Երեկ պատահաբար տեղեկացանք, որ մի քանի լրատվամիջոցների, այդ թվում՝ նաեւ «168 Ժամ» թերթի դեմ դատական հայց է նախապատրաստվում Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր (ՀՀՏԴ) ՓԲԸ-ի տնօրեն Մարինե Սաֆարյանի կողմից:
Մինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանից ծանուցագրի ստացումը, նշենք, որ դատական վեճ հարուցելու առիթը լրատվամիջոցների այն հրապարակումներն են, որոնք անդրադարձել են դիսպանսերում տեղի ունեցող խառնաշփոթին: Ընթերցողներին հիշեցնենք, որ մեր թերթի թիվ 52-ում տեղ գտած «Հիվանդները հացադուլ են հայտարարել» հոդվածում` հիմք ընդունելով հիվանդների եւ բուժաշխատողների դիմումները, որոնց բնօրինակները ուղարկվել են նաեւ ՀՀ Առողջապահության նախարարություն (ԱՆ) եւ Տուբերկուլյոզի ազգային ծրագրի (ՏԱԾ) գրասենյակ, բարձրաձայնել էինք նրանց բողոքն ընդդեմ նոր ղեկավարության: Լինելով դիսպանսերում եւ լսելով երկու կողմերին` մեր հրապարակման մեջ պահպանել ենք բազմակարծության եւ տեղեկատվության աղբյուրը նշելու կարեւոր սկզբունքները, այսինքն` անաչառությունն ու անկողմնակալությունը: Հիշեցնենք նաեւ, որ բուժհաստատությունում այս տխուր գործընթացը ծավալվել է այն բանից հետո, երբ բժշկուհիներից մեկի ամուսինն այս տարվա մարտ ամսին ծեծի էր ենթարկել երկրորդ թերապեւտիկ բաժանմունքի արդեն նախկին վարիչ Անուշ Ալավերդյանին: Ծեծկռտուքին ականատես հիվանդներն ընդվզել էին, ապա հացադուլ հայտարարել: Իսկ վնասված բժշկուհին սթրեսի հետեւանքով տեղափոխվել էր Երեւանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Այս դեպքի կապակցությամբ անգամ նյութեր են նախապատրաստվել, եւ նախաքննություն է իրականացվել ՀՀ Ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցների կողմից (ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի): Սակայն տուժած Անուշ Ալավերդյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը բաժանմունքից հետ է վերցրել իր բողոքը` կասեցնելով գործի հարուցումը: Ի դեպ, ՀՀՏԴ-ի 2-րդ թերապեւտիկ բաժանմունքի նախկին վարիչ Անուշ Ալավերդյանը մայիսի 15-ին երկրորդ նկատողությունից հետո տնօրենի հրամանի համաձայն արդեն աշխատանքից ազատված է: Անկասկած, այս բուժհաստատությունում դեպքերը զարգանում են դեդեկտիվ ֆիլմի սցենարին համահունչ: «Ես 9 տնօրենների հետ աշխատել եմ եւ որեւէ մեկի հետ խնդիրներ չեմ ունեցել: Կարճ ժամանակահատվածում 2 նկատողություններից մեկի պատճառը, ըստ տնօրենի, բժշկական սխալն է, իսկ երկրորդը` բաժանմունքում տեղի ունեցած թեթեւ վիճաբանությունը, որի հրահրողը եղել է Մարինե Սաֆարյանը: Իրավաբանի գրածների հիման վրա ուրիշները ստորագրել են եւ չեն էլ հիշում, թե ինչի տակ են ստորագրել: Ճիշտն ասած` զարմացել էի, որ երկրորդ նկատողությունը տրվեց ապրիլի 24-ին, բայց ինձ աշխատանքից ազատեցին մայիսի 15-ին: Դա էլ իր դրդապատճառն ուներ. այդ օրը մի հիվանդ էի դուրս գրել, որը ծաղկեփունջ էր նվիրել, ես այն փոխանցեցի հիվանդանոցի դեղորայքակայուն բաժանմունք աքսորված բժշկուհիներից մեկին, որոնց հետ իրավունք չունենք շփվել: Ժամը 3-ին կանչեցին եւ ասացին, որ ես աշխատանքից ազատված եմ»,- հուզված պատմում է Ա. Ալավերդյանը, որի համար ինչ-որ տեղ սպասելի, սակայն, միեւնույն ժամանակ, ցավալի է եղել սիրած աշխատավայրից հեռանալը: Նա պատմում էր նաեւ, որ դիսպանսերի արհմիության նախագահ Լեւոն Կարապետյանն իրեն դրական բնութագիր է ներկայացրել, որի պատճառով լարված հարաբերություններ են ծագել արհմիության նախագահի եւ դիսպանսերի տնօրենի միջեւ: Նա ասում էր նաեւ, որ արհմիության տնօրենի ընտրությունները միտումնավոր ձգձգվում են, որպեսզի Լ. Կարապետյանը նորից չվերընտրվի: Ա. Ալավերդյանի խոսքերով, հիվանդանոցի իր կոլեգաները վկայում են, որ այնտեղ մինչ օրս շարունակում է տիրել լարված մթնոլորտ: Կոլեգաները նրան տեղեկացրել են, որ դիսպանսերում մոտ օրերս սպասվում է կադրային ջարդ: Խոսքը 120-140 բուժաշխատողների եւ այլ աշխատակիցների մասին է: Այդ առթիվ հուսալքված աշխատողները 2 օր առաջ ցանկացել են «ապստամբել», սակայն այն ձախողվել է, քանի որ աշխատողներն այդքան էլ համոզված չեն եղել իրենց նախաձեռնության հաջողության մեջ: Ըստ Ա. Ալավերդյանի, վերջին ժամանակաշրջանում ՀՀՏԴ-ում իրենց դիմումի համաձայն մի քանի աշխատողներ էլ են աշխատանքից ազատվել, այդ թվում` Դիագնոստիկ բաժանմունքի վարիչը, ընկերության իրավաբանը: Վերջինիս աշխատանքից հեռանալու փաստը հաստատեց նաեւ փաստաբան Նաիրա Խաչատրյանը, ով մեզ առաջինը տեղեկացրեց լրատվամիջոցների եւ բուժհաստատության սպասվող դատական վեճի մասին: Ի դեպ, բժշկուհի Ա. Ալավերդյանը հոդվածիս հեղինակին խորհուրդ էր տալիս զգուշանալ հետապնդումներից ու հաշվեհարդարից:
Մեր նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ ՀՀՏԴ-ում փետրվարին նշանակված տնօրեն Մարինե Սաֆարյանը, ով մինչ այդ եղել է կլինիկայի ղեկավար, ներկայումս դիսպանսերում իրականացնում է վարչակառուցվածքային փոփոխություններ` երկու բաժանմունքները միավորելով իրար: Այս գործընթացին, իհարկե, ԱՆ-ում ստեղծված մասնագիտական հանձնաժողովն իր դրական եզրահանգումն է տվել: Ըստ Ա. Ալավերդյանի` իրականում այդ ուսումնասիրությունները կրել են ձեւական բնույթ եւ հանձնաժողովի անդամները չեն մտել անգամ խնդրահարույց երկրորդ թերապեւտիկ բաժանմունք: Մեր զրուցակցի պնդելով, այդ բարեփոխումների արդյունքում բուժհաստատությունում առաջացել է աշխատողների մի կատեգորիա, որոնց բժշկուհին անվանում էր աքսորվածներ: Ընդ որում, Ա. Ալավերդյանի ասելով, աշխատատեղերի բաշխումն իրականացվել է հետաքրքիր սցենարով` երկրորդ թերապեւտիկ բաժանմունքի 6 բուժքույրերն ու 3 սանիտարկաները տեղափոխվել են դեղորայքակայուն բաժանմունք (խոսքն աքսորվածների մասին է), իսկ այնտեղի բուժաշխատողներն ազատվել են աշխատանքից` համապատասխան քանակությամբ աշխատատեղ ապահովելու համար: Ա. Ալավերդյանը հիշում էր նաեւ, որ երբ Մ. Սաֆարյանը ստանձնել է կլինիկայի ղեկավարի պաշտոնը, իր թեթեւ ձեռքով աշխատանքից ազատել է նաեւ իրենց մանկական ֆթիզիատորին, մի հիանալի մասնագետի: Ա. Ալավերդյանին իր կոլեգաներից մեկը տեղեկացրել է, որ Մ. Սաֆարյանը գտնվում է բարձրաստիճան մարդկանց հովանու ներքո, որոնք կանաչ լույս են սփռում նրա ճանապարհին: Բժշկուհին համոզված է, որ Մ. Սաֆարյանի հեռահար նպատակը մեր երկրում, արտասահմանյան մի քանի երկրների օրինակով, տուբերկուլյոզային ամբողջական միավոր` գործակալություն ստեղծելն է եւ այն իր ձեռքում կենտրոնացնելը, քանի որ գաղտնիք չէ, որ ներկայումս հանրապետությունում իրականացվում է 7 մլն դոլար արժողությամբ տուբերկուլյոզի դեմ պայքարի մեծածավալ միջոցառումների ծրագիր, որը ֆինանսավորում է Գլոբալ ֆոնդը: «Նրա հենարանն այնպիսի ազդեցիկ մարդիկ են, որոնք, ցավոք, գաղափար չունեն տուբերկուլյոզային ծառայությունից, որը շատ ծանր շրջան է ապրում, քանի որ հիմա ամեն ինչ կա, բայց կան նաեւ մեծ թվով հիվանդներ»,- նկատում է Ա. Ալավերդյանը: Վերջում հավելենք, որ Ա. Ալավերդյանը «168 Ժամին» փոխանցեց մի քանի փաստաթղթեր, այդ թվում` երկրորդ թերապեւտիկ բաժանմունքի հերթապահության այն գրաֆիկները, որոնք օրենքով պետք է ստորագրեր ինքը, սակայն վավերացրել է այն բժիշկը, որին Մ. Սաֆարյանը նշանակել է բաժնի վարիչ, այն ժամանակահատվածում, երբ նա դրա իրավունքը չի ունեցել: Ա. Ալավերդյանը փաստում էր նաեւ, որ բազմաթիվ համաձայնագրեր են ստորագրվել բաժանմունքի միավորման համար: «Մի այդպիսի համաձայնագիր էլ տվել է ստորագրելու ապրիլի 29-ին: Անհասկանալի էր, այդ բաժանմունքը քանի՞ անգամ կարելի էր միավորել եւ մասնատել»,- նկատում է ՀՀՏԴ-ից վտարված բժշկուհին: