Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ: Կարելի է այսպես պատասխանել` «Ուր ասես»: Մի կողմից` կարելի է ասել, որ ճակատագիրն է հայերին սփռել աշխարհով մեկ, բայց մյուս կողմից դժվար է միայն ճակատագրին մեղադրելը։ Հայերը, առհասարակ, սիրում են ապրել օտար ափերում: Եվ, դրսում ապրելով, նրանք հայկական թաղամասեր, փողոցներ են անվանակոչում: Հայերին, սակայն, դժվար է հասկանալ, ճիշտ այնպես, ինչպես դժվար է հասկանալ, թե ինչու են հայերը Երեւանի թաղամասը կոչել Բանգլադեշ, Վանաձորում` Կոնգո, Գյումրիում` Թուրքի մայլա եւ այլն:
Այնուամենայնիվ, Հայաստանում տիրող մարդկային փոխհարաբերությունները տեսնելով` կարելի է հանգել մի եզրակացության. այն է՝ հայերի ամենասիրած բնակավայրը ջունգլիներն են: Հայերին միշտ դուր է գալիս էքստրեմալ պայմաններում ապրելը: Իսկ ինչո՞ւ ջունգլիներում: Քանի որ Հայաստանից բացի, երեւի, մեկ էլ` ջունգլիների օրենքով է, որ յուրաքանչյուրն ապրում է ինքն իր համար: Համախմբվել չեն սիրում: Որոշ միամիտ քաղաքական գործիչներ արդեն 15 տարի կոչ են անում՝ Հայաստանում քաղաքացիական հասարակություն ձեւավորել: Հարգելիներս, քաղաքացիական հասարակություն ստեղծելու համար նախ՝ անհրաժեշտ է հասարակություն, քաղաքացիներ ունենալ: Իսկ Հայաստանում առայժմ եւ հիմնականում մարդկանց խումբ է բնակվում (ավելի ճիշտ` մարդանման էակներ) եւ ոչ թե՝ հասարակություն: Որպեսզի ավելի պատկերավոր լինի ասածս, միասին փորձենք վերհիշել Ռ.Կիպլինգի «Մաուգլին»: Ճիշտ մեր իրականությունն է:
Հայաստանում մարդիկ իրար հետ լավ են միայն այն դեպքում, երբ «միեւնույն արյունն» ունեն, այսինքն` նույն կուսակցական տոմսը (Հիմա ավելի մոդայիկ է դարձել կուսակցական կրծքանշանը: Դա էլ երեւի նրա համար է, որ ճանաչեն եւ հանկարծ «սվոյ մարդուն» չվնասեն): Իհարկե, շատ հազվադեպ, բայց գրանցվում են համախմբման դեպքեր: Բայց դա միայն ազգային դժբախտությունների պահերին է լինում, երբ անհրաժեշտ է լինում պաշտպանվել «շեկ շների ոհմակից», կամ էլ, երբ բնական աղետներ են լինում, եւ բոլորը ստիպված են լինում «նույն տեղից ջուր խմել»: Ինչ խոսք, այդ դեպքերում էլ գտնվում են «շակալներ», որոնք փախչում են դեպի հյուսիս: Ի տարբերություն ջունգլիների, մեր «շակալները» փախչում են բոլոր ուղղություններով: Իսկ մակակաները, որոնք ժամանակ առ ժամանակ, երբ իրար գլխի են հավաքվում, փորձում են ցույց տալ, որ իրենք ջունգլիներում շատ են եւ կարող են ինչ-որ հարցեր լուծել, մի խոսքով` ընդդիմություն են խաղում, Կաա պիթոնին տեսնելուն պես` սառչում են եւ համաձայնում ցանկացած համագործակցության: Այդպիսին են ջունգլիների օրենքները:
Միայն ջունգլիների օրենքով է հնարավոր օրը ցերեկով քաղաքի կենտրոնում փոխհրաձգություն կազմակերպել: Միայն ջունգլիների օրենքների համաձայն «ջիփազգիները» կարող են տրորել բոլորին եւ մնալ անպատիժ, որովհետեւ միայն ջունգլիներն են ղեկավարվում ատամի եւ թաթի ուժով եւ ոչ թե՝ մտքի զորությամբ։
ԱԺ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Ակելան վրիպեց, եւ հիմա «ստայան» ստիպված է նոր առաջնորդ ընտրել: Բայց, ի տարբերություն Կիպլինգի Ակելայի, հայկական Ակելան չի շտապում հայտարարել, որ ոհմակին նոր առաջնորդ է հարկավոր: Չի բացառվում, որ մեր Ակելան ուզում է ապացուցել, որ այդ վրիպումը պատահականություն է, եւ ինքը դեռ կարող է երրորդ անգամ դառնալ «վաժակ»: Բայց: Պետք է հիշել, որ երբեմն ջունգլիների բնակիչներն առանց ընտրությունների էլ կարող են իրենց համար արդեն որպես նոր «վաժակ» «պրիզնատ գալ» մեկ ուրիշին: Լավատես լինելով, հույս ունենանք, որ գոնե նոր առաջնորդը կզրկի մեզ «շակալների եւ վագրերի» ընկերակցությունից: Իսկ ավելի լավ կլինի, եթե մենք ընդհանրապես դուրս գանք ջունգլիներից, եւ Մաուգլիի օրինակով վերադառնանք մարդկության շարքերը:
Այդ նույն լավատեսությունն ինձ հուշում է, որ թեեւ ջունգլիներում շատ շոգ է, բայց ժամանակ առ ժամանակ այնտեղ տեղում են տրոպիկական անձրեւներ, որոնք սրբում- տանում են կուտակված փոշին եւ կեղտը: Հայաստանին այդ տրոպիկական անձրեւն է պետք, որպեսզի մաքրի բոլոր կեղտերն, ու ամեն ինչ նոր էջից սկսվի: Ամեն դեպքում, անձրեւից հետո շնչելն ավելի հաճելի է դառնում: Իսկ մեզ մոտ առայժմ մանր-մունր անձրեւներ են տեղում, որից հետո շիկացած ասֆալտից գոլորշիացած ջուրն ավելի է սկսում խեղդել մարդկանց: