«Օղորմածիկ մերս ասում էր՝ էնքան ես սիրում Ռաջ Կապուրին, վերջը բռադյագա (ռուսերեն՝ թափառաշրջիկ) ես դառնալու»,- հիշում է Ավոն մոր մարգարեությունը։ Ռաջ Կապուրը հնդկական կինոյի աստղ էր, որի ֆիլմերը 70-80-ականներին Հայաստանում շատ սիրված էին։ Հատկապես նրա «Թափառաշրջիկ» ֆիլմը, որը չէր իջնում էկրաններից։ Ֆիլմի երգերը շատերն անգիր գիտեին։
Մայրը ճիշտ էր. ֆիլմի թափառաշրջիկ հերոսի կերպարի մեջ մտնե՞լն էր պատճառը, թե՞ երկրի տնտեսական ճգնաժամը, բայց Ավոն մի օր դարձավ թափառաշրջիկ… 40-ամյա Ավետիք Խաչատրյանը կարծես հենց հնդկական կինոյի միջից դուրս եկած լինի, համ շարժուձեւով, համ էլ երգում է հնդկական կինոների բազմաթիվ երգեր։ Երեխաների անուններն էլ հնդկական կինոներից են. Հրաչը (Ռաջ Կապուրի պատվին) 10 տարեկան է, դուստրերը` Գիտան` 6, եւ Զիտան 4 տարեկան են («Զիտա եւ Գիտա» ֆիլմից)։ Նույնիսկ Գիտայի մեջքի խալը Հնդկաստանի քարտեզն է հիշեցնում։ Իրեն ու որդուն էլ կնքել է բռադյագա՝ Բռադյագա Հրաչ ու Բռադյագա Ավո. «Երիտասարդ ժամանակ ավելի հնդիկի նման էի, մազերս կային, թմբլիկ, բարակ բեղերով»,- ասում է նա։
Այնքան էր սիրում հնդկական կինոներ, որ 80-ականներին հնդիկ ուսանողներից հինդի լեզու է սովորել ու երեք ֆիլմ թարգմանել հայերեն։ Հիշում է իր հնդիկ ընկերոջ խոսքը, որ ասում է հինդիով ու հետո թարգմանում. «Արմինդարը ճիշտ էր ասում՝ կյանքն ավելի բեթար ա, քան մահը»։
Ավոյի կյանքն էլ հնդկական կինոյի է վերածվել. նա դարձել է մի բարի հերոս, որ առանց հիմնական աշխատանքի, միայնակ երեք երեխա է մեծացնում։ Փոքրի հայրն ինքը չէ, բայց պարտքն է համարում նրան էլ հայրություն անել. «Նա էլ ա իմ բալեն։ Արյունով չի որոշվում»։ Կինը լքել է նրան` երեխաներին թողնելով։ Մեկ-մեկ այցելում է ու փոքրին` Զիտային, հետը տանում ու հետո էլի բերում-թողնում։
90-ականներին Ավոյի եղբայրները պարտքի տակ են ընկնում, հայրական տունը ծախում են, հետո գնում Ռուսաստան։ Ավոն վարձով էր ապրում մոր հետ, աշխատում շինարարությունում։ 94-ին ամուսնանում է։ Մեկ տարի անց ծնվում է Հրաչը։ Կինը հեռանում է: Հետո վերադառնում է, ու ծնվում է Գիտան, ու կրկին հեռանում է Գիտայի հետ։
Ավոն կորցնում է աշխատանքը, էլ չի կարողանում վճարել տան վարձը։ Երկու թափառաշրջիկ՝ Ավոն ու երկամյա Հրաչը, ընկնում են փողոցները` անտուն ու սոված։
Ապրում են չոլերի մեջ` տախտակներով կպցրած հավաբնի չափ կացարանում, օձերի ու կարիճների մեջ։ «Աղոթում էի, գիտեմ, որ մարդ Աստծո հետ խոսի, ոչ մի խանգարող բան չի լինի իրեն։ Մեկ էլ գիշերը երեքին աստված քնից հանում ա, Հրաչս` քնած, օձը մտել ա ներս, գիշերվա իրեքին օձը ի՞նչ գործ ունի, քարով խփեցի օձին, փախավ, ու ըտեից, էդտեղից գնացինք»։
Մորաքրոջը խնդրում է` գոնե մի շաբաթով կացարան տա, բայց նա ասում է, որ հարսը չի թողնում։
«Մեկի դուռը ծեծեցի` մի կին բացեց: Ասեցի` մի գիշեր թողեք մնամ, տեղ չունեմ քնելու, էրեխեն մեղք ա։ Ասեց՝ էդ գողության թազա ձեւ ա, հա՞։ Մի գիշեր եմ խնդրում, ուզում եք, ոտիցս կապեք, որ չկարանամ փախնեմ։ Հավատաց, տարավ երկրորդ հարկում տեղ հատկացրեց, առավոտ էլ չայ տվեց»։
Երկու օր Ավոն երեխային կերակրել է աղբի միջից հանած ուտելիքով, հետո գլխի է ընկել, որ կարելի է շիշ հավաքելով ապրել:
Եվ Ավոն միանում է բազմաթիվ չքավորների բանակին, որոնք տնետուն ընկած շիշ են հավաքում ու հանձնում ընդունման կետեր։ «Շատ տարիներ` Հրաչին գիրկս, շալակս, կալյասկի մեջ, գնում էինք շիշ հավաքելու։ Մենք մեր հիմնը ունեինք՝ «Բռադյագա» կինոյի երգը` «Ճանապարհ տուր, կանչում են քեզ»։ Ամեն մեկն ունի իր երգը, մենք էլ ունենք մերը, բալես»։
Կինը երբեմն հայտնվում էր, հետո Գիտային ու նորածին Զիտային էլ է թողնում Ավոյին։
Սկզբում դժվար էր, շատերը տան շեմից հայհոյելով դուրս էին անում, նույնիսկ ուզել էին ծեծել, որ խանգարել է իրենց ու համարձակվել դուռը ծեծել։ Բայց հիմա ունի մշտական բնակիչներ, որ իրեն ճանաչում են ու հատուկ իր համար շշերը պահում են։
Շուտով երկրորդ «գործն» է գտնում: Առավոտները շրջում է շենքերի մուտքերով ու դռան մոտ դրած աղբը թափում: Մեկն ամիսը 200 դրամ է տալիս, մեկ ուրիշը` օրական 50-100 դրամ։ Միայն աղբ թափելով ամիսը 5000 դրամ վաստակում է։
Արանքում պատահում են տարբեր գործեր, օրինակ, մի քանի օր առաջ ավազ է կրել. 39 պարկ չորրորդ հարկ բարձրացնելու համար 2000 դրամ են տվել: «Ճիշտ ա, շատ քիչ էր, բայց ես գոհ եմ Աստծուց։ Ֆայլաբազարից մարդ բերեր, առնվազն 6000 կտար։ Հարցրեց` լա՞վ ա, մեջս մտածեցի` իհարկե վատ ա, բայց ասի` լավ ա, ոչինչ»։
Արդեն 4 տարի Ավոն երեք երեխայի հետ վարձով ապրում է Նորքում` 12 քառակուսի մետրանոց սենյակում՝ առանց խոհանոցի, զուգարանը` բակում։ Ամիսը տալիս է 8000 դրամ։ Տանտերն ուզել է բարձրացնել վարձը, դարձնել 10.000, բայց հետո խղճացել է, թողել նույնը։
Ամեն առավոտ Ավոն գնում է գործի` երեք երեխաներին թողնելով մենակ։ Ինչ Հրաչը սկսել է դպրոց գնալ, էլ հետը չի տանում. «Ասի` Հրաչ ջան, դու դասի պիտի գնաս, արդեն պետք չի իմ հետ գաս: Որ դպրոցում հարցնեն` պապան ինչո՞վ ա զբաղվում, ասա` առեւտուր ա անում»։
Տան գործերը հանձնարարում է Հրաչին. «Էրեկ փողից վատ էի, էս 500 դրամն ա էղածը, պապիրոսի ու հացի փող։ Հրաչ, էս 500 դրամը առ, 2 հաց ես առնում 100 դրամանոց, 300 դրամով էլ կալբաս ես առնում, էդի ծով ա, մինչեւ ես գամ։ Կալբասը թանկերից ցույց չտաս, որ գոնե 3 բուռուճ դուրս գա։ Ոչինչ, էսօր էլ պապիրոս չեմ առնի։ Էսօր կիրակի ա, լավ չի, կետերը փակ են, շատ-շատ զիբիլի փող առնեմ։ Չեմ սիրում կիրակի, չեմ սիրում»։
Ավոն մեկ կիրակին չի սիրում, մեկ էլ` փետրվարը: Ձմռանը մարդիկ քիչ են խմում, շշերը քիչ են: Փետրվարի տան վարձի կեսն է տվել` 4000 դրամ. «Տան տիրոջն ասի` 4 կտամ, եթե ավելին ես ուզելու կամ վրես պարտք թողնես, ավելի լավ ա հանես։ Ասեց` լավ, 4 տուր»: Մի 7-9000 էլ էլեկտրականության համար պիտի տա:
«Ոչինչ, հես ա ամառը կգա, ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Ավոն։
Նա միշտ մաքուր շորերով է, սպիտակ վերնաշապիկով։ Առաջ շորերը ձեռքով էր լվանում։ Հիմա ունի հին, սովետական լվացքի մեքենա, որ տարբեր մարդիկ են նվիրել։ Ճիշտ է, ջուր է թողնում, բայց, ամեն դեպքում, ձեռքով լվանալուց լավ է։
Միայնակ հայրը միայն ուտելիքի, էլեկտրականության ու տան վարձն է հասցնում։ Մնացած ամեն ինչը՝ պատից կախված մուլտերից նկարները, Լոմոնոսովի կիսանդրին, ամանեղենը, հին պլաստիկե սկավառակների նվագարկիչը ու հնդկական երգերով ձայնասկավառակը, գույները կորցրած փոքրիկ հեռուստացույցը, բնակիչների տվածներն են. «Երեխան մեկ էլ ուզում ա` պապա՛, մեքենա, խաղալիք, ասում եմ` բալե՛ս, աստված ողորմած ա, ու իրոք ասելս ու նվերը մեկ ա լինում, մի բնակարան ենք մտնում, ասում են՝ Ավո ջան, երեխայի խաղալիքներ կան, կուզե՞ս»։
Բաղրամյան պողոտայի բնակիչ Վարդուհի Մանուկյանն ասում է, որ մարդիկ շատ են սիրում Ավոյին. «Հասնող, օգնող տղա է, ահագին էլ բան գիտի, սովորական աղքատ չի,- ասում է նա: -Շիշ էլ եմ տալիս, հագուստ էլ, իրեր էլ, որ ափսոսում եմ դեն գցել, տալիս եմ իրան։ Մի տղա էլ ունի՝ Բռադյագան, առաջ հետն էր գալիս»։ Երկու աղջիկների մասին մեծ մասը չգիտի։
Հիմա երեխաները աթոռի վրա փռել են գծանկարներով գրքերը ու ֆլոմաստերներով ուզում են լցնել նկարների գույները, բայց ինչքան սեղմում են, գույն չի գալիս. ուրիշ երեխաներ արդեն օգտագործել են, իսկ նրանց հասել է միայն դատարկ պլաստմասսան։
Ավոն շորի փող էլ չի տալիս, հագինները բնակիչների նվերն են. «Աստվածաշնչում ասվում ա՝ ծաղիկներին գույնզգույն հագուստ եմ հագցրել, բայց, մա՛րդ արարած, դու որ ինձ սիրես մանանեխի հատիկի չափ, անկեղծ, բա քեզ ի՜նչ ձեւի կհագցնեմ-կկապցնեմ»,- ասում է Ավոն` չզգալով, որ իր կյանքը Ավետարանի խոսքերը «խմբագրել» է ու վերիմաստավորել:
Չորս տարի առաջ տանտիրոջը խնդրել էր կնոջ հետեւից գյուղ գնալ ու նրան համոզել, որ հետ գա։ Մինչեւ կգնար, կինը հայտնվում է` գրկին նորածին երեխա. «Ավոն էկավ, ասեց` Վաղո ձյաձյա, տենում ես, տանը կնիկ չկա, դժվար ա, ուզում եմ էրեխեքիս մորը հետ բերեմ: Որ գնաս Լեռնավան բարեխոսես, երեւի քեզ կլսի, կգա,- պատմում է տանտերը՝ Վաղինակը: -Մի էրկու օրից մեկ էլ պատուհանից տեսա` մի կին բարուրը ձեռը իջավ ներքեւ։ Կրծքի էրեխա էր։ Կինն էր։ Էկավ տենց մնաց։ 3-4 ամսից կրծքից կտրեց ու գնաց։ Ավետիքը պահեց էդ էրեխին էլ։ Իրան պապա ա ասում, ուրիշ պապա չի տեսել»։
Հիմա էլ կինը ամիսը մեկ-երկու անգամ երեւում է. «Էրեխեքի մայրը 100 տոկոսանոց չի, 30 տոկոսանոց մեր ա,- ասում է Վաղինակը: -Հիմա թե սրանց վերջը ինչ ա լինելու, ես չգիտեմ»։
Ու դեռ պտտվում է հնդկական կինոյի ժապավենը, ուր պատկերված են բարի ու չար մարդիկ, սերն ու դավաճանությունը, խիղճն ու դաժանությունը… եւ մեծահոգի Բռադյագան, որ աղբ է թափում, շշեր հավաքում ու մեծացնում երեք երեխաներին։ Կինոն դեռ շարունակվում է, ու պակասում է միայն երջանիկ ավարտը:
«Աստված, դու ունես էդ հրաշքները,- դիմում է Ավոն երկինք,- տուր միակ երազանքս` 4 պատ, թեկուզ էս չափի թող լինի, մենակ վարձ չտամ, որ վաղը-մյուս օր ինձ մի բան պատահի, էրեխեքս փողոցում չմնան։ Մեկ էլ` առողջություն տուր, որ կարողանամ մեծացնեմ բալեքիս»։