Հայաստանյան ընտրություններից դեռ մեկ ամիս առաջ ամերիկահայերի ուշադրությունը սեւեռված էր Գլենդելի ընտրություններին: Այստեղ ընտրում էին քաղաքային խորհրդի 5 անդամից երկուսին, որոնք մնացած երեքի հետ միասին ռոտացիոն կարգով կառավարելու են համայնքը:
Այստեղ վստահ էին, որ 50 տոկոս հայ ազգաբնակչությամբ քաղաքում կանցնեն հայ թեկնածուները: Ութ թեկնածուներից 4-ը հայ էին, որոնցից մեկը Րաֆֆի Մանուկյանն էր, ով արդեն մի քանի անգամ ընտրվել էր նույն պաշտոնում: Գրեգ Կրիկորյանը համարվում էր մյուս ամենահավանական թեկնածուն: Մնացած երկուսն էին գործարար Շահե Կյուրողելյանը եւ հեռուստալրագրող Վրեժ Աղաջանյանը, որի նախընտրական թերթիկում գրված է, թե նա «քաղաքի 103 ամենաազդեցիկ մարդկանց շարքում գրավում է 2-րդ տեղը»:
Ի զարմանս հայերի, 4 թեկնածուներից եւ ոչ մեկը չանցավ: Հաղթեցին հրեաները: Հայերն իրենց պարտությունը բացատրում են շատ թեկնածուների առկայության հանգամանքով: Արդյունքում, նրանք, միմյանցից ձայն խլելով, ճանապարհ են հարթել երկու հրեա թեկնածուների հաղթանակի համար:
Այս ընտրությունները թերեւս ցույց տվեցին գլենդելահայության տարանջատումը: Այստեղ չկա միասնական համայնք: Այստեղ կան հայկական խմբավորումներ` հայաստանցիների, իրանահայերի, իրաքահայերի, բեյրութահայերի (լիբանանահայ չեն ասում, որովհետեւ արդեն պարզ է` եթե Լիբանանից է, ուրեմն` Բեյրութից): Այս ընտրությունները նշանավորվեցին նաեւ մի քանի այլ ուշագրավ իրողություններով: Ընտրությունները կազմակերպել էր քաղաքապետարանի քարտուղարությունը, որը ղեկավարում է հայազգի Արդի (Արտաշես) Քասախյանը: Հենց նրա նախաձեռնությամբ՝ այս ընտրություններին առաջին անգամ քվեաթերթիկները տպագրվել էին չորս լեզուներով` անգլերեն, իսպաներեն, հայերեն եւ կորեերեն: Նախօրոք բաժանվել էր նաեւ քվեաթերթիկի քառալեզու նմուշը` թեկնածուների հակիրճ կենսագրությամբ (պետք է նկատել, որ հայերեն տարբերակում «գ» տառը չէր տպագրվել, իսպաներենն էլ հրապարակվել էր սխալ թարգմանությամբ):
Ու թերեւս քաղաքի պատմության մեջ նույնպես առաջին անգամ Արդին կազմակերպել էր հետընտրական հանդիպում ընտրողների եւ ընտրական հանձնաժողովներում ընդգրկված քաղաքացիների հետ` լսելու համար նրանց կարծիքը ապրիլի 3-ին անցկացված ընտրությունների մասին: Հանդիպմանը հրավիրվել էր նաեւ «Հյուզ էյրքրաֆտ» ընկերության ավագ խորհրդատու, գիտությունների թեկնածու Մանուելա Աբրահամյանը։
ԱՄՆ-ում հնարավոր է ընտրել երկու տարբերակով` ընտրությունների օրը կամ, եթե զբաղված եք, մինչեւ այդ: Այդպիսի քվեարկությունը կոչվում է «հեռակայող» քվեարկություն: Հետաքրքրական է, որ նախ` այս ընտրությանը հեռակայող քվեարկողների թիվը գերազանցում էր այդ օրը ներկայացած քաղաքացիների թվից: Ըստ Արդի Քասախյանի` «Ավանդաբար հայ ընտրողները նախընտրում են հեռակայող քվեարկությունը: Նախ, դա հարմար է, երկրորդը` նրանց մի մասն անգլերեն չգիտի եւ չի ցանկանում գնալ ընտրատեղամասեր, որտեղ կարող է շփոթվել կամ չհասկանալ ինչ-որ բան»:
Ի դեպ, ապրիլի 3-ի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների միայն քառորդը` 25,3 տոկոսը: Եվ քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացված հանդիպումը հետաքրքիր էր նրանով, որ հնարավորություն էր տալիս պարզել համայնքային ամերիկյան ընտրությունների թերությունները: Քաղաքացիները նախ դժգոհում էին, որ ամեն անգամ ընտրատեղամասերի վայրը փոխվում է, որ պետք է սահմանափակել նախընտրական նվիրատվությունների չափը, որ ծերանոցներ «հեռակայող» քվեաթերթիկները պետք է տանեն ոչ թե ով պատահի (սովորաբար՝ թեկնածուների թիմից), այլ միայն հարազատները: Գլենդելի քաղաքացիներն առաջարկեցին ամբողջությամբ անցնել փոստային քվեարկության կամ հեռակայող քվեարկության կազմակերպումը հանձնել քաղաքապետարանին: Քաղաքապետարանի քարտուղարը հայտարարեց, որ բոլոր առաջարկներն ու դիտողությունները կուսումնասիրի եւ կներկայացնի քաղաքային խորհրդի դատին: Դրանց արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել միայն երկու ամիս անց:
Ի դեպ, ապրիլի 3-ի ընտրություններին ընտրվել են նաեւ քաղաքային դպրոցի խորհրդի եւ համանքային քոլեջի հոգաբարձուների խորհրդի երկուական անդամներ: Երկու դեպքում էլ հայերն ունեցել են մեկական հաղթող թեկնածու: