Ադրբեջանում սպանել են «Մոնիտոր» ամսագրի խմբագրին

12/05/2005 Լիանա ՍԱՅԱԴՅԱՆ, www.hetq.am

Մարտի 2-ին Ադրբեջանի ժամանակով ժամը 20-ին սպանել են Ադրբեջանի ամենաժողովրդական եւ արմատական ամսագրի` «Մոնիտորի» գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովին: Ինչպես հայտնում են ադրբեջանցի լրագրողները, «այդ պատվիրված ողբերգությունը տեղի է ունեցել շենքի մուտքի մոտ, երբ Էլմարը բարձրանում էր իր բնակարան»: Փորձագետները լրագրողի սրտից հանել են երկու գնդակ, երրորդը վնասել է բերանը եւ ուղիղ դուրս եկել: Հուսեյնովի` մուտքին մոտենալուց հինգ րոպե առաջ շենքում անջատվել է էլեկտրաէներգիան, իսկ նրա բնակարանում` քաղաքային հեռախոսը: Հետմահու պարզվել է, որ անջատված է եղել նաեւ խմբագրի բջջային հեռախոսը:

Հուսեյնովի գործընկերներն ասում են, որ Էլմարին եւ նրա ընտանիքին բազմիցս սպառնացել են: Նման հայտարարություններն Ադրբեջանի իշխանությունները որակում էին` որպես «ինքնագովազդ», թե իբր «Հուսեյնովն այդ կերպ ինքն իրեն «գովազդում է», որ դա, «ամենայն հավանականությամբ, հուսալքված եւ հոգեպես հիվանդ մարդու զառանցանք է»:

Խմբագրի սպանությունից 20 օր առաջ, ըստ ադրբեջանական աղբյուրների, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն առեւանգել է «Մոնիտոր» ամսագրի թղթակից Աքպեր Հասանովին: Առեւանգումից մեկ օր հետո Պաշտպանության նախարարության Մամուլի ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը մամուլի ասուլիսի ժամանակ «հրապարակել է» Հասանովի, այսպես կոչված, «զղջման նամակը»։ Թղթակիցն, իբրեւ թե, ասում է, որ դիտավորյալ եւ հանդուգն կերպով զրպարտել եւ վիրավորել է ադրբեջանական Զինված ուժերին, եւ իշխանությունների հասցեին այդ բոլոր վիրավորանքների նախաձեռնողը Էլմար Հուսեյնովն է:

Ադրբեջանի հասարակությունը ցնցված է. «Լրագրողներին ծեծում էին, բայց սպանե՞լ»,- գրում է ադրբեջանցի իրավապաշտպաններից մեկը: Նրանք Հուսեյնովի սպանությունը կապում են Ադրբեջանի իշխանությունների հետ: «Հեյդար Ալիեւը գիտեր խաղի կանոնները, իսկ Իլհամը թույլ է եւ հայտնի ամենաթողության իր հակվածությամբ: Եվ քանի որ Էլմարը «Մոնիտորի» համարներում մշտապես անխնա քննադատում էր նրան, նախագահը կարող էր պարզապես իր շրջապատին ասել. «Լռեցրե՛ք նրան»,- ասում է մեր աղբյուրներից մեկը:

«Մոնիտորի» խմբագրի սպանության հետաքրքիր վարկած է առաջ քաշում Ադրբեջանի հայտնի իրավապաշտպաններից մեկը, ում անունը, նրա անվտանգության նկատառումներով, չենք նշում: Փետրվարի 11-20-ը «Մոնիտորի» թղթակից Էյնուլա Ֆաթուլաեւն այցելել էր ԼՂՀ եւ Աղդամի շրջան: Վերադարձից հետո նա Ադրբեջանում պատմել է իր տպավորությունների մասին: Ըստ մեր աղբյուրի` Ֆաթուլաեւը շատ պրովոկացիոն մարդ է, եւ նրան չի կարելի վստահել. «Ես միշտ Էլմարին ասում էի, որ զգուշանա նրանից: Վերադարձից հետո Ֆաթուլաեւն այնպիսի հայտարարություններ է արել, որոնք ակնհայտորեն կարող էին սրել հակահայկական տրամադրությունները եւ բացասական վերաբերմունք առաջացնել Էլմար Հուսեյնովի եւ «Մոնիտորի» նկատմամբ: Ես չեմ զարմանա, եթե իշխանություններն ամեն ինչի համար մեղադրեն «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությանը»` ասելով, թե խմբագրին սպանել են ժողովրդական ցասման ալիքի վրա»: