Շուրջ 8000 բնակչություն ունեցող Գառնին մի օր ծարավից կխեղդվի: «Մենք ջհանդամը,- ասում են,- մի թեյնիկ ջուր մի տեղից կճարենք՝ կխմենք, էս ծառերն են մեղք»: Մինչդեռ Կոտայքի մարզի ինտերնետային էջը, ի լուր համայն աշխարհի` ազդարարում է՝ «Գառնիում առկա են կոմունալ-կենցաղային հարմարությունները. բնակարանների 80 տոկոսը գազիֆիկացված է, նույնքանն էլ ապահովված են խմելու ջրով»: Գառնեցիներն ասում են՝ «Գառնին բոյեբոյ 7 կմ է, ամեն քայլափոխի պուլպուլակ կա, ամեն հայաթում՝ ջրի ծորակ. բոյեբոյ անցի՝ թե մի տեղից մի կաթիլ ջուր ա գալիս՝ նկարի ցույց տուր։ Ամբողջ Հայաստանին մենք ջուր ենք տալիս, իսկ ինքներս ծարավից մի օր կկոտորվենք»: Արդեն չորս տարի անընդմեջ գառնեցին ջուր չունի: Այգիները չորանում են: Ծառերն օրական կտրում ու աթարի հետ կպչան են անում: «Տելեվիզորով ամեն օր ասում են` գյուղացին բերք ու բարիք ունի, խնձորը շուկայում 500 դրամով ա ծախում, հենց հիմա թող գան, խնձորը տանը փտում ա, 100-150 դրամով տալիս եմ, խի՞ չեն գալիս առնում»: 80 տոկոսանոց գազիֆիկացիան ոչ մեկի պետքը չի. «Եթե այգիս չորանում է, եղած բերքն էլ եկամուտ չի բերում, գազի փողը որտեղի՞ց եմ տալու»: Թոշակառուներն արդեն երկու ամիս թոշակի երես չեն տեսել. «Խի՞ պիտի ժամանակին տան, մեր մարզպետը թոշակները տոկոսով ֆռցնում ա, էդ փողերով ապրում, մենք էլ բերաններս ցամաք սպասում ենք՝ թե էդ գրոշները երբ կսեւցնեն մեզ, որ տանենք խանութների պարտքերը փակենք»: Գառնիում այնպիսի խանութ չկա, որ մի քանի հաստ տետր պարտքացուցակ չունենա: «Բողոքը Աստծու կուշտն ա, մենք էլ Աստծու տված մարդն ենք՝ իրավունք չունենք բողոքենք,- ասում են գառնեցիներն ու հավելում,- բողոքենք՝ որ բռնեն տանեն կուտուզկեն նստացնե՞ն… Բա էն տարի նախագահի ընտրություններին որ էդքան մարդ տարան, խի՞ մեկը թիկունքներին չկանգնեց: Տանում ծեծում, տուգանում էին էդ սոված ժողովրդին, հետ ուղարկում, դե թող դատուդատաստան անեին, եթե հանցագործ էին»: Գառնեցիներն ասում են՝ մենք ընտրել ենք նրան, ում ողջ Հայաստանն է ընտրել. «Ստեփան Դեմիրճյանի նկարները իրիկունը կպցնում էինք, առավոտը տեսնում էինք՝ պոկել, Քոչարյանի պատկերն են կախել»: Նախագահն էլ «հրեն Գառնիի հին գերեզմանոցը վարել ա տվել, որ ապարանք սարքի, չեն էլ ասում, որ իրանն ա, ասում են՝ նախագահի իրավունքի գծով խորհրդատուինն ա, ի՞նչ տարբերություն՝ ի՞նքը, թե՞ իր խորհրդատուն»: Գառնիի հին գերեզմանատան մոտ 3000 մ տարածքը բուլդոզերները որքան էլ խնամքով են փորձել հարթեցնել, միեւնույն է, հողի տակից դեռ տապանաքարերը հիշեցնում են իրենց գոյության մասին: Գառնիում ամառանոց ունի նաեւ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Թեեւ «ասում են` իր տունը չի, իր գերմանացի բարեկամինն է», ու Բագրատ Ասատրյանը եթե ուզում է տարածքում որեւէ փոփոխություն անել, նախապես զանգում է Գերմանիա՝ բարեկամից թույլտվություն խնդրում: Շքեղ ամառանոց ենթադրող կիսակառույցներ շատ կան Գառնիում. ժողովուրդն, ինչպես ամենուր, հիմնականում տեղյակ չէ՝ ովքեր են տերերը: Հատուկենտ մարդիկ էլ, որ ինչ-որ բան են լսել ականջի ծայրով, վախենում են ասել. իրենց տառապանքը նախագահական ընտրությունների փորձն ունի:
Գառնիում կաշվի մշակման երկու արտադրամաս կա, որոնց շրջակայքում հինգ րոպեից ավել հնարավոր չէ դիմանալ. օդում տարածված սուր հոտից կոկորդի քոր ու հազ է առաջանում: «Դա դեռ ի՜նչ է որ,- պատմում էին բնակիչները,- մենք դրանց կոյուղաջուրն ենք խմում: Մեր խմելու ջրի խողովակները հազար տարվա փտած խողովակներ են, ու եթե սխալվում օրը մի ժամ ջուր են տալիս, լրիվ էդ կաշվի ցեխերի աղբը մեջն ա»: Արտադրամասերի բաժնետերերի մի մասը գառնեցիներ են, «բայց շատը էրեւանցիք են, անուններով չգիտենք, որովհետեւ օրը մեկը նստում ա էդ պաշտոնին»:
Գառնիում հիվանդանոց ու պոլիկլինիկա կա, բայց «ոչ մի հիվանդ չունեն. տները տոկոսի տակ պիտի դնենք, որ կարողանանք հիվանդանոցում պառկել»: Բնակիչների ասելով` տարեկան շուրջ 100 մահ է լինում Գառնիում. «Մեռել թաղելու հալ էլ չունենք»:
Գառնեցիների շահերն ԱԺ-ում Մելիք Մանուկյանն է ներկայացնում: Պատգամավորից առանձնապես դժգոհ չեն: «Դե, նրան ո՞վ ա թողում խոսի: Լավ տղա է,- ասում են,- ափսոս՝ «Օրինաց երկրից» ա: Մեկն էլ, թե՝ «Գյուղապետն էլ Քոչարյանի մարդն ա»: Իրենք կուզենային գյուղապետ ընտրել Գառնիի հացի գործարանի տնօրենին՝ «Հակոբյան Սուրիկին՝ մալադեց, 4-5 գյուղ ա պահում տղեն, էս ժողովրդին մենակ ինքն ա նայում: Պաշտոն-մաշտոնի չի ձգտում, գլուխը կախ իր գործն ա անում»: Բայց գյուղապետ չի ընտրվի, որովհետեւ «համ ինքը չի ուզում, համ էլ, որ ուզի էլ՝ Դեմիրճյանի կուսակցությունից ա, ո՞վ կթողի»:
Գառնիում կյանքը եղանակների տաքանալու հետ է մի քիչ աշխուժանում, երբ զբոսաշրջիկների հոսք է սկսվում: Գառնեցի տանտիկինները այգու միրգը հավաքում, մուրաբա են եփում, որ այդ օրերին վաճառեն ու մի քիչ եկամուտ ունենան: Կաթնահունց ու գաթա են թխում՝ «արտասահմանցիք հավեսով ուտում են»: Կամ էլ՝ դաշտերից բանջար ու ծաղիկ են հավաքում-վաճառում. «Մարտի 8-ին 180 կապ ձնծաղիկ տարա Երեւան՝ 100 դրամով վաճառվեց. քիչ փող չի, ահագին ժամանակ յոլա կտանի»: