«Մոնթեն իր ներսում արտասովոր մի ուժ ուներ»

15/06/2007 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Վալերի Թորանյանը ֆրանսիական «ELLE» ամսագրի վարչական խորհրդի փոխնախագահն է: Նա միակ մարդն էր, ում դատարանի որոշմամբ թույլատրվել էր այցելել բանտում գտնվող Մոնթե Մելքոնյանին:

– Վալերի, ե՞րբ ծանոթացար Մոնթեի հետ:

– Ծանոթացա Ֆրանսիայում, նրա` բանտում գտնված ժամանակ, երբ գնացի իրեն այցելելու: Ես մասնակցում էի Հայ քաղաքական բանտարկյալների պաշտպանության հանձնախմբի աշխատանքներին: Մենք այցելության արտոնագիր էինք ստացել, եւ ես միակն էի, որ այն ժամանակ հնարավորություն ունեի նրան այցելելու, որովհետեւ շատ քիչ արտոնություններ էին տալիս: Ես Մոնթեին այցելեցի նրա բանտարկության համարյա ամբողջ ընթացքում, նախ` Ֆրենի, ապա` Փուասիի բանտը:

– Դու միակ մարդն էիր, ով բանտ էր գնում: Քո կարծիքով՝ ինչո՞ւ քեզ ընտրեցին:

– Որովհետեւ դատավորը շատ քիչ արտոնություններ էր տալիս: Իրականում նա միայն մի անձի արտոնություն տվեց: Ինչո՞ւ ես. որովհետեւ ես դիմում էի տվել, եւ շատ անարդար կլիներ, եթե ոչ ոք չգնար: Ուրեմն, մի անձ պետք է ընտրեր եւ ինձ ընտրեց:

– Երբ հանդիպում էիք, ինչի՞ մասին էիք խոսում:

– Շատ էինք խոսում իր գործի մասին, իր գործի իրավական ընթացքի մասին, այսինքն` փաստաբանների հարցերի, այն մասին, թե ինչ է լինելու, ինչպես կազմակերպել նրա դատապաշտպանությունը, տարբեր դիմումների մասին: Մոնթեն բանտում անընդհատ աշխատում էր, նա գրում էր, մտավոր եւ խորհրդածական աշխատանք էր տանում, փնտրտուքներ էր կատարում: Հիշում եմ, որ բանտում նա շատ հարգված էր, շատ սիրված էր մնացյալ բանտարկյալների կողմից: Նա մեծ հմայք ուներ. միշտ որպես իրավարար նրան էին դիմում, երբ մի հարց էր ծագում, նմանապես, երբ այլ գործնական հարցեր էր պետք լուծել կամ մի գրություն գրել: Նկատի ունենալով, որ 8 լեզու գիտեր, նա կարողանում էր հաղորդակցվել, շփվել բանտում գտնվող բոլոր մարդկանց հետ: Հետեւաբար, նա առանցքային եւ շատ հարգված անձնավորություն էր բանտում: Նա շատ էր օգնում մյուս կալանավորներին, զբաղվում էր նրանց հարցերով. Մոնթեն մարդկային մեծ ջերմություն ունեցող անձ էր, եւ դա զգացվում էր նաեւ բանտում: Նա ժամանակ էր անցկացնում նաեւ ուրիշների հետ, ժամանակ էր հատկացնում իրեն, իր խորհրդածություններին եւ նամակագրությանը: Իհարկե, խոսում էինք դատավարությունից, հետո շուտ-շուտ սկսեցինք զրուցել Հայաստանում կատարվածներից. ղարաբաղյան շարժումը սկսվել էր, եւ այդ բոլորը նրա միտքը շատ էր զբաղեցնում: Երբեմն հարցեր եւ դժվարություններ էին ծագում բանտի ղեկավարության հետ` այլ անձերի այցելության արտոնության հետ կապված, եւ այլն, եւ այդ հարցերով էլ էինք զրուցում:

– Վալերի, դու զինյալ պայքարի տղաներից շատերին գիտեիր: Մոնթեն մյուսներից ինչո՞վ էր տարբերվում:

– Մոնթեն շատ գրավիչ անձ էր, որովհետեւ նա խելացի էր, բայց մանավանդ ջերմ մարդ էր եւ կարող էր իր շուրջը խմբել մարդկանց: Նա մարդկային, կարծում եմ՝ նաեւ բարոյական մեծ արժեք էր ներկայացնում, եւ այս բոլորը շատ հստակորեն կոնկրետացվեց հետագայում, երբ նա Ղարաբաղում էր գտնվում: Նա տեր էր բարոյական մեծ ուղղամտության, ամեն ինչ ամենաարդար, ամենաանբիծ կերպով կատարված տեսնելու նախանձախնդրության: Նա մի մարդ էր, որի համար անբիծությունը, համենայնդեպս՝ քաղաքական իմաստով ճշտապահությունը մեծ նշանակություն ուներ: Նա շատ նախանձախնդիր էր, որ ԱՍԱԼԱ-ի ողջ պատմության հետադարձ ընթերցումը, քննարկումը կատարվի: Նա իր վկայությամբ նաեւ ուզում էր, որ իրերն ամենամոտը լինեն ճշմարտության, իրականության (ի դեպ, նրա աշխատությունն այդպես էլ կոչվում էր), նրա մոտ միշտ էլ բարոյական մեծ ճշտապահանջության նախանձախնդրություն կար, եւ կարծում եմ, որ նրա հետ բոլոր շփվողներն անդրադառնում էին այդ ճշտապահությանը: Վերջապես, նա տեր էր մարդկային մի հզոր ջերմության, որի հետեւանքով բոլոր պայմաններում, ներառյալ՝ բանտից ներս, նա կյանքն ընկալում էր թեթեւությամբ, ծիծաղում էր, կատակում էր: Միշտ դրական էներգիայով, դինամիզմով լի լինելու, միշտ շարունակելու, միշտ ու միշտ վերսկսելու ունակություն ուներ, երբեք չէր ընկճվում, իր ներսում արտասովոր մի ուժ ուներ:

– Իսկ Մոնթեի մահվան մասին ինչպե՞ս իմացար: Ո՞վ հայտնեց քեզ:

– Շատ լավ եմ հիշում: Լուրն իմացանք, երբ պատրաստում էինք «Նուվել դգԱղմենիի» երկրորդ համարը: Հունիս ամսին էր, եւ մի ամիս առաջ գնացել էինք Ղարաբաղ եւ հանդիպել Մոնթեին, այսինքն` նրա մահից մի քանի շաբաթ առաջ: Նրա հետ ամսագրի համար անցկացրել էինք մի մեծ հարցազրույց: Այդ հարցազրույցը խմբագրելու, ամսագրի էջադրումը կատարելու ժամանակ էլ իմացանք նրա մահվան մասին: Լուրը մեզ չափազանց տակնուվրա արեց ու մեծապես ցնցեց. նույն պահին մեր գործն էր` հրատարակել այս թերթը եւ վկայել, թե ով է եղել Մոնթեն: Հարցազրույցն ունեինք, եւ մեր աշխատանքը շարունակեցինք, վկայություններ հավաքեցինք, ու որպես հարգանքի մատուցում` թողարկեցինք մի հատուկ համար: Վստահաբար մեծ հուզումի եւ մեծ տխրության պահեր էին:

Փարիզ, 1997թ.

www.hetq.am