահայտում այդ լավատեսությունը, ուրեմն` դա անում է Ադրբեջանը: Փորձը ցույց է տալիս, որ Իլհամ Ալիեւը բանակցային սեղանի շուրջ շատ ավելի համաձայնող է, քան՝ երբ վերադառնում է Բաքու»,- ասում է ԱԺ փոխնախագահը` ավելացնելով, թե դա բացատրվում է նրանով, որ ադրբեջանցիները մտել են իրենց «խորթ եւ պարտավորված ժողովրդավարական խաղի մեջ»: «Ալիեւը պարտավորված է խոսել տարբեր բաներ, տարբեր տեղերում, իսկ դա թույլ չի տա բանակցություններն առաջ շարժել»,- համոզված է Վ.Հովհաննիսյանը: Եվ, ըստ նրա, եթե Ալիեւը պատրաստ է փոխզիջումների, ապա պետք է հասարակությանը եւս դրան պատրաստի, այնինչ, ադրբեջանական հասարակությունը հայերին ընկալում է որպես թշնամի: «Հիմնական բանակցություններ վարող հայ իշխանավորները երկու տեսակի ճաշ չեն պատրաստում արտաքին եւ ներքին խոհանոցների համար: Այն, ինչ ասվում է ներսում, ասվում է նաեւ դրսում: Այդ առումով հայ հասարակությունն ավելի պատրաստ է համաձայնագրի, քան ադրբեջանականը»,- գտնում է ԱԺ փոխնախագահը` նկատելով, թե հայկական կողմը պետք է խստացնի դիրքորոշումը եւ իր օրակարգում պետք է երկու հարց առավել հստակ ներկայացնի: Առաջին` Ադրբեջանը պետք է հստակ ասի, թե որն է համարում փոխզիջում իր կողմից, երկրորդ` Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցային գործընթացին: Քանի որ, ըստ ԱԺ փոխնախագահի` անհրաժեշտ է հասկանալ, թե Ադրբեջանն ի՞նչ է պատրաստ զիջել, եւ կարելի՞ է այն փոխզիջում անվանել, քանի որ Հայաստանն ամենամեծ զիջումն արդեն արել է: «Այն, որ Ադրբեջանն ամեն դեպքում կխուսափի ագրեսիայի համար պատժից, հայկական կողմի ամենամեծ զիջումն է»,- ասում է Վահան Հովհաննիսյանը: