Զենքի առեւտուր. ով ինչպես է պաշտպանվում

12/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությանն ուղղած զենքի շրջանառությանն առնչվող մեր հարցումները հետաքրքիր պատասխաններ ունեցան: Ըստ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սայադ Շիրինյանի, միայն 2004թ. ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից քաղաքացիներին տրամադրվել է զենք կրելու 1137 թույլտվություն, որոնցից 700-ը վերաբերել են գազային, 172-ը` պարգեւատրական եւ 265-ը` որսորդական ակոսափող զենքերին: Նույն ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է զենքի եւ ռազմամթերքի ապօրինի պահման 258 դեպք: Միայն 2004թ. ընթացքում հանրապետությունում հրազենի գործադրմամբ կատարվել է 95 հանցագործություն, նախորդ տարվա 118-ի դիմաց:

«Զենքի մասին» օրենքի համաձայն, պարգեւատրված զենք է համարվում պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների հրամանով՝ նշված կազմակերպությունների զինծառայողներին եւ աշխատակիցներին տրված զենքը, ինչպես նաեւ ՀՀ նախագահի հրամանագրով, ՀՀ վարչապետի որոշմամբ, օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգեւատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:

Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացին՝ լիցենզիա տալու լիազորությամբ օժտված Ներքին գործերի համապատասխան մարմնից զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու համար: Քանի որ մարտական զենքի շրջանառության մենաշնորհը բացառապես պատկանում է պետությանը, փորձեցինք մեր աղբյուրներով որոշ տեղեկություն ստանալ զենքի ստվերային շուկայի շրջանառությունից: Պարզեցինք, որ զենքի անօրինական վաճառքով զբաղվում են հատկապես կրիմինալ զանգվածները: Զենքերը հիմնականում ներկրվում են օտար երկրներից եւ զենքի որոշ տեսակների գները մոտավորապես հետեւյալ պատկերն ունեն: Ստվերային շուկայում «Մակարով» տեսակի ատրճանակն արժե 1000-1500 ԱՄՆ դոլար, «Ստեչկինն» արժե 2000-3000 դոլար, «Կալաշնիկով» ավտոմատը՝ 1000-1500 դոլար, «Կարաբինը»՝ 3000-4000 դոլար:

Զենքով հրապուրվում են երիտասարդները

Ի տարբերություն մարտական զենքի, մեզանում կան նաեւ գազային զենքի եւ անվտանգության պահպանման պարագաների վաճառքով զբաղվող լիցենզավորված կազմակերպություններ: Գազային զենքի վաճառքով զբաղվում է Հանրապետության 62 հասցեում գտնվող «Բուրաստան» ՍՊԸ-ն: Այստեղ գազային զենք ձեռք բերելու համար քաղաքացուց պահանջվում են անձնագիր, տեղեկանք նարկոդիսպանսերից, տեղեկանք հոգեբուժական դիսպանսերից, 2 լուսանկար, գազային զենքի համար պետական տուրքի վճարման անդորրագիր՝ 4000 դրամի չափով, վճարված՝ 900005163846 հաշվի համարին: Զանգահարելով Ավանի հոգեբուժական դիսպանսեր` պարզեցինք, որ զենք կրելու թույլտվության տեղեկանք ստանալու համար քաղաքացուց պահանջվում է անձնագիր, եթե տղամարդ է՝ զինվորական գրքույկ եւ 1000 դրամ: Ընդ որում, զենք կրելու թույլտվություն ունեցող մի քաղաքացի վկայում էր, որ հոգեբուժարանից թուղթ ստանալը նման է վարորդական իրավունք ստանալու պրոցեդուրային, այսինքն՝ իրականում հոգեբանական ոչ մի հետազոտություն չի կատարվում: Այնքան են սենյակից սենյակ ուղարկում, մինչեւ զզվես, փող տաս, այդ դեպքում տեղեկանքն արագ գրում-տալիս են: «Բուրաստան» ՍՊԸ տնօրեն Արթուր Սարդարյանի հավաստմամբ՝ Երեւան քաղաքում կատարված վերջին (թերեւս նկատի ունի «տէց-ի կռուգի» հայտնի կրակահերթը) իրադարձությունները զենքի նկատմամբ հետաքրքրության խթան հանդիսացան: Մարդկանց մոտ անձնական անվտանգությունն ապահովելու խուճապ կա: Հաճախորդներն ակտիվ գնում են զենքի խանութ, ուսումնասիրում, հարցուփորձ են անում, հետաքրքրվում են զենքերի եւ զենք կրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի մասին: Հատկապես երիտասարդներն են շատ հաճախում զենքի խանութ, ընդ որում, 18 տարին չլրացած պատանիները` նայելով զենքերի մոդելներին, կարելի է ասել` գայթակղվում են ու շտապում են արագ մեծանալ, որպեսզի կարողանան զենք կրել: 1996թ. բացված «Բուրաստան» ՍՊԸ տնօրենը զբաղվում է միայն արցունքաբեր, գազային տեսակի զենքի բիզնեսով: Գազային զենքը թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերի կիրառմամբ կենդանի նշանակետը ժամանակավորապես շարքից հանելու համար է նախատեսված: Նրա խոսքերով՝ ՀՀ ցանկացած քաղաքացի վերոնշյալ փաստաթղթերի առկայության եւ դատվածություն չունենալու պարագայում իրավունք ունի իրենց խանութից զենք գնել: Նշենք, որ դատվածություն ունեցող որեւէ քաղաքացի ոչ մի դեպքում զենք կրելու թույլտվություն չի կարող ստանալ: Թույլատրման հետ կապված ամբողջ թղթաբանությունն արվում է ՆԳՆ Ինֆորմացիոն կենտրոնում, ապա, դրական պատասխանի դեպքում, քաղաքացին կարող է զենք գնել: Գազային զենքերը, ինչպես նշեց Ա. Սարդարյանը, քաղաքացիները կրում են ինքնապաշտպանության նպատակով: Հաճախորդների հիմնական զանգվածը խոշոր ֆինանսների հետ առնչվող մարդիկ են՝ սովորական քաղաքացիները, տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները, բանկերի ներկայացուցիչները եւ այլք: Պրն Սարդարյանը լիցենզավորված գազային զենքեր ներկրում է Թուրքիայից, Գերմանիայից, Իտալիայից, ընդ որում, նա Հայաստանի քաղաքացիություն չունենալու պատճառով` անձամբ Հայաստանում զենք կրելու թույլտվություն չունի: Ինչ վերաբերում է տարվա կամ ամսվա կտրվածքով զենքի սպառմանը, ապա նա մեր զրույցի ամենասկզբում նշեց թվով 30 զենք, ապա, խուսափելով կոնկրետ պատասխանից, մեջբերեց, թե վաճառքը ստաբիլ չէ, եւ մեր համաքաղաքացիներից շատերն այսօր զենք ունեն, իսկ դա այն ապրանքը չէ, որից անընդհատ մարդը կգնի: Քաղաքում երբ աղմկոտ իրադարձություններ են լինում, խանութի հաճախորդներն ակտիվանում են, բայց նրանք գնորդներ չեն, պարզապես հետաքրքրվողներ են: Գազային զենքի գները տարբեր են՝ սկսած 100 դոլարից, վերջացրած՝ 80.000 դրամով: Օրինակ, «Վոլտրան» կոչվող զենքն արժե 80.000 դրամ, «Իժն» արժե 190.000 դրամ, «Բլոն»՝ 100.000 դրամ: Պրն Սարդարյանի հավաստմամբ՝ քաղաքացիները հիմնականում գնում են էժան զենքեր, հետեւաբար, դրանց սպառումն անհամեմատ մեծ է, իսկ թանկարժեք զենք հազվադեպ է վաճառվում: Վերջերս զենքով հետաքրքրվում են նաեւ աղջիկները, ոմանք զենքը գնում են իրենց անվտանգությունն ապահովելու համար, ոմանք էլ պարզապես հավանում ու գնում են «թիթիզանալու համար»: «Մարդիկ զենք կրում են հիմնականում իրենց վստահ զգալու համար, մի տեսակ արխայինանում են,- ասում է Ա. Սարդարյանը։ -Դե՛, զենքը Գերմանիայից է սկսվել, նրանց հաշվարկն է: Նորմալ հաշվարկ է, պետք եղած դեպքում` ինքն իր գործն անում է: Մարդ կա, տարիներով զենք է կրում, պետք չի գալիս, բայց մի օր էլ պետք է լինում: Մենք համագործակցում ենք «Ումարեքս» եւ մի քանի այլ զենքի ֆիրմաների հետ: Զենքի վաճառքի լիցենզիա ստանալու համար հարկավոր է ապահով տարածք»: Համեմատելով նախորդ տարիների հետ, Ա. Սարդարյանն ասաց, որ զենքի սպառման առումով փոփոխություններ չկան, զենքի վաճառքը, կարելի է ասել, ստաբիլ ընթացք ունի: «Զենքը պեսոկ չի, որ ձմեռվա գալու հետ մեկտեղ` մարդիկ առնեն-տանը պահեն,- ասում է նա,- այս գործը քանի գնա` մեռնելու է, որովհետեւ կոշիկ չի, որ մաշվի, նորից առնեն: Մի անգամ առնում են ու վերջ»: «Բուրաստան» ՍՊԸ խանութում կային նաեւ սառը զենքերի տեսակներ՝ դանակներ, դաշույններ, որոնց վրա, ինչպես նշեց Ա. Սարդարյանը, հաճախորդներն այնքան էլ ուշադրություն չեն դարձնում:

«Տէց-ի կռուգից» հետո պաշտպանվում են լրագրողներից

«Vip security systems» ընկերությունը, ներկայացնելով անվտանգության համակարգեր, հասարակությանը կոչ է անում դիմել իրենց, «քանզի վճռորոշ եւ ճակատագրական կարող է լինել հապաղման յուրաքանչյուր րոպեն»: Ընկերությունը, «հաշվի առնելով աշխարհում այսօր տիրող անկայուն իրավիճակը, ահաբեկչությունների աննախադեպ աճը, արձանագրելով քրեական հանցագործությունների, հատկապես` խոշոր գողությունների, աշխուժացումը առաջարկում է անվտանգության պահպանման տարբեր պարագաներ՝ հակակողոպուտային ու հակահրդեհային անվտանգության միջոցներ, համակարգեր, տեսահսկման ու փաստագրման համակարգեր, անվտանգության եւ էսկորտ ծառայություններ, հակաահաբեկչական տեխնիկա, մուտքի հսկման ու կառավարման համակարգեր, սեյֆեր, մինի-հեռախոսներ, ինֆորմացիոն պաշտպանության միջոցներ եւ այլ պարագաներ»: Փորձելով որոշակի տեղեկություններ ճշտել, թե հատկապես «տէց-ի կռուգի» դեպքերից հետո հասարակության ակտիվությունն այս ուղղությամբ որքանով է ավելացել, դիմեցինք «Vip security systems» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Գաբոյանին: Նա ասաց, որ անվտանգության պահպանման սարքերի նկատմամբ առանձնապես մեծ ակտիվություն չնկատվեց, քանի որ իրենց ներկայացրած սարքերից հիմնականում օգտվում են «vip» հույժ կարեւոր անձինք, ոչ թե շարքային քաղաքացիներ: Աշխարհում ընդունված կանոնների համաձայն, «vip» անձինք, ի տարբերություն այլ անձանց, առանձնահատուկ ուշադրություն են հատկացնում իրենց անվտանգությանը` ոչ միայն այն պատճառով, որ իրենց անձի ռիսկի գործակիցը սովորական քաղաքացիների ռիսկի գործակցից բարձր է, այլեւ այն պատճառով, որ ցանկացած լուրջ գործընկերոջ մոտ անլուրջ եւ անհեռատես մարդու տպավորություն կթողնեն: Ըստ «Vip security systems» ընկերության քարոզչական բուկլետի վիճակագրության՝ անվտանգության համակարգերով եւ ծառայությամբ պաշտպանված մարդիկ անհամեմատ ավելի քիչ են տուժում զանազան հանցագործություններից ու վթարներից: Նրանց նյարդային համակարգը, առողջությունն ավելի լավ վիճակում է, քանի որ, ինչպես ասում են՝ ամրոցի մեջ ավելի առողջ ու հանգիստ են:

Ի դեպ, «Vip security systems» ընկերությունը բավական զավեշտական խաղ էր նախաձեռնել: Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Գաբոյանը հարցազրույց էր տալիս գրեթե մեկ ժամ՝ խոսելով անվտանգության սարքերի եւ դրանց անհրաժեշտության մասին՝ մեջբերելով բավական համարձակ եւ հետաքրքիր փաստեր: Երբ հարցազրույցն ավարտվեց, վերջինս, հրաժեշտ տալով` կատակեց, թե ինձ անակնկալ է սպասվում, որն էլ, բնականաբար, ընդունեցի որպես կատակ: Հաջորդ օրը, լսելով մեր զրույցի ձայնագրությունը, հասկացա, որ ամբողջ հարցազրույցը դիտավորյալ ձեւախեղվել, խոտանի է վերածվել: Այն հատվածները, որտեղ Հ. Գաբոյանը փաստեր է մեջբերում, ինֆորմացիոն պաշտպանության համակարգի կամ սարքի միջոցով խոտանի է վերածվել, ջնջվել, այդ հատվածներում խոսքն անլսելի աղմուկ էր դարձել: Երբ իր այս արարքի պարզաբանման համար եւս մեկ անգամ դիմեցի Հ. Գաբոյանին, նա ասաց, թե ճռճռան խոսքեր ասելու փոխարեն` իրենք այդ «անակնկալով» տեղում ապացուցեցին, թե ընկերության սարքերի միջոցով ինչպես կարելի է պաշտպանվել: Այնպես որ, մնում է միայն ենթադրել, որ Հ. Գաբոյանն իրականում լրագրողներին համարելով հույժ կարեւոր «vip» անձինք` փորձեց անլուրջ տպավորություն չթողնելու համար ցուցադրել անվտանգության պաշտպանման միջոցներից մեկը: Միգուցե, նաեւ պաշտպանվել:

Հ. Գ. Հիշեցնենք, որ օրերս Տնտեսագիտական պետական համալսարանի նախկին ուսանող, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպա Տիգրան Քեշիշյանի որդի Համլետ Քեշիշյանը Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դեկան Ալբերտ Հովհաննիսյանի վրա կրակել էր «Վոլտրան» գազային ատրճանակով, որն արժե 80.000 դրամ: 2004թ. ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից 700 քաղաքացիների է տրամադրվել գազային տիպի զենք կրելու թույլտվություն, որոնցից մեկը, փաստորեն, ուսանող Համլետ Քեշիշյանն էր: