Քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի երեկվա հյուրը` քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտի գործառույթները համակարգող քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանը ներկայացրեց մայրաքաղաքի քաղաքաշինական ոլորտում իրականացվող աշխատանքները:
Անդրադառնալով Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից մայրաքաղաքում իրականացվող աշխատանքներին` նա մասնավորապես նշեց, որ վերոնշյալ վարչությունը փաստաթղթաշրջանառության առումով ամենամեծն է` մոտ 6.131 դիմում, եւ գրություն է արձանագրվել այս տարվա կտրվածքով: «Դրանք են` ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը, ճարտարապետաշինարարական փաստաթղթերի համաձայնեցումը, 60-րդ հոդվածի տեղեկանքները, հողի գործառնական նշանակության փոփոխությունը եւ այլն»,- թվարկեց Կ. Դավթյանն` ասելով նաեւ, որ 2006-2007թթ. չափագրվել են Երեւան քաղաքի մոտ 4500 բազմաբնակարան շենքերը` իրենց ինքնակամ կառույցներով: Հետեւաբար` դրանց գլխավոր հատակագծերը կթողարկվեն օրինականացման կամ պետականացման մարմիններում:
«ԾԻԳ»-ի («Ծրագրերի իրականացման գրասենյակ») կողմից Երեւան քաղաքում իրականացվում է պետության կարիքների համար գործող տարածքներում իրականացվող աշխատանքների կոորդինացումը` Կառավարության 108, 347 համապատասխան որոշումներով: Այս տարի ավարտվելու են Հյուսիսային պողոտայի եւ հարակից բնակելի, հասարակական նշանակության կառույցների շինարարական աշխատանքները: Կ. Դավթյանը խոստացավ այս տարվա վերջին ամբողջությամբ պողոտան շահագործման հանձնել:
270 ընտանիք բնակարան կստանա
Դավիթաշեն համայնքում շարունակվում է 4-րդ աստիճանի վթարային շենքերի փոխհատուցման ծրագրով իրականացվող 4 բազմաբնակարան շենքերի կառուցումը, որի շինարարական աշխատանքներն այս տարի կավարտվեն, եւ շահագործման կհանձնվի 60 բնակարան: 3 շենք կառուցվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում` Բաբաջանյան փողոցի հարակից տարածքում` 210 բնակարանով, ինչպես նաեւ՝ Աջափնյակ համայնքում: Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանն այս տարի փոխհատուցման կարգով 270 ընտանիքների հարմարավետ բնակարաններ կհանձնի: «Քաղաքապետարանի կողմից նաեւ իրականացվում է Հերացի փողոցից մինչեւ Խորենացի փողոցի մայրուղու շինարարությունը: Հերացի-Կորյուն-Նալբանդյան եւ Չարենց փողոցների հատման տրանսպորտային հանգույցի առաջին փուլը շուտով կիրականացվի, բավականին խոշոր տրանսպորտային հանգույց է կառուցվում: Այն կթեթեւացնի քաղաքի ծանրաբեռնվածությունն այդ հատվածում»,- վստահեցրեց Կ. Դավթյանը` հավելելով, որ նաեւ կառուցվում է Նալբանդյան-Իսահակյան- Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում ստորգետնյա անցում: Ստորգետնյա տրանսպորտային անցում է կառուցվում նաեւ Խանջյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում, որը բավականին խոշոր ինժեներական կառույց է: Արեւմտյան կոչվող ճանապարհում` ՊՆ վարչական նոր շենքին զուգահեռ՝ երկու փողոցները միացնող ճանապարհ է կառուցվելու: «Բոլոր աշխատանքները սկսված են կամ 1-2 օրվա ընթացքում կսկսվեն: Այս տարի աննախադեպ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում տրանսպորտային ոլորտում»,- ասաց Կ. Դավթյանը:
«Ֆիրդուսնոց»
Ի դեպ, երեկ քաղաքապետի տեղակալը նաեւ անդրադարձավ 30 թաղամասի (Ֆիրդուս) բնակիչների խնդրին: Նրանցից ոմանք դատարանում բողոքարկում են կառավարության համապատասխան որոշումը, իսկ որոշ բնակիչներ էլ պայմանագրեր են կնքում: «Բոլորին ընդունել են, մեր առաջարկությամբ կառուցապատողը նախնական պայմանագրեր է կնքում բնակիչների հետ: Ժամանակավոր կացարանի խնդիր չի առաջանում, բնակիչները տեղում ապրում են, մինչեւ իրենց կնքած նախնական պայմանագրերի համաձայն բնակմակերես չլինի: Առաջարկվում է Գինու կոմբինատի հարակից տարածքում։ Ես գիտեմ, որ բնակիչների մի ստվար հատվածն ակտիվ պայմանագրեր է կնքում, իսկ մյուսներն ունեն այլ մոտեցումներ»,- վստահեցնում էր Կ. Դավթյանը: