Այս տարի ընդունված «ՀՀ եւ Հայաստանյայց Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, որը կարգավորում է ՀՀ-ի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները, այն հազվագյուտ օրենքներից է, որ հասարակության տարբեր խավերի շրջանում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ:
Մասնավորապես, Հայաստանում գրանցված այլ կրոնական ուղղություններն այն որակեցին Առաքելական եկեղեցու դերի արհեստական բարձրացում եւ խտրական վերաբերմունքի արտահայտություն: Իհարկե, դրանք ընդամենը տեսակետներ էին: Հայ ժողովրդի պատմության մեջ Առաքելական եկեղեցին միշտ էլ օժտված է եղել իր գերակա դերակատարությամբ եւ ազգապահպան առաքելությամբ, պարզապես աթեիզմի 70 տարիներն իրենց սեւ գործն արել էին եւ զսպաշապիկ «հագցրել» մարդկանց հոգեւոր ձգտումներին: Մենք երկու ամիս առաջ հարցում էինք արել Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոն, սակայն Սբ. Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոսն ասել է, որ առայժմ պատրաստ չէ այդ հարցերին պատասխանելու: Նշենք, որ հարցերը վերաբերում էին հիշյալ օրենքի 9-րդ հոդվածին, որտեղ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու` կանոնական ծեսով իրագործած ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները: Իհարկե, օրենքի այս հատվածը հակասություններ է առաջացնում հարակից, օրինակ, 2005թ. ընդունված «Ընտանեկան օրենսգրքի» հետ, որտեղ ամրագրված է, որ օրինական է համարվում միայն Քաղաքացիական կացության ակտերում (ԶԱԳՍ) գրանցված ամուսնությունը: Այսինքն` մինչեւ նոր օրենքի ընդունումը եկեղեցական պսակը որեւէ իրավական հիմք չի ունեցել: Մենք հարցրել էինք հոգեւոր դասի ներկայացուցչին, որ եթե եկեղեցում կատարված պսակն իրավական ուժ է ստանում, արդյոք ավելորդ չէ՞ այն ԶԱԳՍ-ում գրանցելը: Նշենք, որ Եկեղեցին երբեք անօրինական չի համարել այն ամուսնությունները, որոնք գրանցված են եղել միայն քաղաքացիական ծառայություններում: Փոխարենը, եկեղեցում կատարված ամուսնության կարգի ժամանակ, որը հայտնի է պսակ-ամուսնություն անունով, որպես կանոն, զույգերը ստացել են Աստծո օրհնությունը: Պսակը գրանցվել է եկեղեցու մատյաններում եւ ամուսիններին տրվել է համապատասխան վկայական: Եկեղեցում տրված պսակի վկայականը Հայաստանի Հանրապետությունում իրավական ուժ չի ունեցել, քանի որ ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, եկեղեցին պետությունից անջատ է, դրա համար պետական իրավական համակարգը գործել է առանց հաշվի առնելու եկեղեցու ներքին կանոնները: Որքան էլ պարծենանք, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը հռչակած պետությունն ենք, պետք է ընդունել, որ եկեղեցական պսակը շատերի համար մնում է զուտ հարսանեկան արարողակարգի ձեւական հատված: Ամուսնացող զույգերը երբեմն տեղյակ չեն, թե եկեղեցում խորհրդակատար քահանայի ձեռադրմամբ արարողության ժամանակ ինչ պատասխան պիտի տան: Եզակի չեն այն դեպքերը, երբ պսակի արարողության ժամանակ նորահարսը պատասխանել է` տեր եմ, իսկ փեսան` հնազանդ եմ: Նշենք, որ այլեւս իրավական ուժ ունեցող եկեղեցական ամուսնություններն իրենց նախադեպերն ունեն նաեւ այլ քրիստոնեական երկրներում: Օրինակ՝ Դանիայում, Հունաստանում, Վրաստանում, որտեղ գոյություն ունի պետական եկեղեցի հասկացություն, եկեղեցական պսակի վկայականի հիման վրա պետական մարմինները գրանցում են քաղաքացիական ամուսնություն: Մենք հարցրել էինք նաեւ, թե քանի՞ անգամ կարելի է պսակադրվել եկեղեցում, որովհետեւ գաղտնիք չէ, որ միեւնույն անձը մի քանի անգամ հարսանեկան զգեստով մուտք է գործել եկեղեցի եւ օրհնել իր ամուսնական դաշինքը միեւնույն քահանայի կողմից: Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնին ուղղած մեր հարցերից մեկն էլ վերաբերում էր ամուսնալուծություններին: Օրինակ, եթե ամուսնական զույգերից մեկը կրկնակի է ամուսնանում` առանց ամուսնալուծվելու, եւ իր հերթական ամուսնությունը կազմակերպում է եկեղեցում, ապա դա օրենքի խախտում չէ՞: Եվ նման դեպքերից խուսափելու համար հոգեւորականն ինչպիսի տվյալների բազայից է օգտվելու: Հայտնի է, որ Հայ Առաքելական եկեղեցին ամուսնալուծություն չի ընդունում, քանի որ պսակի ծիսակարգի մեջ նման դրույթ կա` «մինչեւ կյանքիդ վերջ»: Եկեղեցին պսակի խորհուրդը համարում է աստվածային ծագում ունեցող երեւույթ: Սակայն եկեղեցական կանոնակարգը թույլ է տալիս պսակը լուծել մի քանի բացառիկ դեպքերում: Ի տարբերություն ամուսնության, որը կատարում է խորհրդակատար քահանան, ամուսնալուծության արարողակարգի իրավունքը վերապահված է բացառապես վերադաս հոգեւոր դասին: Մեր տեղեկություններով, ներկայումս հանդիսությամբ ամուսնացողների 90 տոկոսը պսակադրվում է նաեւ եկեղեցիներում, սակայն ամուսնալուծվողների գոնե 1 տոկոսը չի դիմում հոգեւոր դասի միջամտությանը: Այնպես որ` նոր օրենքով ստեղծված իրավահարաբերությունները դեռեւս բազմաթիվ հարցերի պատասխաններ չեն պարունակում: Դրանք կանոնակարգելու համար անհրաժեշտ են բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր եւ կառավարական որոշումներ: