Քաղաքի կենտրոնից դեպի «ՏԷՑ-ի կռուգի» խորքերը (Արցախի 4-րդ նրբանցք) տանող միակ փոխադրամիջոցը 38 համարի երթուղային տաքսին է: Վարորդներն այդ տարածքի բոլոր բնակիչների կենսագրություններն անգիր գիտեն, իսկ անծանոթի այցելությունն այդ տարածք նրանց համար անակնկալ է լինում: Զարմանքով հարցնում են. «Ի՞նչ եք կորցրել էս կողմերում»: Ասում եմ` «Նյութ եմ պատրաստում»: «Էդ ի՞նչ բան ա, որ սրանցով հետաքրքրվել եք: Էսքան տարի մեկը չի եկել, չի տեսել էս մարդկանց ապրելակերպը: Իսկական նյութի բան են, կարելի ա կինո էլ նկարել, աշխարհին զարմացնել, շատ ծանր են ապրում: Էս մի քանի շենքերում` տեխնիկումում ու հանրակացարանում ապրող ընտանիքները ահավոր վիճակում են»,- վկայում են նրանք ու ոգեւորված պատմում տեղի բնակիչների ծանր կենսապայմաններից: Պատմում են, թե ինչպես են այս տարածքի բնակիչներն աղբանոցները քչփորելով ու շշեր հավաքելով՝ հացի գումար վաստակում: Չգիտես ինչու, երթուղային տաքսիների հավաքված վարորդներին շատ էր ոգեւորել իմ այցելությունը, իսկ երբ է՛լ ավելի անկեղծանում են` հասկանում եմ, որ քաղաքից մեկուսացած այս տարածքի բնակիչների սոցիալական անպաշտպանությունից տուժում են նաեւ երթուղայինի վարորդները. «Դե՛, որովհետեւ նստում են մարշրուտկա ու փող չեն տալիս: Լրիվ աղքատներ են, մի անգամ ասում ես՝ մի՛ նստի, երկրորդ անգամ էլ ես ասում, բայց զգում ես, որ էս մարդիկ 100 դրամ չունեն, ահավոր վիճակում են: Ոչ էն ա մարշրուտկից իջացնես, ոչ էլ կարաս քո հաշվին ամեն օր տանես-բերես: Մեր խղճի վրա էլ ա ազդում, մարդ ենք վերջը, չէ՞: Հես ա որ գնաք` մեզնից բողոքելու են, վատ բաներ են ասելու: Եթե կարենաք սրանց կյանքը մի քիչ թեթեւացնեք, մենք ձեզ մաղարիչ կանենք»,- վստահեցնում են վարորդներն ու մեծ հետաքրքրությամբ ինձ ճանապարհում այդ տարածք: Ծառի ստվերին հարմար տեղավորված արեւածաղիկ վաճառող ծեր կինն ինձնից վիրավորվել է, որովհետեւ տարածքում հարցուփորձ անելով անապահով մարդկանց եմ փնտրում, այնինչ ինքը համարում է, որ էս աշխարհի ամենաանապահով մարդն ինքն է: «Անապահով ասելով՝ ի՞նչ նկատի ունես: Արի քեզ տանեմ իմ տուն, ու տես, թե ինչ բան ա անապահովը»,- ասում է նա ու արեւածաղիկի պարկը կապելով՝ ուղեկցում է իր տուն: Քարուքանդ եղած շենքերի արանքով, որտեղ աղբի առատությունից հնարավոր չէ ոտք դնել, ճողոպրում ենք մետաղալարերով պատված աղյուսների միջով: Այնուհետեւ, վխտացող առնետներին զուգահեռ, արագ ցատկոտում ենք ինչ-որ անհասկանալի մութ տարածքով: Հարցնում եմ` էս ի՞նչ աղբանոց է: «Արի, արի, դու հլը աղբանոցին չես հասել»,- սպառնալով պատասխանում է ծեր կինը: Հասնում ենք նկուղի նման մի խրճիթ, որտեղ մուտք գործելու համար կատարում եմ տանտիրոջ կարգադրած ֆիզիկական հնարքները, այլապես կարող է գլխիդ մի բան ընկնի, կամ էլ ոտքդ ինչ-որ մի բանի արանքում մնա: Բարեբախտաբար, հասնում ենք, սակայն դժբախտաբար «տուն» մտնելիս վախի զգացումն ավելի է ուժեղանում: Այս տանջահար ճանապարհորդությունից հետո կարելի էր մի լավ խորը շունչ քաշել, եթե Էմմա տատիկի խրճիթում տիրող գարշահոտը շնչահեղձ չաներ:
72 տարեկան Էմմա Թութունջյանի «տանն» այս քաղաքակիրթ ժամանակաշրջանում, հավանաբար, խիղճդ չէր տանի անգամ շուն պահել, որովհետեւ նույնիսկ շան նկատմամբ շատ դաժան արարք թույլ տված կլինեիր: Մինչդեռ այստեղ բնակվում է ոչ միայն Էմմա տատիկը, այլեւ նրա երեխաներն ու թոռները: Ասում է, որ Սիլաչիում գտնվող իրենց սեփական տունը շատ պատահաբար փլվել է: «1993-ին, առավոտյան ժամը 7:30-ին տունս փուլ եկավ: Տնվորի կյանքով էինք ապրում, ստեղ-ընդեղ մնալով՝ մի կերպ գոյություն էինք քարշ տալիս: Արդեն փողոցներում էինք մնում: Էն ժամանակ ամուսինս դեռ կենդանի էր, վերջը տեղավորեցին էս ավերակ հանրակացարանում»,- պատմում է Էմմա տատն ու ցույց տալիս, թե ընտանիքի որ անդամն ինչպես է տեղավորվում փոքրիկ տան անկյուններում: «Փարոսից» 7000 դրամ նպաստ են ստանում, գումարած՝ Էմմա տատիկի 8000 դրամ թոշակը: Հարցնում եմ` տանն աշխատող չունե՞ք: Պատասխանում է` «Տղաս աշխատում ա, իրա երեխեքին էլ չի հասցնում պահել: Աղջիկս աշխատում ա, 2 երեխա էլ նա ունի, դժբախտացել ա, բան չեն հասցնում: Աշխատում-աշխատում են, բայց էլի սովի մեջ ենք ապրում: Էնքան պարտքեր ենք անում, որ ինչ էլ ստանում են` հազիվ պարտք ենք փակում»: Էմմա տատը վստահեցնում է, որ մինչեւ տունը կորցնելը շատ լավ են ապրել: Չնայած նրան, որ բազմազավակ ընտանիք են եղել, այնուամենայնիվ, ամուսնու հետ կարողացել են 5 երեխա մեծացնել, իսկ հիմա անմխիթար վիճակում են: Ասում է, որ նախկինում որպես բազմազավակ ընտանիք՝ պետության կողմից մեծ ուշադրության են արժանացել: «Բոլորին լավ մարդ ենք մեծացրել, ամուսնացրել, տեղավորել ենք, բայց էս վերջին տարիներին լրիվ ընկանք ցած: Էսօր շատ վատ ենք ապրում, տեսնում ես, էլի, ինչ ահավոր են մեր պայմանները,- պատմում է Էմմա տատն` անընդհատ կրկնելով,- շատ ահավոր վիճակում ենք»:
Այս հասցեում ապրող բնակիչները երեկոյան ժամը 21:00-ից հետո հնարավորություն չունեն ինչ-որ տեղ գնալու, քանի որ սպասարկող միակ երթուղին աշխատում է մինչեւ այդ ժամը: Ընդհանրապես այնտեղ գտնվելիս տպավորությունն այնպիսին է, կարծես հայտնվել ես շատ խուլ գյուղում, իսկ տարածքից հեռանալը մեծ խնդիր է: «Եթե ինչ-որ բան պատահի՝ հաստատ չես կարա հասնես քաղաք»,- վստահեցնում է ծեր կինն ու մի տեսակ հիացմունքով ասում, որ ինքը հավատացյալ է: Հարցնում եմ` Առաքելական եկեղեցի ե՞ք գնում: Կոնկրետ պատասխանից խուսափելով՝ փորձում է հարցը շրջանցել. «Մենք հավատում ենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն»: Հարցնում եմ` ո՞ր եկեղեցին եք հաճախում: Ասում է` «Մեր ժողովները կայարանի Պիոներ պալատում են լինում, Ավետարանչականն ա»: Ասում եմ` ինչի՞ եք գնում: Պատասխանում է` «Գնում ենք, որ պաշտենք մեր Աստծուն: Մենք օգնության համար չենք գնում, ոչ մի օգուտի, ֆինանսի համար էլ չենք գնում: Մենք աղոթք ենք անում, երգում, ուրախանում ենք, ու պատկերացրու, որ էս հոգսերից շատ-շատ ենք թեթեւանում: Թե չէ մարդ էս պրոբլեմներից կգժվի: Էս հոգսերից նեղված ենք լինում, Աստծո դուռն ենք գնում ու թեթեւանում ենք, հույսներս մեծանում ա, հոգեպես հանգստանում ենք: Մեր հավաքույթները մեր պրոբլեմները թեթեւացնում են»:
Էմմա տատն իր զրույցի ընթացքում պարբերաբար ակնարկում է, որ կուզենար ինձ իրենց եկեղեցի հրավիրել: Ասում եմ` դժվար ստացվի, չեմ կարող գալ: Ասում է. «ՉԷ՛, չէ՛, դու տենց մի՛ ասա, անպայման արի, էնտեղ լավ մարդիկ կան, բոլորին գրկաբաց ընդունում են: Ես քեզ անպայման կսպասեմ…»: