Քարեգահ. Քաշաթաղի ամենամեծ գյուղը

15/06/2007 Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի Երիտասարդական կենտրոնը գյուղի պատանիների համար փոխարինում է եւ՛ կինոթատրոնին, եւ՛ թատրոնին, եւ՛ սրճարանին, եւ՛ դիսկոտեկին, մի խոսքով՝ «…այն ամենին, ինչ անհրաժեշտ է երիտասարդությանը»,- ասում են գյուղի պատանիները: Կենտրոնը ստեղծվել է 2003թ. «Մոնթե Մելքոնյան» բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ կոչվում է Սմբատ Թաթոսյանի անվամբ: Սմբատ Թաթոսյանը եղել է Քարեգահի նախկին գյուղապետը, գյուղի հիմնադիրներից է: Գետաշենից Շուշի, Քելբաջար եւ այլուր, Արցախյան պատերազմի տարբեր փուլերը որպես ազատամարտիկ անցնելուց հետո, ճակատագրի դառը հեգնանքով, նա զոհվեց 1998թ. ապրիլին: Գյուղապետն իր վարած բեռնատարով տեղափոխում էր գյուղ եկած մի նոր ընտանիքի իրերը, երբ մեքենան շուռ եկավ:

Երիտասարդական կենտրոնն իր ստեղծման պահից ղեկավարում է Սմբատ Թաթոսյանի կինը՝ Քարեգահի գյուղապետ Մարինե Պետոյանը: Կենտրոնում գործում են դիզայնի, համակարգչի, նկարչական, լուսանկարչական, կերամիկայի, պարի, կարատեի, էթիկայի եւ էսթետիկայի խմբակներ: Կա մեծ ֆիլմադարան, որտեղ հավաքված են հատկապես հայկական ֆիլմեր: Երեխաները եւ պատանիները դիտում են ֆիլմերը, կազմակերպում են քննարկումներ: «Կենտրոն հաճախում են առաջին դասարանից մինչեւ անսահմանափակ տարիքի երեխաներ ու պատանիներ: Որքան աշակերտ կա դպրոցում, այնքան էլ մարդ հաճախում է այստեղ` մոտ 65 հոգի»,- ասում է տնօրենի օգնական Էլլա Գեւորգյանը, ով նույնպես նախկինում հաճախել է խմբակներ: Էլլան պատմում է, որ կենտրոնն էապես փոխել է գյուղի երիտասարդության կյանքը, աշխուժություն է մտցրել: «Նախքան կենտրոնի ստեղծումը պատանիները զբաղմունք չունեին, տեղ չկար գնալու,- ասում է Էլլան:- Կենտրոնը կարծես տուն լինի մեզ համար: Գալիս ենք այստեղ, աշխատում ենք համակարգչով, ֆիլմեր ենք դիտում, շփվում ենք, երբեմն քաղցրավենիք, սուրճ ենք բերում, երեկույթ ենք կազմակերպում, պարում ենք»: Կենտրոնի ավանդույթներից է դարձել շաբաթօրյակների կազմակերպումը: Պատանիները բարեկարգում են կենտրոնի տարածքը, մասնակցում գյուղում տարվող աշխատանքներին: Ազգային եւ կրոնական տոների առիթով կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ եւ փոքր հանդիսություններ:

Կենտրոնի թատերական խմբակը 2004թ. օգոստոսին մասնակցել է Երեւանում կազմակերպված պատանեկան թատերախմբերի «Նռան հատիկ» փառատոնին եւ մրցանակ ստացել: Իսկ պարախումբը 2004թ. օգոստոսին մասնակցել է Երեւանում կայացած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի միջոցառումներին: Լուսանկարչության խումբը Քարեգահի եւ Քաշաթաղի իր լուսանկարները 2006թ. ցուցադրել է Երեւանում, եւ Դալլաքյան Արմենի լուսանկարը գրավել է երրորդ տեղը:

Գյուղի պատանիները խմբակային աշխատանքներին անվճար են մասնակցում:

Ս. Թաթոսյանի անվան երիտասարդական կենտրոնի ստեղծումը հնարավոր դարձավ շնորհիվ թեհրանաբնակ Էդիկ Էրմյան-Աբրահամյանի կատարած նվիրատվության՝ ի հիշատակ իր հոր` հանգուցյալ Արշակ Աբրահամյանի: Նրա նվիրատվությամբ ձեռք բերվեց կենտրոնի շենքը, վերանորոգվեց եւ կահավորվեց, կենտրոնի կարիքների համար ձեռք բերվեց «Նիվա» մակնիշի մի ավտոմեքենա: Այդ գումարով ֆինանսավորվեց նաեւ կենտրոնի մեկ տարվա գործունեությունը: Կենտրոնի հետագա գործունեությունը ֆինանսավորել են այլ բարեգործական կազմակերպություններ:

Քարեգահ գյուղը գտնվում է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից (նախկինում՝ Լաչին) 4 կմ դեպի հյուսիս: Գյուղը սկսել է վերաբնակեցվել պատերազմից անմիջապես հետո՝ 1994 թվականին: Մոտ 250 շունչ բնակչությամբ՝ այն Քաշաթաղի շրջանի եւ, ընդհանրապես, պատերազմից հետո վերաբնակեցված ամենամեծ գյուղերից մեկն է: Բնակիչները եկել են Հայաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաեւ` հայաթափված Գետաշենից ու Մարտակերտի գրավված գյուղերից: Քարեգահ գյուղի տարածքը եղել է հին հայկական բնակավայր: 2002թ. գյուղի ճանապարհների վերականգնման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են միջնադարյան հայկական կարասներ:

2002 թվականից Քարեգահ գյուղում իրականացվում է համայնքային զարգացման ծրագիր: Սոցիալ-տնտեսական եւ հոգեւոր-մշակութային ոլորտները ներառող այս ծրագիրը «Մոնթե Մելքոնյան» բարեսիրական հ/կ-ի, համայնքի ղեկավարության ու անդամների համատեղ ջանքերի արդյունքն է: Այս ծրագրի շրջանակներում անցնող 4 տարիների ընթացքում Քարեգահ գյուղում կատարվել են բազմաբնույթ աշխատանքներ: Գյուղի դպրոցին տրամադրվել են անհրաժեշտ դասագրքեր, գեղարվեստական գրականություն եւ այլ անհրաժեշտ միջոցներ, մշակվել են գյուղին պատկանող եւ խոպան մնացած 50 հեկտար վարելահողեր, էստաֆետ հիմունքով գյուղացիներին են տրամադրվել կովեր եւ հորթեր, ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր:

Քարեգահում «Մոնթե Մելքոնյան» հ/կ-ի կողմից հաջողությամբ կատարված սոցիալ-տնտեսական բնույթի ծրագրերից մեկը կովերի էստաֆետ ծրագիրն է: Կազմակերպությունը, ըստ ցանկության, գյուղացուն երկու տարվա պայմանագրով տրամադրում է կով ու հորթ: Սա նվիրատվություն չէ: Գյուղացին երկու տարի պահում է կովը եւ օգտվում նրանից: Պայմանագրի ավարտին հորթը դառնում է գյուղացու սեփականությունը: Գյուղացին կազմակերպությանն է վերադարձնում մայր կովը եւ այդ երկու տարիների ընթացքում ծնված մեկ կամ երկու հորթերը: Երկրորդ տարվա ավարտին գյուղացին ունենում է հասուն տարիքի սեփական անասուն, իսկ կազմակերպությունը ետ վերադարձված կովն ու հորթը նույն հիմունքներով տրամադրում է մեկ այլ ընտանիքի:

Այսպիսով` ծրագիրն ապահովում է շարունակականությունը: 2002-ից Քարեգահում ավելի քան 30 ընտանիք մասնակցել է այս ծրագրին:

«Մեր գյուղը, Քաշաթաղի մյուս գյուղերի հետ համեմատած, ուղղակի քաղաք է,- ասում է Էլլան: -Այստեղից մարդիկ չեն ձգտում փախչել: Երիտասարդները գնում, սովորում են, ետ են գալիս: Այստեղ աշխատում են դպրոցում կամ մանկապարտեզում, կամ էլ աշխատանք են գտնում Բերձորում: Իհարկե, մենք էլ բոլոր գյուղերի նման մեր խնդիրներն ունենք. մեկի տունն է պետք վերանորոգել, մյուսի տունն առհասարակ տանիք չունի, բայց մեր գյուղը շատ համախմբված է, եթե օգնության կարիք ունես, միշտ կարող ես վստահ լինել, որ հարեւաններդ կաջակցեն»: Գյուղացիների համախմբվածության եւ գյուղին նվիրվածության գործում փոքր չէ գյուղապետ Մարինե Պետոյանի դերը: «Մեր գյուղապետը միշտ այստեղ, այնտեղ եւ ամենուր է»,- կատակում են գյուղացիները:

Այս եռանդուն, կենսուրախ կինն իսկապես միաժամանակ լուծում է մի քանի հարցեր, կազմակերպում է ողջ գյուղի կյանքը: «Տասը տղամարդ մեր գյուղապետ Պետոյանին չեն հասնի»,- հպարտությամբ ասում են գյուղացիները:

www.hetq.am