Հարվածայինների պարահանդես

15/06/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«21-րդ դարի հեռանկարներ» երաժշտական փառատոնի հրավերով Երեւանում օրերս ելույթ ունեցավ հունգարական «Ամադինդա» հարվածային քառյակը, որի մասնակիցները տարբեր մայրցամաքներում ծնված հազվագյուտ ազգային պերկուսիոն գործիքների ու ավանդական երաժշտության ուսումնասիրողներ են: «Ամադինդա» բառը «հնչող ստեղներ» է նշանակում, այդպես է կոչվում եւ՛ խումբը, եւ՛ ուգանդական քսիլոֆոնը, որն աֆրիկյան ամենահայտնի հարվածային գործիքներից մեկն է: Չորս հունգարացիները կատարում են եւ՛ էթնիկական, ավանդական երաժշտություն, ինչպես նաեւ փոխադրում ու հարմարեցնում են հարվածային գործիքների կատարման համար դասական ստեղծագործությունները: Երեւանում նրանք կատարեցին ուգանդական, բասկյան, թաիթական ստեղծագործություններն ու ներկայացրին իրենց հեղինակային կոմպոզիցիաները` միաժամանակ մեծաքանակ ու բազմաբնույթ հարվածային գործիքների օգնությամբ: Նրանց ներկայացրած գործիքները զարմանալի շատ ու տարատեսակ էին. հսկայական թմբուկներ, միջին չափի ու շատ փոքրիկ թմբուկներ, մետաղյա ափսեներ, քսիլոֆոններ, փայտե ինքնաշեն փողեր… Երաժիշտների գործիքների ընդհանուր քաշը գերազանցել էր 2 տոննան, իսկ նրանց տեսքը, գունավոր ու հնչյունային գամման ուղղակի ապշեցնող էին: «Ամադինդայի» ելույթը ոչ միայն համերգ էր, այլեւ` ծանոթություն աշխարհի հարվածային գործիքների հետ:

Աֆրիկյան կիզիչ արեւի տակ ծնված հարվածային գործիքները պարզ ու հնչեղ էին, ծիսական, որոշ իմաստով` շամանական, միօրինակ ռիթմերով պարուրող: Բասկերի երկրի «թքսալապառտան»` փայտյա քսիլոֆոնը, որի վրա մեծ մուրճերով միաժամանակ երկու երաժիշտներ են նվագում, հիշեցնում էր լեռների ու աշխարհի ռիթմերը:

Խմբի անդամ Զոլտան Ռացն ասաց, որ իրենք, ցավոք, չեն եղել Աֆրիկայում, ու Գաբոնեի եւ Ուգանդայի գործիքների հետ ծանոթացել են միայն տեսաֆիլմերի միջոցով: Նա համոզված է, որ յուրաքանչյուր առարկա կարող է հարվածային գործիք դառնալ, եւ իրենք աշխատում են տրադիցիոնալ գործիքների հետ մեկտեղ ներկայացնել նաեւ ժամանակակիցը: Ավանդական, բնությունից ծնված ու բնության հետ ներդաշնակությունը խորհրդանշող հարված-հնչյուններին գումարվում էին գերանների, գարեջրի թիթեղյա բանկաների, գորգի (որին հարվածելիս հնչյուններ են ծնվում), ցախավելի ռիթմերը: «Ամադինդայի» ելույթի ընթացքում հարվածային գործիքներն անընդհատ ավելանում ու ավելանում էին, ի հայտ էին գալիս նորերն ու ավելի տարօրինակները, քաոսային կոմպոզիցիաներ էին կատարվում: Տարբեր մշակույթները, հինն ու նորը, մեծն ու փոքրը, մետաղն ու փայտը, Եվրոպան, Ամերիկան ու Աֆրիկան իրար էին խառնվում ու ժամանակակից քաոսի պատկեր դառնում: Հունգարացիների ելույթը հետաքրքիր էր լսել ու դիտել: Համենայնդեպս, լսելիս զարմանում էիր, իսկ զարմանալու հատկությունը մարդկային ամենագեղեցիկ հատկություններից մեկն է: Ի դեպ` հունգարացիները խոստացան իրենց հետագա ելույթների ընթացքում նաեւ հայկական երաժշտություն օգտագործել: Իսկ իրենց ելույթի վերջում հայկական երաժշտական ռիթմերի վրա հիմնված մի դրվագ ներկայացրին` գերանի ու տարբեր տեսակի թմբուկների վրա: Նրանք ասացին, որ երջանիկ են, որ կարողացան Արարատի լանջերին ելույթ ունենալ: Չնայած հայկական ռիթմերը նրանց կատարման մեջ դժվարությամբ էր լինում որսալ, այնուամենայնիվ, շատ հետաքրքիր էր: Երաժշտական այդ մեծ կաթսայի մեջ հայտնվելով` կորցրինք ինչ-որ բան եւ ինչ-որ բան նաեւ ձեռք բերեցինք: