Արարատի մարզի 1-ին ատյանի դատարանում երեկ պետք է շարունակվեր ԱԺ նախկին պատգամավոր «Հակոբ Հակոբյան եւ մյուսներ» քր.գործի դատավարությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ Հակոբյանի փաստաբանը միջնորդել էր դատը հետաձգել, քանի որ իր պաշտպանյալ Հակոբ Հակոբյանը գտնվում է նախաինսուլտային վիճակում եւ բուժում է ստանում Երեւանի հիվանդանոցում: Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ, նիստը նախագահող Գագիկ Սարգսյանը հարցում էր կատարել նշված հիվանդանոց, եւ երեկ դատական նիստի ժամանակ տեղեկացրեց, որ իրենց հարցմանը հիվանդանոցից ոչ մի պատասխան չի ստացվել: Դատարանը երեկ որոշում է կայացրել հետաձգել դատական նիստը, որպեսզի դատարանի աշխատակիցը անձամբ մեկնի Երեւան, նշված հիվանդանոց եւ պարզի իսկությունը: Հիշեցնենք, որ այս քրգործը հարուցվել է նախորդ տարվա հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած դեպքի առիթով, երբ Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին պատկանող հաշվիչ կայանի տարածքում Հ. Հակոբյանն իր մի քանի համախոհների հետ վիճաբանության մեջ էր մտել Ռոբերտ Քոչարյանի Անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, եւ հետո կրակահերթ էին բացել միմյանց ուղղությամբ: Ի դեպ, երեկ Հ. Հակոբյանի բջջային հեռախոսն անընդհատ անհասանելի էր, եւ մեզ չհաջողվեց տեղեկություններ ստանալ նրա առողջական վիճակի մասին: