«Մենք մեր մանկությունից ենք գալիս» արտահայտությունն արտացոլում է անձի մանկական հիշողությունների եւ վաղ տարիքում` մինչեւ 6 տարեկանն ունեցած հոգեկան ապրումների կարեւորությունը: Հայերն աչքի են ընկնում երեխապաշտության «համախտանիշով», ինչը երբեմն ծայրահեղ դրսեւորումներ է ստանում:
Երեխային ընկալելով սեփականություն, շատ հաճախ ծնողները նրան վերաբերվում են խիստ կամայականորեն: Երեխաները դառնում են նաեւ ամուսինների կոնֆլիկտային հարաբերությունների զոհը: Օրեր առաջ փողոցում մի կին, ամուսնու հետ վիճաբանելուց հետո, իր 4-5 տարեկան դստեր մազերից բռնած, բառացիորեն քարշ էր տալիս փողոցի երկայնքով, իսկ երեխան լացում էր եւ վախեցած նայում կողքերը: Անցորդները տեսարանից ազդված՝ նախատում էին կնոջը, իսկ վերջինս, դեմքի գոհունակ արտահայտությամբ, պատասխանում էր. «Իմ երեխան է, ինչ ուզեմ` կանեմ»: Երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության տվյալներն ամբողջ աշխարհում տագնապահարույց են: Հայտնի է, որ ամեն տարի մի քանի հարյուր հազար երեխա է ենթարկվում ֆիզիկական բռնության` ծնողի կամ մոտիկ ազգականների կողմից: Հազարավոր երեխաներ նույնիսկ մահանում են, իսկ բռնության ենթարկված երեխաներից շատերն ապրում են խորը հոգեկան տրավմա: Երեխաների եւ դեռահասների 5%-ը ցանկացած ժամանակահատվածում տառապում է նաեւ դեպրեսիայով` հիմնականում ընտանեկան նախատրամադրվածության պատճառով: «Մանկական հոգեբույժների եւ հոգեբանների ընկերությունը» ներկայումս «Հոգեբուժական համաշխարհային նախաձեռնություն» կազմակերպության հետ համատեղ իրականացնում է մանկական հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումների ծրագիր, որի շրջանակներում մշակվել է «Մանկապատանեկան հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» հայեցակարգը: Ըստ ընկերության նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Մարուք Եղիյանի, Հայաստանում ամենակարեւոր խնդիրներից մեկը մանկապատանեկան հոգեկան առողջության ապահովման արդյունավետ համակարգի բացակայությունն է, մանավանդ` օրենսդրական դաշտի բացակայությունը, որը կկարգավորեր ոլորտին առնչվող իրավահարաբերությունները: Մ. Եղիյանը՝ որպես ոլորտի բացթողում՝ մատնանշում է եղած ծառայությունների կայուն ֆինանսավորման բացակայությունն ու հոգեբանությանը վերաբերող բուհական ծրագրերի սահմանափակումները: Օրինակ՝ հնաոճ ուսմունքներով դասական հեղինակներին: Նա նշում էր նաեւ, որ Պետական բժշկական համալսարանում այսօր քիչ են այն մանկաբույժները, որոնք ցանկություն են ունենում մասնագիտանալ մանկական հոգեբուժության մեջ, քանի որ բացակայում են համապատասխան աշխատատեղերը: Հայաստանում կան շատ հոգեբաններ, բայց ոչ բժշկական հոգեբաններ: Մ. Եղիյանի կարծիքով՝ պետք է ներդնել լիցենզավորման մի ձեւ, որպեսզի հոգեբանը պարտադիր լինի որակավորում ստացած անձ: Մ. Եղիյանը նկատում է նաեւ, որ ծնողները խուսափում են դիմել մասնագետներին: «Պիտակավորման հարցեր են, որոնք գալիս են անիրազեկությունից: Այսինքն` ժողովուրդը տեղյակ չէ հոգեկան առողջության խնդիրներից: Այստեղ պետք է տարբերակել հոգեկան առողջության խնդիրները հոգեկան հիվանդություններից, որոնք տարբեր հասկացություններ են: Հոգեկան առողջության խնդիրները կախված են ապրելակերպից: Հաճախ պատահում է, որ խնդիրներ լինում են ծնողների մոտ, օրինակ, ընտանիքը համերաշխ չէ, եւ դա ազդում է երեխայի վրա: Որքան երեխան փոքր է, այնքան այդ ազդեցությունն ավելի մեծ է լինում, որովհետեւ երեխան ավելի շատ կապված է լինում մոր հետ, եւ նրա հոգեկան վիճակն ազդում է երեխայի վրա»,- ասում է բժիշկը: Նույնիսկ համաշխարհային պրակտիկայում հոգեկան առողջության չափանիշներ չկան մշակված: Փոխարենը՝ կան միջազգային թվեր, որոնք հատուկ են նաեւ հայ հասարակությանը: Օրինակ, հոգեկան առողջության լուրջ խնդիրներ կարող են ծագել երեխաների եւ պատանիների 7-15%-ի մոտ, այսինքն` 100 հոգուց 10-ի մոտ: 21-րդ դարն ընդունված է համարել նեւրոզի դարաշրջան, եւ եթե մանկաբույժը երեխայի մոտ արձանագրի նեւրոզի նշաններ, ապա այն հաստատ ծնողին չափազանցված է թվում:
Մ. Եղիյանը կարծում է, որ «նեւրոզ» տերմինն արդեն հնացած է, ինչ-որ տեղ՝ նաեւ գռեհիկ: Բառը գիտական շրջանառության մեջ է ներդրել շոտլանդացի մի բժիշկ, որի կարծիքով՝ ցանկացած հիվանդություն ներվերից է ծագում: «Եթե հոգեկան խնդիրներ ունեցող անձի ներվերը ստուգենք, կտեսնենք, որ նա որեւէ խնդիր չունի: Հիմա ընդունված է նեւրոզը փոխարինել «ոչ փսիխոտիկ խանգարումներ» տերմինով, որոնց մեջ մտնում են վախը, տրամադրության անկումը, կպչուն, սեւեռուն խանգարումները»,- նշում է ընկերության նախագահը: Հայաստանում մեծ տարածում ունեն կպչուն, սեւեռուն խանգարումները, ասենք, եղունգների կրծելը, անդադար ձեռքեր լվանալը, որոնք ծանր հիվանդություն են համարվում: Մ. Եղիյանը տեղեկացրեց նաեւ, որ ներկայումս Իսրայելի կոլեգաների հետ իրականացվում է համատեղ ծրագիր: 121 հիվանդներ հետազոտվել եւ ընդգրկվել են ծրագրում: «Կպչուն, սեւեռուն խանգարումները շատ են հրեաների եւ հայերի մոտ: Հիմնականում դրանք պատանիներ են: Որքան փոքր է լինում երեխան, այնքան նրա մոտ հոգեկան խանգարումներն արտահայտվում են մի տեսակով: Օրինակ՝ վարքի խանգարումով, մարմնային ախտանիշներով` քնի եւ ուտելու խանգարումներով: Մանկապարտեզային տարիքի երխաներին հատուկ է ծնողից անջատման վախը, որը խանգարում է երեխայի սոցիալական ֆունկցիային»,- հավելում է նա:
«Վախ չափողների» ժամանակն անցել է
Անկասկած, հայկական իրականության մեջ ձեւավորված չէ հոգեբաններին եւ հոգեբույժներին դիմելու կուլտուրան: «Այս խնդիրը Հայաստանում չի կարեւորվում: Հոգեկան առողջությունը Համաշխարհային առողջապահության կազմակերպության 2001թ. հանձնարարականների մեջ թիվ 1 գերակայությունն է: Մարդիկ դիմում են մասնագետին, երբ այլ ճար չեն տեսնում: Գյուղաբնակներն առավել հաճախ դիմում են վախ չափողներին: Մշակութային առումով՝ թերզարգացածություն կա, դրա համար մինչեւ հիմա այդ ժողովրդական մեթոդներն ընդունելի են: Սա թերմասնագիտական մոտեցում է, որն ավելի շատ կարող է վնասել, քան օգնել մարդուն»,- նշում է ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գեւորգ Եղյանը: Վերջում հավելենք, որ տնտեսական զարգացմանը եւ ուրբանիզացիային զուգահեռ՝ երկրում շատանում են հոգեկան առողջության խնդիրները: Աճում է նաեւ ինքնասպանությունների թիվը: