Մի քանի տարվա խաղաղ կյանք

15/06/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման կարելի է փակված համարել՝ համենայն դեպս առաջիկա մի քանի տարիների համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շվարած իրար երեսի են նայում ու չեն հասկանում, թե ինչ նոր բան կարելի է հորինել, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարծես գոհ են։ Առանձին հայ քաղաքագետներ վստահություն են հայտնում, որ մինչեւ 2025 թվականը պատերազմը չի վերսկսվի (ափսոս՝ կոնկրետ ամսաթիվն ու ժամը չեն նշում), ուրիշները կարծիք են հայտնում, որ առաջիկա տարիների բանակցային «պաուզան» պետք է օգտագործել եւ բնակեցնել ազատագրված տարածքները (ափսոս՝ կոնկրետ չեն նշում, թե որտեղից են բնակիչներ «ստեղծելու» կամ որ պատճենահանման սարքով են բազմացնելու Հայաստանի ազգաբնակչությանը), եւս մի քանի հոգի վստահություն են հայտնում, որ Հայաստանը դեռ բավականին ժամանակ կարող է տնտեսական երկնիշ աճ ապահովել (ափսոս՝ կոնկրետ չեն նշում, թե որ ոլորտներում եւ ինչի հաշվին), եւ այլն։

Պայմանավորվենք այսպես. ղարաբաղյան բանակցություններին այլեւս չենք անդրադառնա։ Համարենք, որ այդ թեման մի քանի տարով փակված է, եւ առաջ անցնենք։ Խոսենք այն մասին, թե ի՞նչ ուղղությամբ է զարգանալու երկիրն այդ մի քանի տարիների ընթացքում։ Այստեղ արժե քննարկել երկու ամենակարեւոր հարցերը՝ տնտեսություն եւ դեմոգրաֆիա։ Սկսենք տնտեսությունից։

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ երկնիշ տնտեսական աճն ապահովվում է հիմնականում շինարարության հաշվին։ Կշարունակի՞ արդյոք շինարարությունն աճել նույն տեմպերով։ Ոչ, շինարարության ծավալները նույն տեմպերով չեն աճի։ Այդ միտումն ակնհայտ է արդեն այսօր։ Եվ դա հասկանալի է. Երեւանում այսօր հիմնականում բնակելի շենքեր են կառուցվում, իսկ բնակչության թիվը չի աճում։ Ո՞ւմ համար պիտի կառուցեն։ Նայեք «էլիտար» շենքերին. հիմնականում դատարկ են։ Նայեք Երեւանի արվարձանների «էլիտար» թաղամասերին։ Ամենուրեք մեկը մյուսից շքեղ առանձնատներ են, ու բոլորը՝ դատարկ։ Ապրողներ չկան։ Իսկ դա նշանակում է, որ շինարարության ծավալներն առաջիկայում կտրուկ նվազելու են։ Հետեւաբար՝ երկնիշ տնտեսական աճը հօդս է ցնդելու։

Իսկ գուցե դրամի ամրապնդման գործընթա՞ցն է կանգ առնելու։ Ոչ, ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են, որ «առկա միտումները» դեռ մի քանի տարի շարունակվելու են։ Թե ինչ է նշանակում դա տեղական արտադրության համար՝ կարծում ենք, բացատրել պետք չէ։ Միայն մի օրինակ բերենք։ Վերջերս կարտոֆիլի գինը շուկայում «անսպասելիորեն» հասավ 400 դրամի, եւ ինչ-որ մարդիկ անմիջապես սկսեցին Թուրքիայից ու Վրաստանից կարտոֆիլ ներմուծել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ եթե կարտոֆիլի գինը մի դոլարից ավելի է, ներմուծելն ավելի ձեռնտու է, իմաստ չունի աճեցնել։ «Թարսի պես էլ» 2009 թվականից գյուղատնտեսությունը սկսելու է հարկվել… Իհարկե, կարելի է «հանուն ազգային շահի» արգելել կարտոֆիլի ներմուծումը (ի դեպ, իշխանությունները հենց այդպես էլ վարվեցին), բայց նման մեթոդներով երկնիշ տնտեսական աճ կարելի է ապահովել միայն թղթի վրա։

Հիմա անդրադառնանք դեմոգրաֆիային։ Նույնիսկ իշխանություններն են ընդունում, որ Հայաստանը կանգնած է ժողովրդագրական աղետի առջեւ։ Հայաստանում բնակչության թիվը չի աճում, իսկ մարզերում նույնիսկ նվազում է։ Ինչո՞ւ։ Մի՞թե հայերն ընտանիք կազմել չեն սիրում կամ երեխա ունենալու ձեւը չգիտեն։ Գիտեն, պարզապես դա այն ոլորտն է, որտեղ հնարավոր չէ «իրավիճակը շտկել» ադմինիստրատիվ-վարչարարական մեթոդներով։ Ենթադրենք՝ 25-ամյա երիտասարդն ապահովված է կայուն աշխատանքով եւ Հայաստանի չափանիշներով բարձր աշխատավարձ է ստանում։ Ասենք՝ ամիսը 500 դոլար։ Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ եթե նա 25 տարեկանում ամուսնանա, ապա նույնիսկ ամենախիստ խնայողության դեպքում կարող է բնակարան ձեռք բերել… 30 տարի հետո։ Այսինքն՝ երբ կլինի արդեն 55 տարեկան եւ թոռնիկներ կունենա։ Հարց է ծագում. շատե՞րը կհամարձակվեն ամուսնանալ՝ աչքի առաջ այդպիսի հեռանկար ունենալով։ Ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ Հայաստանում այնքան էլ շատ չեն ամիսը 500 դոլար կայուն եկամուտ ունեցողները։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդագրական աղետն աստիճանաբար խորանալու է, որովհետեւ «առկա միտումները» փոխվելու մտադրություն կարծես չունեն։

Բայց մտահոգվելու կարիք չկա։ Ավելի լավ, ինչքան քիչ մարդ լինի, այնքան հեշտ կլինի նրանց կազմակերպելը։ Ու Հայաստանը կշարունակի մնալ տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունը։ Ինչպես հայ ավանդական քաղաքական միտքն է ասում՝ հետո «հալբաթ» մի բան կլինի։