Հուլիսի 19-ին նախատեսված են ԼՂՀ նախագահական ընտրությունները: Առայժմ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է նախագահի թեկնածուների փաստաթղթերը եւ դեռեւս որեւէ թեկնածուի չի գրանցել, քանի որ հանձնաժողովի անդամներից ոչ բոլորն են ծանոթացել թեկնածուների փաստաթղթերին: ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, թեկնածուներին կգրանցեն մոտակա երկու օրերի ընթացքում:
Իսկ այս ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է նախապատրաստվել ընտրություններին. արդեն կազմավորվել են տարածքային ընտրական հանձնաժողովները, իսկ տեղամասային հանձնաժողովները կկազմավորվեն հուլիսի 1-3-ը: Ստեղծվել են նաեւ թվով 277 տեղամասեր, 276-ը` ԼՂՀ տարածքում, իսկ մեկը`ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում:
Սերգեյ Նասիբյանի փոխանցմամբ` ԼՂՀ-ում ընտրելու իրավունք ունեցողների թիվը շուրջ 90 հազար է: Նա նորմալ է գնահատում նախընտրական շրջանը, եւ նշում է, որ ԿԸՀ-ն, բացի «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի` նախագահի թեկնածու, ներկայիս ԱԱԾ ղեկավար Բակո Սահակյանի` վերջին 10 տարում ԼՂՀ-ում չբնակվելու մասին դիմումից եւ նրան հաջորդող մի քանի հ/կ-ի եւ անհատ քաղաքացիների դիմումից, ոչինչ չի ստացել: ԿԸՀ նախագահի գնահատմամբ, նախընտրական այս շրջանում բոլորը գործում են օրենքի սահմաններում:
Հանրապետության 277 ընտրատեղամասերում կքվեարկեն նաեւ զինծառայողները: ԿԸՀ ղեկավարի պարզաբանմամբ, Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների համաձայն, ժամկետային զինծառայողները քվեարկելու են զորամասից դուրս` մոտակա բնակավայրի ընտրական տեղամասում: Իսկ մյուս զինծառայողները` սպաներ, ենթասպաներ եւ այլք, քվեարկելու են իրենց բնակության վայրերի համապատասխան ընտրական տեղամասերում: Ժամկետային զինծառայողների ցուցակները կազմվելու եւ կախվելու են զինվորական մասում` ընտրություններից 15 օր առաջ, իսկ ծրարով ցուցակն ուղարկվելու է տեղամասային հանձնաժողով, որը բացվելու է քվեարկության օրը:
Փոփոխությունների համաձայն, սահմանափակվել են նաեւ քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցողների շրջանակները: «Քարոզչություն կարող է իրականացնել ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի, բացի դատավորներից, Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Դատախազության, Հարկային եւ մաքսային, Սոցապահովության մարմինների աշխատակիցներից, զինծառայողներից, հոգեւորականներից, ընտրական հանձնաժողովի անդամներից, պետական զանգվածային լրատվության միջոցների ղեկավարներից եւ օտարերկրյա քաղաքացիներից: Քարոզչություն կարող են անել բոլոր պետական եւ այլ հիմնարկներում աշխատող մարդիկ (բացառությամբ վերոնշյալների), բայց միայն արձակուրդում գտնվելու դեպքում»,- նշել է պարոն Նասիբյանը:
Հիշեցնենք, որ թեկնածուների գրանցումը կավարտվի հունիսի 19-ին, իսկ իրենց թեկնածություններն արդեն իսկ առաջադրել են 5 հոգի` ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը, փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Արմեն Աբգարյանը, ԼՂՀ Կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը եւ Արցախի Պետհամալսարանի դասախոս Վանիկ Ավանեսյանը:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունիսի 20-ին:
Հ.Գ. ԼՂՀ Ընտրական օրենսգիրքը փոփոխված տարբերակով արդեն տպագրվել է 750 տպաքանակով, որը կբաժանվի հանրապետության բոլոր համայնքներում, ընտրական տեղամասերում, նախարարություններում եւ համապատասխան մարմիններում: Օրենսգիրքը տեղադրված է նաեւ ԿԸՀ կայքում: