Սովետական Հայաստանի քաղաքացուն մինչ օրս էլ անհասկանալի է, թե ինչու են ամերիկյան երկնաքերների համար գրված օրենքները կապում երեւանյան մաշված բնակֆոնդի գլխին:
«Կոնդոմինիումի մասին օրենքը» Հայաստանում կյանքի կոչելու համար ՀԲ-ն քիչ միջոցներ չի ծախսել: Այսօր արդեն կարելի է ասել, որ միջոցները չեն արդարացրել արդյունքը, եւ այս օրենքը կորցրել է իր նախնական իմաստը` հարմարվելով տեղական պայմաններին: Արդեն մեկ տասնամյակ է անցել, սակայն այդպես էլ մեզ խորթ է մնացել համատիրության գաղափարը, եւ ամերիկացիներն էլ են հասկացել, որ մեզ հետ մեր լեզվով պետք է խոսեն: Նախկինում նրանք մեզ հասկացնում էին, որ ամեն մի շենք առանձին համատիրություն-տնտեսվարող պետք է դառնա, իսկ ներկայիս ծրագրերում էլ գտնում են, որ ճիշտը համատիրությունների միավորումն է: Այսինքն` մեր «ժէկից» լավը չկա:
Գոնե Երեւանում դեռեւս ձեւավորված չէ համատիրության կուլտուրան, եւ քաղաքացիները չեն էլ ուզում լսել անտեղի փող հավաքող համատիրության անունը, մինչդեռ ՀԲ-ի միջոցներով սկսվել է համատիրությունների կայացման երկրորդ փուլը եւ անգամ փորձարկումներ են արվել Երեւանի մի քանի համայնքներում: Պարզվել է` ժամանակն է՝ այս փորձը տեղայնացնել ամբողջ մայրաքաղաքում, հետո էլ` հանրապետությունում: Փորձ ասվածն այն է, որ ՀԲ-ն խմելու ջրի կառավարումը ստանձնած կազմակերպություններին առաջարկում է ջուրը մեծածախ գներով վաճառել համատիրություններին, իսկ վերջիններս էլ մանրածախ գնով, բնականաբար, մի փոքր ավելի թանկ, պետք է վաճառեն բնակիչներին, որը չի գերազանցելու ներկայիս գործող սակագինը: ՀԲ-ն այսպիսով ջրամատակարարման ոլորտի պատասխանատուներին փրկում է մեծ կորուստներից՝ այս բեռը տեղափոխելով բնակիչների վրա: Այս իրավիճակը խիստ ձեռնտու է ջուր մատակարարողին եւ ոչ բնակիչներին: Եթե մինչեւ շենք ջրամատակարարման ոլորտի կառավարումը ստանձնած ընկերությունները չնչին կորուստներ ունենան, ապա ՀԲ-ն այսքանով իր առաքելությունը կարող է ավարտված համարել: Տրամաբանությունը հուշում է, որ ջրի կորուստների բացառման դեպքում պետք է գործի հակառակը` ջրի սակագնի նվազման մեխանիզմը: Սակայն, ինչպես գիտենք, արդեն իսկ 2009թ. համար բարձրացվել է ջրի սակագինը: Ջրամատակարարման համակարգում հիմնական կորուստները` մոտ 8%, կատարվում են ներշենքային ցանցում, քանի որ, նախ այստեղ բավականին դժվար է գտնել խողովակների վնասված հատվածները, բացի այս էլ` գրեթե անհնարին է մեծածավալ վերանորոգումների իրականացումը: Ստացվում է, որ համատիրությունը ջրի վերավաճառման միջոցով պետք է որոշակի խնայողություններ կուտակի եւ այս գումարով իրականացնի վթարված խողովակների վերանորոգումները: Նման կարգի ծառայություն իրականացնելու համար համատիրությունները պետք է որոշակի տեխնիկական անձնակազմ ունենան, ովքեր ամսական որոշակի աշխատավարձ պետք է ստանան: Այստեղ արդեն մեկ շենքը մեկ համատիրություն դարձնելու դոնորների վաղեմի առաջարկը չի տեղավորվում այս ծրագրի շրջանակներում: Ծախսերը հոգալու համար հարկ է զգալի գումարներ հավաքագրել, որը մեկ շենքի վճարումների հաշվին հնարավոր չէ կազմակերպել: Դրսի մտածելակերպն ու չափանիշներն այստեղ տեղի են տալիս, եւ ստիպված ենք վերադառնալ այնտեղ, որտեղից սկսել էինք: Այն է` միավորել համատիրությունները, իսկ այս պարագայում, գուցեեւ, յուրաքանչյուր համայնք կարողանա իրեն թույլ տալ ընդամենը մեկ համատիրություն ունենալ: Հետաքրքիրն այն է, որ ջրի գումարների հավաքագրման ճանապարհին դժվարությունների չհանդիպելու համար, այս ծրագիրը համատիրությանն արտոնում է անբարեխիղճ բաժանորդին ջրի վարձը չվճարելու դեպքում զրկել գազից կամ էլեկտրաէներգիայից: Թե ի՞նչ կստացվի այս ծրագրից, պարզ կդառնա այս ամսվա վերջին` հանրային համընդհանուր քննարկում անցնելուց հետո միայն: Առայժմ մենք միայն կներկայացնենք այն, ինչ կա: «Նոր Նորք համայնքում գրանցված է մոտ 102 համատիրություն: Նրանցից մոտ 50-60-ն են քչից-շատից աշխատում, մնացածն աշխատում են «Համատիրությունների մասին օրենքի» անտեսումներով: Համատիրությունների ներկայիս վատ վիճակը պայմանավորված է բնակչության վատ վճարումներով: Միայն 2 համատիրություն ունենք, որ 100% վճարումներ է ապահովում, իսկ ամենավատը 1 շենքանոց համատիրությունների վիճակն է: Վերջիններիս հավաքած գումարով հնարավոր չէ հոգալ սպասարկման ծախսերը»,- ասում է Նոր Նորքի թաղապետարանի կոմունալ բաժնում համատիրությունների աշխատանքը համակարգող Գեւորգ Մադոյանը: Սակայն խնդիրն այստեղ այնքան էլ գումարների հավաքագրման մեջ չէ, որքան օրենքների անկատարության ու երկակի կիրառության: Եթե քաղաքացին իր շենքի տերն է, ապա, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի, վերջինս կարող է իր տարածքով անցնող բոլոր կոմունիկացիաների համար վարձ պահանջել: Շենքի ներսում գազի, ջրի խողովակներ, հեռախոսի, հոսանքի գծեր անցկացնելու համար տվյալ կազմակերպությունները պարտավոր են նախ թույլտվություն ստանալ տվյալ համատիրությունից եւ ունենալ համապատասխան պայմանագիր: «Ներկայումս տվյալ կազմակերպություններն իրենց կոմունիկացիաներն անցկացնելու համար ուղղակի պայմանագիր են կնքում բաժանորդի հետ` պարտավորվելով որակյալ ծառայություն, եւ չունեն ֆինանսական որեւէ պարտավորություններ: Այս պարագայում քաղաքացին հանգիստ կարող է վիճարկել, որ նշյալ կազմակերպություններն անվճար օգտագործել են իր տարածքները` պահանջելով փոխարենը կատարել ծառայությունների սակագնի իջեցում»,- նշում է Գ.Մադոյանը: Սակագին ասվածի սահմանումն էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում է: Մեր հարցին՝ «Ինչո՞ւ հանձնաժողովը սակագների սահմանման ժամանակ հաշվի չի առնում վերոնշյալ գործոնը», հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը պատասխանում է, որ օրենքով ընդհանուր օգտագործման տարածքները տրվում են անվճար: Այլապես վարձակալության գինը կազդեր սակագների վրա: Այս իրավիճակը ճիշտ եւ ճիշտ երկակի ստանդարտների կիրառում է նշանակում: Մի կողմից՝ ասում են, որ բնակիչն է իր շենքի տերը, իսկ մյուս կողմից էլ` արգելում են ազատ գործունեության իրավունքը: Խնդիրը նույնն է նաեւ վերելակների հարցում: 2 տարի առաջ է «Տեխնիկական անվտանգության մասին» օրենքն ընդունվել, որը համատիրություններին պարտադրում է ունենալ բացարձակ անվտանգ վերելակներ: Ստեղծվել են հատուկ լիցենզավորված-ստուգող մարմիններ, ովքեր արդեն հասցրել են համատիրությունների հետ վեճերն ավարտել դատարաններում: «Անվտանգ վերելակներ ունենալու միտքը շատ լավն է, սակայն այս հոյակապ միտքը չի կարող իրողություն դառնալ: Եթե կառավարությունը նման օրենք է ընդունել տալիս, ապա պետական բյուջեից պետք է միջոցներ հատկացնի նոր վերելակների ձեռքբերման համար: Մի բան նախքան վերահսկելը, դեռ պետք է որոշակի տեխնիկական վիճակի բերվի: Կառավարությունն այս պարագայում բնակիչներին ասում է` սա ձերն է, դուք պետք է նորը գնեք, հաշվի չառնելով, որ բնակիչներն այդ հին վերելակները ժառանգություն են ստացել: Նման իրավիճակում գալիս են ստուգելու վերելակների տեխնիկական անվտանգության վիճակը: Պարզ չի՞, որ ոչ մի վերելակ չի համապատասխանում թղթով ամրագրված չափանիշներին: Այս դեպքում, ո՞րն է ստուգելու իմաստը»,- մեկնաբանում է Գ.Մադոյանը: Վերջինս նշում է, որ դեռ 2 տարի առաջ իրենք էլ են մասնակցել ջրի վարձավճարների հավաքագրումները համատիրություններին հանձնելու միջազգային դոնորի կողմից կազմակերպված սեմինար-քննարկումներին եւ այնքան էլ իրատեսական չեն համարում այս գործընթացի կազմակերպումը: Ըստ նրա, իմաստ չունի «Երեւան ջուր» կազմակերպությանը զուգահեռ՝ մի շարք նոր կազմակերպություններ ստեղծել: Միեւնույն է` բարդ տեխնիկական աշխատանքներ իրականացնելու համար համատիրությունները ստիպված են լինելու դիմել մասնագիտացված այդ կազմակերպությանը: