Ընդհանրապես տաքսիների վարորդները սիրում են ուղեւորների հետ դեսից- դենից խոսել եւ շատ դեպքերում շոյվում են այն ուղեւորների վերաբերմունքից, ովքեր չեն խուսափում լսել իրենց: Ամբողջ օրվա ընթացքում մարդկանց հետ շփումներից` հազար ու մի ինֆորմացիա են ստանում:
«Ջահելությունը գիշերներն այլասերված կյանքով ա ապրում»
Վարորդ Սամվելը թեեւ ընդհանրապես թերթ չի կարդում (ասում է` թերթերը սուտ բաներ են գրում), այնուամենայնիվ, մեր ուղեւորության ընթացքում գրեթե 30 րոպե անդադար պատմում էր առօրյա կյանքի, հաճախորդների, պատվերների, կյանքի դժվարությունների մասին: «Վարորդի գործը զզվելի գործ ա, որովհետեւ շատ բաներ ես տեսնում, շատ բաներ ես լսում, ու գնալով հիասթափությունը մեծանում ա: Քանի կյանքն առաջ ա գնում` էնքան մեր ժողովուրդը վատն ա դառնում: Օրինակ` ջահելությունը, լրիվ հաբռգած վիճակում ա: Էդ գիշերվա սմենին շատ բան ես տեսնում ու էնքան շատ ես զարմանում, որ արդեն սովորական բան ա դառնում էդ լկտիությունը: Ամբողջ գիշեր ջահելությանն ես սպասարկում, մի բարից մտնում են մյուսը, մի կլուբից՝ էն մեկը: Ամբողջ գիշեր այլանդակ կյանքով են ապրում: Ջահել աղջիկ երեխեքը նստում են ավտոն` վրներից շան հոտը փչում ա, մի կողմից՝ արաղի հոտը, մյուս կողմից` պապիրոսի հոտը: Էդ ի՞նչ ա դրանց վիճակը… Բա դրանց ծնողները չգիտե՞ն, թե գիշերներն իրանց լակոտներն ինչով են զբաղվում: Գիշերը նստում են մեքենան, զանգում են մորն ուրիշ բանով են խաբում, հորը լրիվ ուրիշ սուտ են ասում, ու գնում են այլանդակություններ անելու: Էս սերունդը լրիվ անբարոյական ա, լրիվ այլասերված ա»,- զայրացած պատմում է Սամվելն ու զայրույթը մեղմելու համար՝ սիգարետներն իրար ետեւից վառում ու հանգցնում: 5 երեխաների հայր այս տղամարդը Չարենցի փողոցում գտնվող իր բնակարանը վաճառել է եւ ներկայումս Բյուրեղավանում վարձով է ապրում. «Չես հասցնում, ոչ մի ձեւ չես գտնում ընտանիք պահելու համար: Եթե տղամարդը ամբողջ սուտկա աշխատի ու մաքսիմում, էդ էլ` լավագույն դեպքում, 3000 դրամ վաստակի, ուրեմն` էդ մարդը կարա՞ իրան լավ տղամարդ զգա: Ինքը իրան տղամարդ կհամարի՞: 5 երեխա ունեմ, ախր էս վերջինն էլ չնախատեսված էր, էս ծանր պայմաններում չէինք ուզում, բայց դե՛, ստացվեց: Առաջ բազմազավակ ընտանիքներին պարգեւատրում էին, բնակարան էին տալիս, իսկ հիմա՞… Ո՞ւմ ա պետք, որ դու 5 երեխա ես ճկռալով պահում,- հարցնում է նա ու կտրուկ անցում կատարում քաղաքի երթեւեկության խնդրին: -Կուլտուրա չկա, հասկանո՞ւմ եք: Էս ֆիրմա ավտոների տերերը հելնում են վրեդ, կարող ա լխճելով անցնեն ու մի հատ հետ չնայեն, տեսնեն` մեռա՞ր, թե՞ սաղ մնացիր: Ես սովետի տարիներին էլ եմ տաքսի քշել: Էն ժամանակ 2000 մեքենայով ամբողջ քաղաքին սպասարկում էինք, իսկ հիմա սերվիսները շատ-շատ են, որովհետեւ` ով ուզում ա բիզնես դնի` սերվիս ա բացում: Մի ամսում մի մեքենայի փող են առնում: Առաջ ուղեւորներն էլ էին շատ կուլտուրական, իսկ հիմա մարդիկ շատ անշնորհք են դարձել: Էն օրը մի տղա ու աղջիկ են նստել, չգիտեմ՝ էդ տղու ի՞նչն էր, երեւի ընկերուհին էր: Տղեն կողքս ա նստել, իսկ աղջիկը` մենակ հետեւում: Ուրեմն` տղեն հետույքը դեմ ա տվել ինձ ու աղջկա հետ սիլի-բիլի ա անում, խոսում ա: Անընդհատ թարս նայում եմ, ասում եմ` երեւի կհասկանա, բայց սկի վեջն էլ չի, կարծես կողքը մարդ չկա, թքած ունի: Էլ չդիմացա, ասեցի` լսի՛, ես ոչ քո ոտերին եմ կարոտ, ոչ էլ հետույքիդ, որ տնկել ու նստել ես: Եթե ուզում ես ընկերուհուդ հետ շփվես, ուրեմն` իջի, գնա հետեւի նստարանին, իրա կողքը նստի: Բա` ախպեր, սենց, նենց, ու արդեն տուրուդմբոց էր սկսվելու: Նոր աղջիկը միջամտեց, թե` ճիշտ ա ասում, անշնորհք ձեւի ես նստել: Ա՛յ, տենց, կարան նենց վերաբերվեն, ոնց որ իրանք եսիմ ով են, ու դու էլ չկաս»,- վիրավորված պատմում է Սամվելը:
«Մենք շատ գեղացի բաներ ունենք»
Վարորդ Գեւորգը մանրամասն ուսումնասիրելով անցորդներին` հիացմունքով ասում է` «Բայց էս ջահելությունն ինչքա՜ն սիրուն ա: Թե մենք խի՞ ծերացանք, մեր վախտով մի հատ փորը կամ մեջքը բաց հագնված աղջիկ չկար, երնեկ կտայինք, որ նայեինք, հիանայինք: Հիմա էլ նայում ես` ամոթանք են տալիս, թե՝ մեծ մարդ ես, չե՞ս ամաչում: Բայց ո՞նց չհիանաս, եթե սենց սիրուն են կանայք: Մեր ժամանակով կանայք շատ կոպիտ գեղեցկություն ունեին: Հիմիկվա աղջիկները ոնց որ տիկնիկներ լինեն, մաշկերն էլ՝ փայլուն, նուրբ: Օրինակ` էն ժամանակ մենք մեր կնանիքին ծեծում էինք ունք հանելու համար, բայց հիմա որ նայում եմ, թե ինչ սիրուն են էս երեխեքը, ասում եմ` ա՛յ մարդ, յանըմ ի՞նչ գեղցիություն էինք անում: Էն ժամանակ կոսմետոլոգ, բան-ման չկար ու վարսավիրանոց գնալն էլ էր ճոխություն: Հանկարծ որ կնկադ ծունկը բաց լիներ` կտայիր կսպանեիր: Հիմա որ մեծացել եմ, գլխիս եմ տալիս, թե կնկաս խի՞ օր ու արեւ չէի տալիս: Ես ընդհանրապես շատ խիստ ամուսին եմ եղել, իրան շատ բաներից եմ զրկել: Բայց դե՛, սխալ ա էլի, հիմա մեծացել ենք, կյանքներս կարճանում ա, ու ափսոսում եմ, որ անկապ պրինցիպներով եմ ապրել»,- ասում է վարորդ Գեւորգն ու ընկնում հիշողությունների գիրկը: «Մենք` հայ տղամարդիկ, շատ գեղացի բաներ ունենք: Ընկերներով կամ բարեկամներով հավաքվում էինք, ուտում-խմում էինք, բայց կինս իրավունք չուներ նստել, մեր հետ ուրախանալ: Թե ո՞ւմ` ի՞նչ էինք ցույց տալիս, ո՞ւմ մոտ էինք ուզում «կռուտոյ» երեւալ` չգիտեմ: Իրոք, էսօր, երբ հետադարձ հայացք եմ գցում, շատ բաների համար եմ ափսոսում: Էսօր ես ո՞վ ունեմ, ինձ տիրություն անողն ո՞վ ա, կամ ո՞ւմ եմ պետք, պարզ ա, որ Ռուզանիս, բայց ժամանակին խեղճ Ռուզոյի կյանքը կերել եմ: Տենց ա, մարդը մեծանում, նոր խելք ա հավաքում: Ես, օրինակ` շատ եմ ուրախանում, որ ջահելները հիմա ազատ են, մեր նման անկապ պրինցիպներով չեն ապրում: Բաց են հագնվում` լավ են անում: Մարդը պիտի անի էն, ինչն իրան հարմար ա, որ ծերության տարիներին փոշմանելու բան չունենա: Մեր սերունդը շատ կեղծ ավանդույթներով էր ապրում, ու մինչեւ հիմա էլ իրան թվում ա, թե ճիշտ էր ապրում, դրա համար էլ ջահելությանն ա քննադատում»,- ասում է Գեւորգն ու մատնանշում փողոցով քայլող գեղեցիկ աղջիկներին:
«Տաջիկ հալով` ինչ ասես ասել էր»
Վարորդ Նորայրը շատ անփույթ է երթեւեկում, ցրված է, մտածմունքների մեջ է: Հարցնում եմ` «Ինչ որ խնդի՞ր ունեք»: Պատասխանում է` «Ինչ-որ չէ, շատ ծանր խնդիր ունեմ, ու էս իմ գործն էլ նենց ա, որ էս հոգեվիճակով ավելի լավ ա տանը նստես, ավտո չքշես»: Ասում է, որ որդին մեծ պատմությունների մեջ է ընկել: «Դե՛, ասում եք, է՛լի: Երիտասարդ տղա, գնաց նամուսով Ղարաբաղում ծառայեց, նենց ծառայեց, որ երկու տարվա մեջ 1 անգամ եմ գնացել տեսնելու: Եկավ` պարապությունից գժվում էր, ամբողջ օրն իրան գցում էր փողոց, գործ չէր ճարում: Երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ, թե` ես պիտի գնամ Ռուսաստան աշխատելու, ընկերները խելքը կերել էին: Չէինք համաձայնում, բայց դե չափահաս մարդ ա, ինչքա՞ն կարաս փակի տակ պահես: Ասեց` գնում եմ, ու վերջ: Արդեն 2 տարի էնտեղ էր աշխատում, մեր կյանքն էլ էր լավացել, ամիսը 500 դոլար մենակ մեզ էր ուղարկում: Շինարարության վրա բանվորություն էր անում, համ իրան էր պահում, համ էլ մեզ էր ստեղ պահում: 2 ամիս առաջ իրա բրիգադիրի` մի տաջիկի հետ վեճի մեջ էր մտել, իրար ծեծել էին: Տենց ա, չէ՞, միշտ էլ վերեւինը ներքեւինին շահագործում ա: Աշխատացրել, աշխատացրել էր ու քիչ փող էր տվել, այսինքն` բաժանումը սխալ էր արել, իրան քիչ էր տվել: Կռիվ-ղալմաղալ էին սարքել: Սա էլ իրա տաջիկ հալով կանգնել` ինչ ասես ասել էր, թե արմյանի՝ սենց, արմյանի նենց, մի խոսքով, շատ վատ էր արտահայտվել: Երեխես էլ ձեռի տակ ընկած քարը վերցրել, խփել էր սրա գլխին ու եքա արյունահեղություն էր սարքել»,- հուզված պատմում է Նորայրը: «Տաջիկը գլխի վնասվածք ա ստացել, ու գործ են հարուցել: Ա՛յ, տենց դարձավ մի կաթիլ մեղրը, ու ես ստեղ ոնց որ փշերի վրա լինեմ: Պիտի վեր կենամ, գնամ, հո երեխես անտեր շուն չի՞: Ասում եք, բայց ինչի՞ մեր երեխեքը ճարահատյալ պիտի գնան Ռուսաստանում համբալություն անեն, ռուսի, տաջիկի, թաթարի ձեռքի տակ աշխատեն, ու մի օր համբերության բաժակը լցվի: Չգիտեմ, շատ անելանելի վիճակ ա: Ճիշտ ա, մեքենան քշում եմ, բայց միտքս լրիվ էն կողմն ա, հազար ու մի վատ բան ա մտքովս անցնում: Խեղճ երեխես անտեր ու դուրս գնաց կորավ»,- ասում է Նորայրն ու մի կերպ երթեւեկում:
«Սադոյանի ասածները տղավարի խոսքեր են»
Վարորդ Կարենն ասում է` «Բայց ձեր գործն էլ գործ չի, հա՛: Ամբողջ օրը մարդկանց խոսացնելով` ման եք գալիս: Վարորդին էլ ի՞նչ ա պետք, որ իրան խոսացնեն: Բայց ճիշտն ասեք, որ հիմա ես ձեզ խոսացնեմ` ձեր դուրը կգա՞, պիտի ասեք, թե՝ տղա ա, խոսացնում ա, չէ՞: Խոսացնում եք, անկեղծանում ենք, ու վաղը-մյուս օրը մի կրակի մեջ եք գցելու մեզ: Ես հլը ջահել եմ, զգույշ եմ, գիտեմ, որ չեղած տեղը կարան կպնեն, բա էդ խեղճ բիձեքին էդքան որ խոսացնում եք, իրանք էլ ոգեւորվում, սկսում են մեր ղեկավարներին հայհոյել, ո՞նց կլինի, եթե մի օր մի պատմության մեջ ընկնեն, կանգնելո՞ւ եք իրանց մեջքին: Գալիս են սերվիս ու սկսում են հիացած պատմել, թե ով ինչ աստիճանի սուր բան ա ասել, ձեր թերթն էլ իրանց ամբիոնն են դարձրել»,- ասում է վարորդ Կարենն ու ծիծաղում: «Ինչի՞ց խոսանք, կյանքը հրաշալի ա, տուն-տեղը նորմալ ա, եկամուտը բավականացնում ա, որ երեխեքս նորմալ ապրեն: Ես մեր երկրից շատ գոհ եմ ու մեր պրեզիդենտին էլ շատ սիրում եմ: Իսկ իմ ամենասիրած քաղաքական գործիչն Արշակ Սադոյանն ա: Ես պատրաստ եմ 4-5 ժամ շունչս պահած իրան լսել: Իսկական քաղաքի տղա ա, իրա ասածներն էլ տղավարի խոսքեր են»,- ասաց զգուշավոր վարորդը: