Նոր ձեւավորված կառավարությունում բոլորի համար անակնկալը, թերեւս, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Ներսես Երիցյանի նշանակումն էր: Անակնկալից բացի, այս նշանակումը դրական էմոցիաներ առաջացրեց Հայաստանի տնտեսական ու գործարար միջավայրում:
Նշանակումից հետո նույն դաշտից անմիջապես կարծիքներ ու հույսեր հնչեցին, թե Ներսես Երիցյանը, լինելով ռեֆորմիստական սերնդի ներկայացուցիչ, կիրականացնի տնտեսական լուրջ բարեփոխումներ: Հնչած կարծիքների համաձայն, նորանշանակ նախարարը միշտ էլ կողմնակից է եղել ԿԲ ձեռնարկած բարեփոխումներին, երբեմն եղել է այդ բարեփոխումների հեղինակը, ինչի շնորհիվ բանկային համակարգը մեր տնտեսության՝ միջազգային չափանիշներին որոշ չափով համապատասխանող միակ ճյուղն է: Իսկ ինչպե՞ս է գնահատում այս նշանակումն ինքը՝ Ներսես Երիցյանի նախկին ղեկավար ու Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը. «Երկրի համար՝ խիստ դրական, Կենտրոնական բանկի համար՝ խիստ բացասական: Որովհետեւ Ներսես Երիցյանը մեր Կենտրոնական բանկի սյուներից մեկն էր, ով երկար տարիներ աշխատել եւ կարեւոր պաշտոններ է զբաղեցրել»:
Մենք փորձեցինք պարոն Սարգսյանից ճշտել, թե հատկապես ի՞նչ բարեփոխումների ակնկալիքով է ԿԲ նախագահի խորհրդականը գործուղվել Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն, սակայն Տիգրան Սարգսյանը երկար ու բարակ թվարկելով Ներսես Երիցյանի մտավոր բարեմասնությունները՝ այդպես էլ սպասելիքների կամ այդքան շատ ակնկալվող բարեփոխումների մասով ոչինչ չասաց: Ուղղակի հույս հայտնեց, թե այսուհետ կարող է ուժեղանալ տնտեսության ֆինանսական եւ ռեալ հատվածների համագործակցությունը:
«ԿԲ պատկերացումները բարեփոխումների վերաբերյալ արտացոլված է ԿԲ տեսլականում,- ասում է Տ.Սարգսյանը: -Մենք այնտեղ փորձել ենք ներկայացնել, թե ինչ անելիքներ կան ֆինանսական հատվածում, փորձել ենք ներկայացնել ֆինանսական հատվածի համագործակցությունը ռեալ հատվածի, կառավարության հետ: Հույս ունենք, որ Ն.Երիցյանի նշանակումով նոր թափ կստանան նաեւ ֆինանսական ոլորտի բարեփոխումներն ու ֆինանսական ու ռեալ հատվածների ավելի էֆեկտիվ համագործակցությունը: Ես կարծում եմ, որ բոլոր ոլորտներում եւ բոլոր հատվածներում, որի հետ առնչություն կունենա պարոն Երիցյանը, մենք կունենանք դրական արդյունք»:
Հիշեցնենք, որ երեք օր առաջ ամերիկահայ անկախ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք էր հայտնել, թե Դավիթ Հարությունյանի, Արթուր Աղաբեկյանի հետ միասին նոր սերնդի բարեփոխիչ է նաեւ Ներսես Երիցյանը: Ասել էր, որ այս երեքը բարեփոխումների առումով կարող են լուրջ քայլեր ձեռնարկել եւ առաջընթաց արձանագրել: Բայց ահա երիտասարդ նախարարից առանձնապես մեծ սպասելիքներ չունի Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով պաշտոնավարել է բավականին երիտասարդ հասակում եւ հայտնի է որպես Երրորդ Հանրապետության ռեֆորմիստ: Ավելի ճիշտ, պարոն Բագրատյանը ոչ թե կասկածներ ունի Ներսես Երիցյանի մասնագիտական կարողությունների վերաբերյալ, այլ կարծում է, որ կոալիցիոն կառավարությունը թույլ չի տա, որ երիտասարդ տնտեսագետը բարեփոխումներ կատարի:
«Ես գիտեմ, որ Ներսես Երիցյանը ժամանակին բավականին հեռանկարային ու խոստումնալից կադր էր Կենտրոնական բանկում,- ասում է պարոն Բագրատյանը։ -Սակայն ես առանձնապես մեծ կարծիք չունեմ ԿԲ-ի մասին: Եթե նրա մեջ զարգացած լինեն կոնֆորմիստական հատկությունները, ապա մտահոգիչ է, որ նրա անցած ուղին թույլ չի տա դառնալ ընդունելի նախարար: Բացի այդ, կոալիցիոն կառավարության ժամանակ դուք լուրջ բարեփոխումների մի սպասեք, կոալիցիոն կառավարության ժամանակ լուրջ բարեփոխումներ չեն լինում: Համենայնդեպս, նա երկու-երեք տարի պետք է աշխատի, որ տեսնենք, թե ինչ կարող է անել: Մարդիկ ուզում են իրենց իշխանությունը պահպանել, իսկ այդ ռեֆորմները ցավ են բերում: Վաղը-մյուս օրն ընտրություններ են, նրանց ինչի՞ն են պետք ռեֆորմները: Նկատի ունենանք եւս մի բան՝ կառավարությունում կան նախարարներ, ովքեր իրենց կառավարման ոլորտներում բիզնեսներ եւ տնտեսական շահեր ունեն (գյուղատնտեսության նախարարը, տրանսպորտի եւ կապի նախարարը, ավելացավ նաեւ առողջապահության նախարարը): Ուզում եմ մեկընդմիշտ հասարակության ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա՝ տարբեր ոլորտներում բիզնես ունեցողը չի կարող լինել չեզոք կառավարիչ: Այդ տեսակետից հետընթացը շարունակվում է: Այնպես որ, բարեփոխումները միայն Ներսես Երիցյանով չեն լինում»:
Ներսես Երիցյանից լուրջ բարեփոխումների ակնկալիքներ չունի նաեւ մեկ այլ նախկին վարչապետ՝ Վազգեն Մանուկյանը: Նա էլ է կարծում, որ կառավարության մեջ ընդամենը մեկ նախարար ոչինչ չի կարող փոխել: Բարեփոխումներ պետք է անի կառավարությունը` իր բոլոր ոլորտներով: «Ներսես Երիցյանին հաջողություններ եմ ցանկանում,- ասում է Վ.Մանուկյանը: -Մի բան ես հաստատ գիտեմ. կառավարությունը մեկ մարդ չէ, եւ մեկ մարդը կառավարությունում ոչինչ չի կարող փոխել: Անուններ չտամ, բայց ես գիտեմ մի քանի նախարարների, ովքեր թիմի անդամ չլինելով՝ չեն կարողացել իրենց գիծն առաջ տանել: Հիմա Երիցյանին իր պաշտոնում ղեկավարող այնքան պաշտոնյաներ կան, որ նա ուզենա էլ, չի կարողանա լուրջ բարեփոխումներ անել»:
Իսկ ահա ԿԲ նախագահը պատրաստվում է իր մեկ խորհրդականի փոխարեն ընդունել երեք աշխատող: Տիգրան Սարգսյանը մինչեւ հիմա չի գտել մի այնպիսի մասնագետ, ով մենակ կանի Ներսես Երիցյանը արած գործը: «Լինելով ԿԲ նախագահի խորհրդական, ինքը նաեւ ղեկավարում էր մեր ֆինանսական մոնիտորինգի կենտրոնը, զբաղվում էր ռեֆորմների մոնիտորինգով,- թվարկում է Տ.Սարգսյանը: – Մենք բարձր ենք գնահատում նրա գիտելիքները, ունակությունները, կազմակերպչական, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձը: Նա պատասխանատու էր Համաշխարհային բանկի, USAID-ի եւ Արժութային հիմնադրամի հետ մեր ունեցած հարաբերությունների համար: Բնականաբար, այս բոլոր գիտելիքները, կարողությունները եւ հատկանիշները հաշվի են առնվել, որ նախարար են նշանակել: Քանի որ պարոն Երիցյանը մի քանի ոլորտներ էր կոորդինացնում, կարծում եմ, որ մեկ հավասարազոր անձնավորություն մենք այս պահին չունենք, դրա համար էլ երեք ուղղություններով տարբեր մարդիկ կնշանակենք»: