Հայաստանում թունաքիմիկատների կուտակումներ կան

15/06/2007 Լենա ՆԱԶԱՐՅԱՆ

ՀՀ Բնապահպանության նախարարության տվյալներով` Հայաստանում կա 500 տոննա հողում թաղված թունաքիմիկատ եւ 18 հազ. տոննա թույներ պարունակող յուղեր, որոնք պետք է ոչնչացվեն: 18.000-ից 16.000-ը էներգետիկ ոլորտում է, 2000-ը` արդյունաբերության:

Հայաստանում չկան թույների ոչնչացման գործարաններ կամ մեխանիզմներ: 1980-ական թվականներին Խորհրդային Միությունում արգելվեց գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների դեմ պայքարելու նպատակով օգտագործել թունաքիմիկատներ, քանի որ դրանք վտանգավոր են մարդու եւ կենդանիների օրգանիզմի համար: Այդ որոշման համաձայն` 1982թ. «Հայգյուղքիմիա» միավորման նախաձեռնությամբ Էրեբունի համայնքի ծայրամասում հողում թաղվեց 500 տոննա թունաքիմիկատ, այդ թվում` 50 տոկոս կայուն քլորօրգանական միացություններ: Թունաքիմիկատների գերեզմանոցը հարակից է Գեղանիստ, Մուշավան եւ Ջրաշեն գյուղերին: Գերեզմանոցից 600-800 մ հեռավորության վրա տեղակայված է ամառանոցային ավան:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի գեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Ռոբերտ Յադոյանը, հիմք ընդունելով լաբորատորիայի հետազոտության արդյունքները, նշում է, որ գերեզմանոցի ստեղծման ընթացքում եղել են մի շարք խախտումներ. թույները թաղվել են պոլիէթիլենե տոպրակներով, այնինչ դրանք պետք է բետոնե տարաների մեջ լինեին: Գերեզմանոցը գտնվում է սողանքների ակտիվ գոտում: «Մենք կարծում ենք, որ սողանքների հետեւանքով տեղի է ունեցել գերեզմանոցի ամբողջականության խախտում, եւ առկա է թունաքիմիկատների արտահոսք գերեզմանոցից դեպի բնակելի միջավայր»,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը:

Երկրաբանների տվյալներով` թունավոր տեղանքի երկարությունը 100 մետր է, լայնությունը` 20, խորությունը` 5 մետրից պակաս: Վրայի պաշտպանիչ կավաշերտը եղել է 2 մետր, բայց հողի էռոզիայի հետեւանքով այսօր ծածկույթի շերտը 1 կամ 1,5 մետր է:

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի իրականացրած հետազոտությունները վկայում են, որ 50 մետր շառավղով վերցված հողի նմուշները 3-ից մինչեւ 1000 անգամ գերազանցում են թունաքիմիական խտացումների թույլատրելի սահմանը: Ուսումնասիրություններ են կատարվել նաեւ շրջակա գյուղերի բնակիչների շրջանում: «Նույնիսկ կրծքով կերակրող կանանց կաթում ԴԴՏ-ի պարունակությունը հասնում էր 100 տոկոսի: Բայց հետո համոզվեցինք, որ իրավիճակը նույնն է նույնիսկ ավելի հեռու տեղակայված գյուղերում: Գուցե մարդիկ դեռ շարունակում են թաքուն ԴԴՏ օգտագործել, կամ էլ դա ժառանգաբար է փոխանցվել: Սա նշանակում է, որ գերեզմանոցը դեռ շատ չի տարածվել, բայց սողանքներն այն մոտեցնում են բնակավայրերին: Այն արդեն մոտ 10 մ տեղաշարժվել է»,- ասում է Լիլիկ Սիմոնյանը: 2004թ. ՀՀ Բնապահպանության նախարարության դիմումով կառավարությունը 8 մլն 504.000 դրամ տրամադրեց տարածքի ցանկապատները եւ անձրեւաջրերի ջրատարները վերականգնելու համար, բայց մասնագետները պնդում են, որ հիմնախնդիրը պահանջում է վերջնական լուծում: Մանավանդ, որ սողանքների հետեւանքով այդ ցանկապատներն ու ջրատարները նորից տեղաշարժվել են:

«Հայաստանում թունաքիմիկատների վնասազերծման գործարան կառուցելն իրատեսական չէ: Այդ գործարանը տեղով վտանգավոր է, իսկ մենք չունենք բնակավայրերից անհրաժեշտ չափով հեռու տարածք: Հետո էլ` մեծ գումարների հետ է կապված: Բոլոր ետխորհրդային երկրները, որոնք ունեն նմանատիպ թունաքիմիկատների կուտակումներ, համագործակցում են այն միջազգային կազմակերպությունների հետ, որոնք տեղափոխում են այդ պաշարներն ուրիշ երկիր, որտեղ կան այն ոչնչացնելու հնարավորություններ եւ փորձ»,- ասում է Լիլիկ Սիմոնյանը:

1 կգ թունաքիմիկատի վնասազերծման ծախսն արեւմտյան երկրներում կազմում է 3-5 ԱՄՆ դոլար: Ֆրանսիական «Էկոարդյունաբերություն, գլոբալ լուծումներ» կազմակերպությունը համաձայնել է համագործակցել թույների տեղափոխման եւ ոչնչացման գործում: 500 տոննա թունաքիմիկատի տեղափոխումը ֆրանսիական կազմակերպությունը գնահատել է 1,5 մլն եվրո:

«Մենք ինքնուրույն չենք կարող լուծել այս խնդիրը: 2001թ. Ստոկհոլմում ստորագրված «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» համաձայնագրի համաձայն` զարգացած երկրները պարտավորվում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել թունաքիմիկատների պաշարներ ունեցող երկրներին՝ խնդրի լուծման համար, բայց ֆինանսավորում ստանալու համար պահանջվում է, որպեսզի պետությունը նույնպես գումար ներդնի: Այդ պատճառով մենք միջնաժամկետ ծրագրերով ներկայացնում ենք խնդիրը` գումարներ հավաքելու համար»,- ասում է Բնապահպանության նախարարության Վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանը: Ստոկհոլմի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» համաձայնագրով թունաքիմիկատների պաշարները Եվրոպայում պետք է ոչնչացվեն մինչեւ 2010թ., իսկ զարգացող երկրներում` մինչեւ 2028թ.: Այժմ այդ տարածքը գտնվում է Արտակարգ իրավիճակների վարչության հսկողության տակ: «Ամիսը 2 անգամ մեր մասնագետները գնում են այնտեղ եւ արձանագրում վիճակը: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք արձանագրել ենք հողի տեղաշարժման նշանակալի հետքեր: Սա կարող է լինել աղետի սկիզբը»,- ասում է Հայաստանի Փրկարարական ծառայության, Բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետի տեղակալ, Մոնիտորինգի կենտրոնի պետ, փոխգնդապետ Միքայել Ղազարյանը:

www.hetq.am