Մինչեւ 1998-ը եւ դրանից հետո

17/06/2007

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության երեկվա հանրահավաքում ելույթ ունեցավ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը: Նա ասաց, որ 2 օր առաջ մեկուսարանում հանդիպել է ամուսնուն, եւ ներկաներին փոխանցեց ԱԳ նախկին նախարարի ողջույնները: «Ես նրան սիրում եմ իր ազատության, իր ուժի համար: Ու թեեւ նա հիմա նստած է, բայց իր ուժը տեղում է»,- ասաց տկն Բրաունը՝ հավելելով, թե առաջիկայում Ա.Արզումանյանի գործի մասին կգրի նաեւ «Washington Post»-ը: Իսկ հանրահավաքի մեծ մասը նվիրված էր Արցախի խնդրին: Հավաքված մոտ 1000 ցուցարարներին մանրամասն ներկայացվեց ԼՂ խնդրում մինչ 1998թ. հեղաշրջումը եւ դրանից հետո արձանագրված զարգացումները. հիշեցվեց, որ 1999-ի նոյեմբերին Ռ.Քոչարյանը ստորագրեց Ստամբուլի խարտիան՝ դրանով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ 1998-ից հետո ԼՂ-ն ու շրջակա տարածքները միջազգային տարբեր փաստաթղթերում որակվեցին որպես ՀՀ կողմից օկուպացված տարածքներ, ՀՀ-ն որակվեց «ագրեսոր», «օկուպանտ», «Ադրբեջանի տարածքում էթնիկ զտումներ իրականացրած» եւ այլն: Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ Ադրբեջանի նախագահներ Ալիեւներն անցած 10 տարիներին Ռ. Քոչարյանի ձեռքերով, պահպանելով ստատուս-քվոն, լուծեցին ՀՀ խնդիրը՝ մեկուսացնելով ՀՀ-ն: Ընթերցվեց նաեւ ԼՂ խնդրի մասին հայտարարություն, որտեղ որպես ելք առաջարկվում էր վերադառնալ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջադրված սկզբունքներին (ի դեպ, առաջին նախագահի անունն ընդունվեց մեծ ոգեւորությամբ): Վերջում Ն. Փաշինյանը շեշտեց, որ 2008-ին ՀՀ նախագահի ընտրությանն ընդդիմությունը պետք է մասնակցի մեկ թեկնածուով: Իսկ մյուս ուրբաթ, ժամը 20-ին «Ազատության» հրապարակում ելույթ կունենա Ն. Փաշինյանը: