Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Ֆրանսիա կատարած վերջին այցի գլխավոր արդյունքն ատոմային էլեկտրակայան կառուցելու հնարավորության մասին նախնական պայմանավորվածությունն էր: ԱԷԿ կառուցելու թեման, ընդհանուր առմամբ, սկսում է մասսայական դառնալ հետխորհրդային տարածքում: Եվ դա հասկանալի է: ԱՊՀ երկրները, եւ ոչ միայն նրանք, փաստացի գտնվելով Ռուսաստանի էներգետիկ դիկտատի տակ, ցանկանում են նվազեցնել Մոսկվայից իրենց էներգակախվածությունը: Այս լույսի ներքո ԱԷԿ-ների կառուցումն ավելի հեռանկարային է թվում: Առաջիններից մեկն այս մասին խոսեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն էժան էներգակիրների հարցով Ռուսաստանի հետ բանակցություններում հաջողության չկարողացավ հասնել: Երբ պարզ դարձավ, որ գազի գինը թանկացրած Մոսկվայի համար Մինսկի փաստարկները համոզիչ չեն, Լուկաշենկոն հայտարարեց բելառուսական ԱԷԿ կառուցելու անհրաժեշտության մասին, ինչն էներգետիկ անկախություն կբերի երկրին:
Շուտով այս մասին խոսեց նաեւ Ադրբեջանը, որն, ի տարբերություն Բելառուսի, էներգետիկ առումով ինքնաբավ է: Բաքվում հաշվարկել են, որ ներկայիս ռեսուրսները կհերիքեն մոտավորապես մինչեւ 2025թ.: «Եվ հենց այդ ժամանակ պետք է երկրում ԱԷԿ հայտնվի, որը թույլ կտա չգլորվել «էներգետիկ փոսը»,- հայտարարեց ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան: Ավելին, պարզվեց, որ Ադրբեջանը նույնիսկ ԱԷԿ կառուցելու պլան ունի` ծրագրված դեռ խորհրդային ժամանակներում, որը, սակայն, չի իրագործվել: Ադրբեջանցի էներգետիկների նախագծով` կայանը կարող է կառուցվել Բաքվից մոտ 100 կմ հեռավորության վրա` ոչ սեյսմիկ գոտում, եւ հզորությամբ պետք է լիովին բավարարի երկրի էներգետիկ պահանջները:
Այդ նույն ժամանակ երկրորդ ԱԷԿ ունենալու օգուտի մասին խոսեցին նաեւ Երեւանում, ինչը նկատելի աշխուժություն առաջացրեց ՄԱԳԱՏԷ-ում եւ բնապահպանական կազմակերպություններում. բավականին վերջերս ավերիչ երկրաշարժ տեսած փոքրիկ երկրում եւս մի ԱԷԿ, երբ արդեն խոսվում էր առաջինը փակելու մասինգ Վրաստանն էլ՝ մի կողմից: Պատահական չէ, որ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Փարիզում ԱԷԿ-ի հարցերով բանակցությունների մասին, երկրի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հանրությանը հայտարարեց, որ հարցը դեռ հեռու է լուծվելուց եւ շատ բան կախված է Հայաստանի դիրքորոշումից. «Վրաստանում ԱԷԿ կառուցելու մասին խոսելը դեռ վաղ է: Այս հարցն ավելի շատ կախված է Երեւանից, քան թե մեզնից: Դեռ վաղ է խոսել այն մասին, թե Հայաստանի հին ռեակտորը կփոխվի՞ արդյոք նորովի, թե՞ Վրաստանում կկառուցվի նոր կայան»:
Ընդ որում, երեւում է` Վրաստանի իշխանությունները շատ կջանան այս խնդիրը հօգուտ իրենց լուծելու: «Վրացական ԱԷԿ-ի կառուցման հետ կապված հարցը քննարկվել է Նիկոլա Սարկոզիի եւ Միխայիլ Սահակաշվիլու` վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Ֆրանսիական «Areva» ընկերության հետ համագործակցությունը (ի դեպ, նրա հետ բանակցություններ էր վարում նաեւ Հայաստանը.- Յու.Ս.) Վրաստանի համար շատ կարեւոր է: Խոսքը միջուկային զենք ստեղծելու կամ կիրառելու մասին չէ, այլ միայն խաղաղ նպատակներով համագործակցության»,- ասաց խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն: Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավայի խոսքերով` ակնկալվում է, որ «Areva»-ի ներկայացուցիչները մոտ ժամանակներս կայցելեն Վրաստան` ուսումնասիրելու տեղի պայմանները, ապա վրացի գործընկերների հետ կկազմեն համապատասխան տեխնիկական երաշխավորագրեր: «Այս ուղղությամբ կոնսուլտացիաներ են վարվում նաեւ Վրաստանի հարեւան երկրների հետ»,- լրագրողներին հայտարարեց դեսպանը:
Ի տարբերություն իշխանությունների` փորձագետները զգուշավոր են տրամադրված: «Վրաստանում ԱԷԿ կառուցելը վտանգավոր հեռանկար է»,- կարծում է էներգետիկ հարցերի փորձագետ Գիա Խուխաշվիլին: Նրա խոսքերով` այդ նախագծի իրագործումը կարող է հանգեցնել նրան, որ Վրաստանը «կնստի» միջուկային ռումբի վրա: «Վրաստանի կառավարությունը պետք է հաշվի առնի այն վտանգները, որոնք գոյություն ունեն ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաեւ՝ սեյսմոլոգիկ առումով: Հայկական ԱԷԿ-ն արդեն իսկ որոշակի վտանգ է ներկայացնում Վրատանի համար, եւ իշխանությունները պետք է գիտակցեն, որ նոր վտանգներ մեզ պետք չեն»,- լրագրողներին ասաց Խուխաշվիլին:
Սակայն երեւում է` փորձագետի տեսակետը գերիշխող չէ: Վրաստանի ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ բարձրագոչ խոսում են ԱԷԿ-ի անհրաժեշտության մասին, որը տնտեսության զարգացման հսկայական հեռանկարներ կբերի: Մասնավորապես, հայտնի պատգամավոր Դավիթ Բաքրաձեն հայտարարեց, որ ԱԷԿ-ը Վրաստանին հնարավորություն կտա դառնալու տարածաշրջանում էներգակիրներ արտահանող ամենախոշոր երկիրը, իսկ անվտանգության մասին խոսելն ավելորդ է, քանի որ կայանը կառուցվելու է այս ոլորտում աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի կողմից:
Այնուամենայնիվ, իրավիճակն այդքան էլ պարզ չէ: ԱԷԿ-ի կառուցումը կախված է ոչ միայն այն երկրի ցանկությունից, որի տարածքում այն գտնվելու է, այլ նաեւ հարեւան պետությունների կարծիքից, որոնք այս կամ այն պատճառով կարող են դեմ արտահայտվել այս ծրագրին: Չեռնոբիլը, նաեւ այլ ողբերգական պատահարներ, շատերին գերզգուշավորություն սովորեցրին: