Թեյն ավելին է, քան ըմպելիքը

17/06/2007

Չինացիները կարծում են, որ ամեն օր յոթ բաժակ թեյ խմելով, երկարացնում ենք մեր կյանքը։ Թեյը մաքրում է օրգանիզմը եւ ի վիճակի է պահպանել օպտիմալ քաշը։ Բայց օգտակար հատկանիշներով օժտված է միայն թարմ պատրաստված թեյը, որի պատրաստելուց հետո 20 րոպեից ավելի չի անցել։ Պատահական չէ, որ Արեւելքում ասում են. «Թարմ թեյը նման է բալասանի, իսկ գիշերը մնացած թեյը նման է օձի»։ Մարդիկ շատ վաղուց են հասկացել, որ թեյը ոչ միայն ծարավ է հագեցնում, այլեւ բուժական հատկություններով է օժտված։ Բանն այն է, որ երբ մենք թեյ ենք խմում, հատկապես՝ տաք, այն քրտնեցնող ազդեցություն է ունենում, որի ընթացքում մաշկի ծակոտիները բացվում են։ Ընդ որում, այդ պրոցեսը կատարվում է բնական, բիոքիմիական ճանապարհով, այսինքն՝ ներսից։ Պրոցեսն անցնում է ողջ մարմնով, դարձնում է այն ավելի թեթեւ եւ հանում լարվածությունը։

Թեյն օգտագործվում է նաեւ իբրեւ կոսմետիկական միջոց։ Չինացիներն, օրինակ, կանաչ թեյի թուրմն ու փոշին օգտագործում են մաշկի խոնավացման համար։ Թեյով եւ մեղրով դիմակն օգտագործվում է թորշոմած մաշկի թարմացման համար. վերցնել 100 գ մեղր եւ 2 ճաշի գդալ թունդ կանաչ թեյ։ Խառնուրդը քսել դեմքին եւ 15 րոպե անց լվանալ սառը ջրով։ Լարված օրվանից հետո կարելի է հանգստանալ ու նյարդերը թուլացնել թեյով լոգարանում։ Վերցրեք թանզիֆ, մեջը լցրեք 2 ճաշի գդալ թեյ, թելով կապեք եւ այն դրեք լոգարանի մեջ։ Հիմա արդեն կարելի է ընկղմվել տաք ջրի մեջ ու հանգստանալ 10-15 րոպե։

Աչքերի տակ ուռածությո՞ւն կա։ Դրանց վրա թեյի բարձիկներ դրեք եւ 10 րոպե հանգստացեք։