Ղարաբաղը չպետք է հրաժարվի իր անկախությունից

12/05/2005 Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ, Ստեփանակերտ

Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ քննարկումներ են ընթանում ոչ միայն Հայաստանում եւ Ադրբեջանում, այլեւ տարբեր արտասահմանյան երկրներում: Վերջիններիս կողմից հետաքրքրությունն առավել նկատելի է վերջին ժամանակներս: Հարցը քննարկվում է տարբեր ատյաններում, նաեւ` խորհրդարանական մակարդակով:

Զարմանալիորեն Ղարաբաղը կարծես թե դուրս է մնացել այդ քննարկումներից, եւ տպավորություն է ստեղծվում, թե Ղարաբաղի հասարակությունն անտարբեր է սեփական երկրի ճակատագրի հանդեպ: Ստացվում է, որ քաղաքական փաստաթղթեր են ընդունվում, արվում են տարբեր հայտարարություններ, սակայն ոչ ոք չի հարցնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը:

Արցախում գործող Երիտասարդ քաղաքագետների ակումբը ներկայումս հարցումներ է անցկացնում ԼՂ Հանրապետության տարբեր շրջաններում եւ արդեն պարզել է, որ այսօրվա սերունդը տեղյակ չէ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին, իսկ ոմանք էլ նույնիսկ չգիտեն` լուծվա՞ծ է հարցը, թե՞ ոչ:

Գուցե նման փաստերից խուսափելու նպատակով են վերջին ժամանակներս աշխուժություն ցուցաբերում Արցախի քաղաքական ուժերն ու փորձագետները` ղարաբաղյան հարցի շուրջ իրենց կարծիքներն ու տեսակետները արտահայտելով, կամ էլ պարզապես «սառույցը շարժվել է»:

Վերջերս ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը Արցախի Պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսելով արտաքին քաղաքականության եւ այն փաստի մասին, որ Ղարաբաղն արհեստականորեն դուրս է մնացել բանակցային գործընթացից, նշել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները օգտակար ենք համարում, սակայն դրանք չեն կարող փոխարինել Մինսկի գործընթացը: Ենթադրվում էր, որ երկու երկրների հանդիպումները կընթանան ԵԱՀԿ շրջանակներում` Մինսկի գործընթացին զուգահեռ (որը նախատեսում է եռակողմ ձեւաչափ), սակայն Ադրբեջանը հրաժարվում է բանակցել Ղարաբաղի հետ»:

Ա. Ղուկասյանը միաժամանակ վստահեցրել է, որ Մինսկի գործընթացի վերսկսման դեպքում Ղարաբաղն անպայման կմասնակցի դրան: Նա նաեւ շեշտել է, որ Ղարաբաղը ձգտում է խաղաղության ու անկախության: Եվ առանց ժողովրդի եւ իշխանության կարծիքներն ու մոտեցումները հաշվի առնելու` հնարավոր չէ լուծել Ղարաբաղի հարցը: «Իհարկե, մենք շահագրգռված ենք խնդրի արագ լուծմամբ, որովհետեւ չճանաչված մնալով` կուտակում ենք բազմաթիվ պրոբլեմներ, բայց մյուս կողմից` չենք կարող ցանկացած գնով լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է առաջարկում հակառակորդը: Հարցը հնարավոր է լուծել միայն երկկողմ զիջումների դեպքում»,- փաստել է երկրի նախագահը:

Առանց ԼՂՀ մասնակցության բանակցությունները արդյունավետ չեն կարող լինել, իսկ դա մեծ պրոբլեմներ է ստեղծում Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Այս միտքը վերջին ժամանակներս շատ են արտահայտում Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական գործիչները: Վերջերս հրատարակված Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի հանձնախմբի զեկույցում ասվում է, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ խմբին հայտնել է, թե ԼՂՀ իշխանություններից Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններ վարելու մանդատ է ստացել: Հարցի առնչությամբ ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մանվել Սարգսյանը կարծիք է արտահայտել, որ Հայաստանը հակամարտության հետեւանքների, մասնավորապես` իր տարածքից դուրս տարածքային եւ հումանիտար հիմնախնդիրների համար որեւէ պատասխանատվություն չի կրում միջազգային հանրության առաջ: «Նման հարցերի լուծումը ԼՂՀ իրավասությունն է, եւ դրանց լուծումը տեսնում ենք ուղիղ բանակցություններում Ադրբեջանի հետ, որը շարունակում է դժգոհություններ ներկայացնել ԼՂՀ-ին»,- շեշտել է խորհրդականը: Նա նաեւ ընդգծել է, որ ԼՂՀ ղեկավարությունն ուշադիր է այն ամենի նկատմամբ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի ճակատագրի վրա, եւ ցանկություն չունի «հիմնախնդիրները լուծել Հայաստանին որեւէ բարոյական վնաս պատճառելու հաշվին»:

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներում արդեն սկսում են ու ըմբռնումով մոտենալ ԼՂՀ դիրքորոշմանը, ասել է Մանվել Սարգսյանը: Եվ 10-ամյա բանակցային գործընթացի անհաջողությունները կապում են Ադրբեջանի եւ Ղարաբաղի ղեկավարությունների միջեւ ուղղակի երկխոսության բացակայության հետ:

Հիմնախնդրի կարգավորման հարցերի քննարկման նպատակով մարտի 5-ին Ստեփանակերտում հրավիրվեց Կլոր սեղան` Արցախում գործող կուսակցությունների ներկայացուցիչների եւ քաղաքական հարցերով փորձագետների մասնակցությամբ: Հարկ է նկատել, որ վերջին տարիներին սա առաջին նման միջոցառումն է, որը փետրվարի 1-ին Երեւանում կայացած Կլոր սեղանի շարունակությունն է: Երեւանյան միջոցառմանը մասնակցել են Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաեւ` ԼՂՀ նախագահի խորհրդականներ Մանվել Սարգսյանը, Գեորգի Պետրոսյանը եւ ԱԺ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը:

Ստեփանակերտում անցկացված Կլոր սեղանի մասնակիցները հիմնականում քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում կարեւոր նշանակություն ունեցող ԼՂՀ պետականաշինության, Ղարաբաղ-Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, ժողովրդի անվտանգության հետ կապված հարցեր:

Նշվեց, որ ղարաբաղյան շարժումը սկսվեց այն պահից, երբ հայկական կողմն ամեն կերպ փորձում էր ապահովագրել հայ ժողովրդի` իր պատմական հողում ապրելու իրավունքը, ինչը հնարավոր չէր Ադրբեջանի կազմում: Որպես ապացույց` «Ազատ հայրենիք» կուսակցության համանախագահ Արթուր Թովմասյանը մատնանշեց Նախիջեւանի հայաթափումը:

«Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում բոլոր կուսակցությունները պետք է ունենան մեկ մոտեցում` Ղարաբաղը չպետք է հրաժարվի իր անկախությունից»,- այս կարծիքն էին պնդում մասնակիցներից շատերը: Խոսելով բանակցային գործընթացի եւ ղարաբաղյան հարցի շուրջ զարգացումների մասին, ՀՅԴ անդամ, պատմաբան Վահրամ Բալայանն իր զարմանքն արտահայտեց առ այն, որ առաջին անգամ է տեսնում, երբ հաղթած եւ հաջողությունների հասած երկիրը հանդես է գալիս խնդրողի դերում, ինչն անում է Ղարաբաղը` սկսած 1994 թվականից: Եվ արդյունքում Ադրբեջանն է որպես պահանջատեր հանդես գալիս, ինչն ազդեցություն է թողնում միջազգային հանրության դիրքորոշման վրա: Պատմաբանի կարծիքով, հենց սկզբից էլ Ղարաբաղը բռնել է զիջողական դիրքորոշում, ինչից օգտվելով` Ադրբեջանն անընդհատ ճնշումներ է գործադրում:

Վահրամ Բալայանի կարծիքով, ղարաբաղյան հարցի կարգավորման` ազգի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքներն էլ կարելի է դնել բանակցությունների սեղանի վրա: Թեեւ հայկական կողմն առաջարկում է հարցը լուծել ազգի ինքնորոշման սկզբունքով, բայց մենք ունենք բավականին փաստարկներ, որոնց շնորհիվ կարող ենք հարցը լուծել նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքով:

Կլոր սեղանի մասնակիցները եկան այն համոզման, որ նման համատեղ քննարկումները պետք է ունենան իրենց շարունակությունը: Ինչպես տեղեկացրեց Կլոր սեղանի կազմակերպիչ, «Շարժում 88» կուսակցության փոխնախագահ Գեղամ Բաղդասարյանը, մոտակա ժամանակներս Արցախում կանցկացվի եւս մեկ Կլոր սեղան, այս անգամ` ՀՀ եւ ԼՂՀ քաղաքական ուժերի եւ փորձագետների մասնակցությամբ: