ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Տեսակետ» ակումբում տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» շնորհավորել է 4-րդ գումարման ԱԺ բոլոր խմբակցություններին եւ մաղթել բեղմնավոր աշխատանք:
Ինչպես գիտեք, «Ժառանգությունը» մտադիր է «կառուցողական» ընդդիմություն լինել գործող իշխանությանը, որը, ինչպես ընտրություններից անմիջապես հետո հայտարարեց Ր. Հովհաննիսյանը, կեղծել է «Ժառանգության» քվեները եւ 250 հազարի փոխարեն՝ «գրել» մոտ 80 հազարը միայն: Այնուամենայնիվ, երեկ նույն Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե «Ժառանգությունը» պատրաստ է «շինիչ» համագործակցության բոլորի, այդ թվում եւ՝ իշխանությունների հետ: Սակայն սրա մասին՝ քիչ հետո: Իսկ երեկվա ասուլիսին մասնակցում էր նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ Նիստերի դահլիճում զոհված ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը: Նա երեկ նշեց, թե դեռեւս լիարժեք չի պատկերացնում իրենց դերն ու անելիքներն ԱԺ-ում, սակայն քիչ անց հավելեց, թե շարունակելու է ամուսնու կիսատ թողած գործը: Նա տեղեկացրեց նաեւ, որ երեկ առավոտյան պարտաճանաչ ներկայացել է ԱԺ՝ մասնակցելու Կրթության, գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին, սակայն ասել են, թե հանձնաժողովը դեռեւս կազմավորված չէ, եւ նիստը չի կայացել: Իսկ Ր. Հովհաննիսյանն էլ, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս մասնակցեց կառավարության՝ նախօրեին կայացած նիստին, պատասխանեց, որ կառավարության նիստին մասնակցելը «վերապահված է օրենքով», եւ հավաստիացրեց, թե «Ժառանգության» ներկայացուցիչները «ջանալու են» մասնակցել կառավարության բոլոր նիստերին: Անդրադառնալով ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանն իրենց մասնակցության ձեւին՝ Ր. Հովհաննիսյանը նշեց, թե երբ ժամանակը գա, իրենք այդ մասին լրագրողների հետ կկիսվեն, իսկ մինչ այդ` «Ժառանգությունը» «ժողովրդական ընթացակարգ է կերտելու»: Իսկ ինչո՞վ բացատրել հանգամանքը, որ «Ժառանգությունն» ԱԺ առաջին նիստին չմասնակցեց, փոխարենը՝ դրա ղեկավարը մասնակցեց նոր կառավարության առաջին նիստին: Ր. Հովհաննիսյանն ԱԺ նիստին չմասնակցելը բացատրեց արդեն հայտնի պատճառներով. Սահմանադրական դատարանում վիճարկվում էին ընտրության արդյունքները, բացի դա էլ՝ իրենք նիստի մասին «պատկան մարմիններից» չէին տեղեկացվել: Ըստ նրա, ԱԺ նիստին չմասնակցելով՝ «Ժառանգությունը» «ոչ թե նեղացած էր, ոչ թե բողոքում էր ինչ-որ բանի նկատմամբ», այլ պարզապես փորձում էր հետեւել երկրի օրենքներին: Ինչպես հիշում եք, ԱԺ անդրանիկ նիստի ժամանակ պատգամավորները երդվեցին: Իհարկե, այդ երդման արարողությունը վերածվեց խեղկատակության, բայց, այնուամենայնիվ, քանի որ «Ժառանգությունը» չէր մասնակցում այդ նիստին՝ չերդվեց: Ինչպե՞ս են պատրաստվում լուծել երդվելու հարցը: Ր. Հովհաննիսյանի խոսքերով՝ երդման հետ կապված հարցն իրենք կլուծեն դրա տեքստը ստորագրելու միջոցով: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը երեկ հայտարարեց նաեւ, թե իրենք «հայաստանակենտրոն ընդդիմություն» են, եւ որ շարունակելու են հետեւել, իր խոսքերով, քաղաքական բանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի, Ժիրայր Սէֆիլյանի, Վարդան Մալխասյանի գործերին եւ պահանջելու են նրանց ազատ արձակել, քանզի մեր երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Երեկվա ասուլիսում չշրջանցվեցին նաեւ ընդդիմության միավորվել-չմիավորվելու եւ ընդդիմադիրների որդեգրած քաղաքականության հետ կապված հարցերը: Ր. Հովհաննիսյանը փաստեց, որ ընդդիմության սխալ մարտավարության արդյունքում Հայաստանի քաղաքացիների քվեների մոտ 30%-ը փոշիացավ: «Ես ինչպես ավելի բարձր մակարդակ եմ ակնկալում իշխանությունից, այդ նույն չափանիշը վերաբերում է նաեւ ընդդիմությանը: Ընդդիմությունը քաղաքական սխալ գործեց, եւ պետք է այն շտկել»,- հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը՝ վստահեցնելով, թե ընտրություններից առաջ ինքն ամեն բան արել է, որպեսզի ընդդիմությունը միավորվի, սակայն չի ստացվել: «Ժառանգության» ղեկավարի խոսքերով՝ ընդդիմությունը պետք է դասեր քաղի սխալներից:
Ընդդիմության սխալն, ըստ նրա, այն էր, որ «յուրաքանչյուրը լուծումը գտավ միայն իր մեջ, իր եւ իր շրջապատի մեջ» ու բացի դա էլ` ընդդիմությունը, նրա գնահատմամբ, չկարողացավ հետընտրական գործընթացները ճիշտ կանխատեսել: Ընդունելով, որ ստեղծված իրավիճակի համար մեղքի բաժինն ունի նաեւ ինքը՝ Ր. Հովհաննիսյանը, երեկ նշեց նաեւ հետեւյալը. «Սեփական պրիզմայով կյանքին նայելու սխալը պետք է ընդդիմությունն ուղղի»: Նա համոզված է, որ «հարգարժան գործիչներ, նվիրյալներ» կան թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շարքերում:
Երեկ պարզ դարձավ նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «շինիչ» համագործակցության կողմնակից է, ընդ որում` նման «շինիչ» ձեւով «Ժառանգությունը» պատրաստվում է համագործակցել ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ՝ խորհրդարանում հայտնված բոլոր ուժերի հետ: «Ինչպես համագործակցելու ենք արտախորհրդարանական մեր գործընկերների հետ, նաեւ խորհրդարանական համագործակցությունը ենթադրում է շինիչ, հորիզոնական հարաբերություններ բոլորի հետ: Հատուկ հարաբերություններ չեն լինելու, բայց լինելու է համագործակցության ոգի»,- տեղեկացրեց Ր. Հովհաննիսյանը: