«Դրա սերմերը մենք ենք ցանել»

17/06/2007 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Արձագանք» խումբը գործում է 1969-ից: Խմբի անդամներ Եղիշե Պետրոսյանն ու Արտավազդ Բայաթյանը ժամանակին ստեղծել են նաեւ «Արձագանք» ստուդիան եւ համանուն ռադիոկայանը: Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եղիշե Պետրոսյանը նշեց, որ խումբը ստեղծելիս իրենք ցանկացել են «մնայուն արժեք» ստեղծել. «Այն ժամանակ խնդիր կար հայկականացնելու մեր էստրադան, քանի որ խորշում էին հայերեն երգելուց, ռուսերեն էին երգում: Ու մենք որոշեցինք ցույց տալ, որ կա հայկական ժամանակակից երգարվեստ: Եվ եթե այսօր էլ կա երաժշտական կայուն, հայկականացված մթնոլորտ, ապա դրա սերմերը մենք ենք ցանել»:

Եղիշե Պետրոսյանը պատմում է, որ նման խումբ ստեղծելու համար դժվար ժամանակներ են եղել, եւ իրենք անցել են բոլոր տառապանքները, որոնք հնարավոր էին` ընդամենը զբաղվելով երաժշտությամբ եւ փորձելով մարդկանց մի բան ասել:

Ա. Բայաթյանը նշում է, որ խմբի ստեղծման տարիները գաղափարախոսության ժամանակներ էին, եւ երգն էլ պետք է այդ գաղափարախոսությանը համապատասխաներ. «Բոլորն էլ գիտեն, թե ինչ էր կոմունիստական ռեժիմը: Փառատոներ էին անում հրահանգներով, ու անպայման պետք է իմանային` երգի տեքստը, երաժշտությունն ո՞վ է գրել, ի՞նչ է, եւ այլն: Մեր վիճակը շատ բարդ էր, քանի որ ինքներս էինք ստեղծագործում ու չէինք պատկանում ո՛չ Կոմպոզիտորների միությանը, ո՛չ Գրողների, ու ո՛չ էլ կոմսոմոլ էինք: Բնական է` պետք է կասկածանքով նայեին, ու մեր առաջ բոլոր ճանապարհները փակ էին: Հեռուստատեսության մասին երազել պետք չէր, ձայնագրվել հնարավոր չէր, եւ դա էր պատճառը, որ մենք ստեղծեցինք «Արձագանք» ձայնագրման ստուդիան»:

Խումբը երկար ժամանակ չէր երեւում: Ի վերջո, 12 տարվա դադարից հետո` 2006-ի դեկտեմբերին, համերգ տեղի ունեցավ, որը Եղիշե Պետրոսյանը ոգու ճիչ է համարում: Նա նշում է, որ երիտասարդները պատկերացում չունեն, թե ինչ է «Արձագանքը», քանի որ մեր հեռուստառադիոընկերությունները նրանց նյութերից այնքան էլ չեն հեռարձակում. «Մենք «Արձագանք» ռադիոկայանը դրա համար ենք բացել` ըմբոստանալով, քանի որ մյուսները չէին ցանկանում այդ նյութերը տալ: Ռադիոյի բացվելուց հետո մենք ասացինք, որ մեր դռները բոլորի առաջ բաց են, եւ եթե մարդիկ ունեն լավ գործեր, թող բերեն մեզ մոտ»:

Խոսելով արդի երգարվեստից` Ա. Բայաթյանը նշեց, որ ցանկացած ժողովուրդ կարող է համարել, որ արվեստ ունի, եթե այն ժառանգաբար փոխանցվում է: Իսկ մեզ մոտ, նրա կարծիքով, երգարվեստն ընդհատումներով է առաջ գնում. «Անընդհատ կարող են գալ նոր մարդիկ եւ ասել, թե` մեզանից է ամեն ինչ սկսվում: Բայց դա վատ է, քանի որ հաջորդ սերունդն էլ գալու է ու նրանց է արհամարհելու: Մեր նախկին երգահանների, խոսքերի հեղինակների մասին մենք ոչինչ չենք լսում, չգիտենք: Մինչդեռ երաժշտությունը պետք է ընթացքը շարունակի»: Ա. Բայաթյանի գնահատմամբ, մեր հեռուստաընկերությունները դիտելով` դժվար, նույնիսկ անհնարին է հասկանալ, թե մենք ինչ ազգ ենք. «Ստեղծվել է մի պահ, երբ բոլորն իրար նման են: Հեռուստատեսություններում նույն դեմքերն են, նույն ձայները: 1993-94թթ. «Ազգային» հեռուստաընկերությամբ ամանորյա ծրագրերն ամբողջովին «Արձագանք» ստուդիան էր անում: Բայց եթե մենք այսօր Հանրայինով ուզենանք մի բան անել` խնդիր կունենանք: Հանրայինը մեր համերգի տեսագրությունը դեռ չի ցուցադրել»: Այսօրվա երգարվեստի թեմատիկան նույնպես չի գոհացնում «Արձագանք» խմբի անդամներին: Ա. Բայաթյանը երեկ նշեց, որ մի քանի տեսակի երգարվեստ է այսօր ի հայտ եկել. «Մեկը ռեստորանային արվեստն է, երբ երգը շատ լավ է ուտել-խմելու ընթացքում լսելու համար: Գաղութային արվեստն էլ է այսօր գովելի դարձել: Մի ուրիշ արվեստ էլ կա, որը շատ լավ վաճառվում է, դրանք հայրենասիրական երգերն են: Մի հարյուր երգ եմ լսել Հայաստանի մասին` նույն գարշելի բառերով, ու էն էլ մի հոգով չէ, անպայման մի հիսուն հոգով են երգում, որ ավելի տպավորիչ լինի»: «Արձագանք» ստուդիան ժամանակին աշխատել է մի շարք երգիչ-երգչուհիների հետ` Հասմիկ Կարապետյանի, Ալլա Լեւոնյանի, Լիլիթ Կարապետյանի, Արփինե Բեկջանյանի, Արման Բարդումյանի եւ այլոց: Եղիշե Պետրոսյանն ասում է, որ նրանք այն ժամանակ մտան այս ասպարեզ, երբ հայերեն լեզվով երիտասարդական ոչ մի նյութ չկար. «Նրանք հայկական, պարային երաժշտություն երգելով` հայ երիտասարդներին շեղեցին դեպի հայկական արվեստը: Մենք խնդիր ունեինք հայկականացնելու մեր երգարվեստը: Մեր ստուդիայով անցել է երեւի 1000 մարդ, որոնցից քչերն են այսօր այս ասպարեզում: 1993թ. երբ ոմն մեկը լսեց Ալլա Լեւոնյանին, ասաց. «սա ռաբիս է»: Այդ աղջիկը տաղանդավոր մարդ է, ու, եթե չլիներ այն ժամանակ նրան աջակցելը, «դուխ տալը», այսօր նա չէր լինի»: