Զբոսաշրջիկությունն է՞լ է ստվերում

15/06/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ կառավարության, Զբոսաշրջության զարգացման գործակալության եւ ամերիկյան USAID-ի համատեղ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը եկել են Ռուսաստանից եւ Վրաստանից: Ընդ որում` այս երկու երկրներից ժամանել են գրեթե հավասար քանակի զբոսաշրջիկներ. 36 %-ը եկել է ՌԴ-ից, իսկ 35,9 %-ը՝ Վրաստանից:

Ճիշտ է, այս տվյալներն անցած տարվա վերջին 4 ամիսների ուսումնասիրության արդյունք են, բայց, ամենայն հավանականությամբ, նույն պատկերն է լինելու նաեւ ամբողջ տարվա համար: Իսկ համեմատության մեջ այս ցուցանիշները բավականին հետաքրքիր են այն առումով, որ ՌԴ-ի բնակչությունն ավելի քան 20 անգամ շատ է, քան Վրաստանինը, եւ ՌԴ-ում ապրում են 5-6 անգամ ավելի շատ հայեր: Թվում էր` ամենաշատ զբոսաշրջիկները պետք է ՌԴ-ից գային, հատկապես, երբ ՀՀ-ի տնտեսական կապն այդ երկրի հետ համեմատաբար մեծ է: Բոլոր դեպքերում այս հավասարությունն առաջին հայացքից զարմանալի է: Բայց երբ մենք փորձում ենք հասկանալ, թե ո՞վ է զբոսաշրջիկը, կամ ո՞րն է զբոսաշրջությունը, ամեն ինչ տեղն է ընկնում: «Զբոսաշրջիկ՝ այցելու, որը ճանապարհորդություն իրականացնելիս ժամանման վայրում (երկրում) անցկացնում է առնվազն մեկ գիշեր»,- նշված է «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում: «Զբոսաշրջություն՝ ճանաչողական, հանգստի, առողջարարական, մարզական, կրոնական, ազգականներին այցելության, մասնագիտական, գործնական եւ այլ նպատակներով բնակության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչեւ մեկ տարի անընդմեջ ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեություն»,- նշված է օրենքի մեկ այլ դրույթում:

Վրաստանում ապրում է մոտ 400.000 հայ, որոնք ՀՀ-ում ունեն բարեկամներ: Այս երկրների միջեւ ունեն բավականին էժան տրանսպորտային կապ, եւ վրացահայերի համար մեծ խնդիր չէ մի քանի օրով հյուր գալը: Անցյալ տարի Հայաստան է եկել մոտ 481.000 զբոսաշրջիկ, իսկ Վրաստանի բաժինը կազմում է մոտ 173.000: Բացի այդ, վրացահայերը բարձրագույն կրթություն ստանում են Հայաստանում: Կրթության եւ գիտության նախարարության տվյալներով, մեր բուհերում սովորում են Վրաստանի 1273 քաղաքացիներ: Ընդ որում` սա ՀՀ-ում կրթություն ստացող օտարերկրացի ուսանողների կեսից մի փոքր ավելին է: Վրացահայ ուսանողներից յուրաքանչյուրն ուսումնական տարվա ընթացքում մի քանի անգամ գնում է հայրենի Ջավախք կամ մեկ այլ շրջան: Եվ այդ ուսանողի կողմից յուրաքանչյուր անգամ Հայաստան վերադառնալը համարվում է 1 զբոսաշրջային այց: Զբոսաշրջություն է համարվում նաեւ ախալքալաքցու այցելությունը Երեւանում ամուսնացած իր քրոջը, վիրահատության համար գալը, եւ այդպես շարունակ: Ահա այս եւ նման այլ այցելություններն են գումարվում ու հետո դառնում զբոսաշրջության զարգացումն ապահովող թվաբանություն: Այնպես որ` բոլորովին էլ զարմանալի չէ, որ ամենաշատ զբոսաշրջիկները գալիս են Վրաստանից: Եվ բոլորովին էլ իզուր չէ, որ զբոսաշրջիկ կոչվածների 51 %-ը գալիս է բարեկամներին եւ ընկերներին այցելելու, 2 %-ը` կրթություն ստանալու, 4 %-ը` բուժվելու, 12 %-ը` գործարարության եւ այլ նպատակներով: Եվ միայն 9 %-ը կամ 43.000 այցելուներն են գալիս հանգստանալու: Եվ, դասական իմաստով, զբոսաշրջիկ կարելի է համարել ընդամենն այս 9 %-ին:

Ոլորտի պատասխանատուները տեղեկացնում են, որ զբոսաշրջության ոլորտը մեր երկրում թափ հավաքեց 2001թ. Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի միջոցառումներից հետո:

«Եթե 2000թ. եկել էին 40-45.000 զբոսաշրջիկ, ապա 2001թ. այդ թիվը եռապատկվեց,- ասում է Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Զբոսաշրջության զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ -Դրանից հետո ոլորտի միջին տարեկան աճը եղել է 25 %»: 2004թ. ընդունվեց ոլորտը կանոնակարգող օրենքը, որը զբոսաշրջությունը համարեց գերակա ճյուղ: Օրենքը փոխեց նաեւ հաշվառման մեթոդոլոգիան, եւ զբոսաշրջիկ համարվեց Հայաստան ոտք դրած յուրաքանչյուր այցելու:

«Այո, հաշվարկման մեթոդոլոգիայի փոփոխման արդյունքում նույնպես աճ եղավ, բայց դա միայն մեթոդոլոգիայի արդյունք չէր: Արդեն կատարված աշխատանքների, տարվող պետական քաղաքականության արդյունք էր,- ասում է պարոն Ապրեսյանը:- Ավելացնեմ, որ զբոսաշրջության զարգացումը վերջնական նպատակ չէ. դա երկրի կենսամակարդակը բարձրացնելու արդյունավետ եւ հիմնական միջոցներից է: Զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ մեզ մոտ եկող մարդն ապրանքների եւ ծառայությունների պահանջարկ է առաջացնում, գումար է ծախսում, երկիր տարադրամ է մուտք գործում: Դա իր հերթին բերում է աշխատատեղերի ավելացում, եկամուտ է ստեղծվում»:

Բայց ամենազարմանալին այն է, որ զբոսաշրջիկ են համարվում նաեւ Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր 183 օրից ավելի ապրել կամ աշխատել են Ռուսաստանում, Բելառուսում կամ որեւէ այլ երկրում: Եթե նրանք տարվա մեջ մի քանի ամիս գալիս են Հայաստան, ապա համարվում են զբոսաշրջիկ: «Նրանք ՀՀ-ում ստեղծվող պահանջարկին հիմնականում չեն մասնակցում եւ դառնում են զբոսաշրջիկ,- ասում է Մ.Ապրեսյանը:- Նրա կենսական շահերի կենտրոնն արդեն Հայաստանը չէ»:

Եվ այսպես տարեցտարի մեր վիճակագիրներն ավելացնում են Հայաստան այցելող «զբոսաշրջիկների» քանակը, եւ այս տարի ոլորտը կզարգանա նորից 20 %-ով, եւ հույս կա, որ մեր երկիր կգան մոտ 450.000 այցելուներ: Մեր զրուցակիցը շեշտեց, որ զբոսաշրջության զարգացման հիմնական նպատակը երկրի կենսամակարդակի աճն է: Որ այցելուները գան, փող ծախսեն, ապրանք եւ ծառայություն գնեն, պահանջարկն ավելանա, արտադրությունն ավելանա, աշխատատեղեր ստեղծվեն, դրանից էլ հարկեր վճարվեն, բյուջեն լցվի, եւ այդ գումարներով երկրի համար բարիքներ ստեղծվեն: Ամեն ինչ շատ լավ է, բայց փորձենք հասկանալ, թե Հայաստանի տնտեսությունը որքա՞ն է օգտվում զբոսաշրջությունից: Դիտարկենք ընդամենը մեկ օրինակ՝ ո՞ւր են գնում հանգստանալու եկած զբոսաշրջիկների ծախսերը: Պարզ է, որ նրանք հիմնականում հանգրվանում են հյուրանոցներում: Երեւանի գրեթե բոլոր խոշոր հյուրանոցներում կան հանգստացող կամ գործնական, պաշտոնական եւ այլ նպատակներ ունեցող զբոսաշրջիկներ: Բոլորս էլ գիտենք, որ մեր հյուրանոցները շատ թանկ են: Օրինակ, «Երեւան» հյուրանոցում 1 օրվա վարձը 64-119.000 դրամ է, «Ավիատրանսում»` 28-80.000 դրամ: Կան նաեւ ավելի թանկ տարբերակներ: Եվ շատ դեպքերում այդ վարձի մեջ չի մտնում նույնիսկ մեկ բաժակ սուրճը, ուր մնաց թե՝ նախաճաշը: Այսպիսով պարզ է դառնում, որ Հայաստան եկող զբոսաշրջիկի հիմնական ծախսը տանում են հյուրանոցները: Սակայն, Վիճվարչության տվյալներով, 2006թ. հյուրանոցային բիզնեսն աճել է ընդամենը 0,1 %-ով: Դա մենք տեսնում ենք նաեւ Հարկային ծառայության տվյալներում: 300 խոշոր հարկատուների ցանկում ընդամենը 1 հյուրանոց է հայտնվել: Ընդ որում` յուրաքանչյուր տարի կառուցվում են նորանոր հյուրանոցներ, վերակառուցվում եւ հարկաբաժիններով համալրվում հները: Ո՞րն է հակասությունը: Այստեղ տրամաբանությունը հուշում է, որ հյուրանոցային բիզնեսը գործում է ստվերում: Իսկ եթե զբոսաշրջիկներն իրենց գումարների մեծ մասը ծախսում են հյուրանոցների վարձավճարների վրա, ապա սա նշանակում է, որ զբոսաշրջությունն էլ է ստվերում: Պարզվում է, որ տարեցտարի 20 եւ ավելի տոկոս աճ արձանագրող զբոսաշրջությունը դեռ չի նպաստում երկրի կենսամակարդակի բարձրացմանը: Միայն մեր բերած օրինակը բավարար է հասկանալու համար, որ ոլորտում ձեւավորվել է ստվերային հսկա տնտեսություն, որը լցնում է ոչ թե պետական, այլ հյուրանոցատերերի բյուջեն: