ՕԵԿ-ից շարունակում են հեռանալ

15/06/2007

Մայիսի 12-ից հետո «Օրինաց երկիր» կուսակցության շարքերն ակտիվորեն նոսրանում են. Արթուր Բաղդասարյանից հիասթափված բազմաթիվ շարքային կուսակցականներ լքում են ՕԵԿ-ը: Հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ առաջիկայում ՕԵԿ շարքերն ամենայն հավանականությամբ կլքի նաեւ կուսակցության երիտասարդական միության ղեկավար Սամվել Ֆարմանյանը: Հիշեցնենք, որ ՕԵԿ վերնախավի եւ ՕԵԿ համամասնական ցուցակի 13-րդ հորիզոնականում հայտնված Ս. Ֆարմանյանի հարաբերությունները լարվել են հատկապես մայիսի 12-ից հետո, երբ պարզ դարձավ, որ ՕԵԿ-ն ԱԺ-ում ունենալու է 8 մանդատ, ինչը Ս. Ֆարմանյանին պատգամավոր դառնալու հնարավորություն չէր տալիս: Դրանից հետո Ս. Ֆարմանյանն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին առաջարկել էր միջամտել, որպեսզի ցուցակում իրենից առաջ գտնվող ոմանք ինքնաբացարկ հայտնեն, որպեսզի ինքը դառնա պատգամավոր: Իսկ նման միջամտության անհրաժեշտությունն էլ Ֆարմանյանը հիմնավորել էր նրանով, որ ինքը մեծամասնականով ավելի շատ ձայն է ստացել, քան ՕԵԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում գտնվող, կուսակցության փոխնախագահներ Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանը, եւ, հետեւաբար, ըստ Ֆարմանյանի, արդար չի լինի, որ նրանք պատգամավոր դառնան, իսկ ինքը՝ ոչ: Ա. Բաղդասարյանը չէր ընդառաջել Ֆարմանյանին, ինչն էլ նրանց միջեւ լարվածության պատճառ էր դարձել: