Մեր իրականության մեջ քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ առանց թույլտվության ու անհրաժեշտ փաստաթղթերի` մարդիկ կառուցում են ամենատարբեր խախտումներով, քաղաքի ճարտարապետական տեսքը խաթարող անճաշակ շինություններ: Հետո փորձում են քաղաքապետարանից ու թաղապետարաններից թույլտվություններ ձեռք բերել, օրենքներն ու որոշումները համապատասխանեցնել ստեղծված իրավիճակին եւ ունեցած տանիքային կապերով իրենց կամքն ու ճաշակը պարտադրել քաղաքին ու շրջապատին: Որպես օրինակ` «168 Ժամ» թերթի 7-րդ համարում տպվեց Ազատության 1 հասցեում գտնվող «Էներգոցանցշին» ընկերության եւ Երեւանի ՋԷԿ-ի ու Արմէներգոյի նախկին հանրակացարանի շուրջ ստեղծված պատմության մասին հոդվածը: Բնակիչները վկայում են, որ այդտեղ շինարարական աշխատանքները սկսվել են մի քանի տարի առաջ, մինչդեռ քաղաքապետարանի Ճարտարապետության ու քաղաքաշինության վարչությունն առաջարկված նախագծին իր համաձայնությունը տվել է 2004թ. մայիսի 22-ին, իսկ Արաբկիրի թաղապետարանից թույլտվություն ստացել են ընդամենը 2004թ. մայիսի 3-ին: Այսինքն, թույլտվությունը ձեռք է բերվել այն դեպքում, երբ բնակիչները բողոքել են շենքում իրականացվող շինարարության դեմ: Սակայն այս ամենից հետո Քաղաքաշինական պետական տեսչության ուսումնասիրությունը (14.12.2004թ.) փաստում էր, որ «առաջադրանքը տրվել է առանց շենքի տեխնիկական վիճակի լիարժեք հետազոտության»: Քաղաքաշինական տեսչությունը բողոքող բնակիչներին առաջարկել է` «Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումների գործողությունների հետ համաձայն չլինելու դեպքում, դրանք կարող եք բողոքարկել դատական կարգով»: Մինչդեռ բնակիչներն իրենց սեփական կարծիքն ունեն հայրենի իրավապահ կառույցների նկատմամբ.
– Բողոքե՞նք, նույն դատարաններով մեզ ջնջել կտա,- բացատրում էր նրանցից մեկը: -Դատարանն էլ, սաղն էլ էդ գողերի ու հարուստների կողքին են կանգնում: Անպատասխանատվության ու անպատժելիության այս մթնոլորտում իրավապահ ու մյուս պատասխանատու մարմիններին դիմելը մեր դեմ է աշխատելու:
Ինչեւէ, «Էներգոցանցշին» եւ «Նարեկ» ՍՊԸ-ի տնօրեն Լավրենտի Միքայելյանը 90-ական թվականների կեսերին նույնատիպ մի շինարարություն էլ սկսել էր Հրազդանի կիրճին հարող տարածքում, Ֆիզիոթերապիայի ինստիտուտի անմիջապես հետեւի մասում, հիվանդանոցից ընդամենը մի նեղ փողոց հեռավորության վրա: Այստեղ, իրար կողքի, նա կառուցել է 6-7 հարկանի երեք շինություններ, հավանաբար որպես հյուրանոցային կամ ռեստորանային համալիրներ, բայց` «Նարեկ առողջարանային համալիր» ցուցանակով: Այդ շինությունների միայն վերին երկու հարկերն են փողոցից բարձր, մյուս հարկերը բարձրանում են Հրազդանի ձորից: Հիվանդանոցի աշխատակիցները վկայում են, որ նախկին տնօրեն Յուրի Թունյանը բազմաթիվ անգամ բողոքել է այս անհարմար շինության համար: Տարիներ շարունակ ձգվող շինարարության աղմուկ-աղաղակը հիվանդանոցի ու հիվանդների համար մշտական գլխացավանքի պատճառ է եղել: Շինարարական նպատակների համար օգտագործվել է նաեւ հիվանդանոցի բակային ճանապարհը՝ անհարմարություն ստեղծելով անցուդարձի համար: Սակայն կառուցապատողի վրա ո՛չ հիվանդանոցի ղեկավարության բողոքները, ո՛չ էլ հիվանդների տրտունջը չեն ազդել: Հիվանդանոցի աշխատակիցները սպասում են, որ գարնան բացվելուն պես նորից կսկսվեն աշխատանքները, եւ հիվանդներին այնքան անհրաժեշտ անդորրը նորից կխախտվի:
– Բացի այդ, բոլորովին հարմար չէ հիվանդանոցին կիպ ինչ-որ հյուրանոց կամ ռեստորան կառուցելը,- բացատրում է երկար տարիների մի աշխատակից:- Այդտեղի երթեւեկությունն ու Երեւանին հատուկ գիշերային սիգնալներն ու գզվռտոցները պատկերացնո՞ւմ եք ինչպիսի վիճակ կստեղծեն:
Սրանով չեն սահմանափակվում Լավրենտ Միքայելյանի «հնարավորությունները». ասում են` նա տներ ունի նաեւ Չարենցի եւ Կոմիտասի փողոցներում: Իսկ ինչպե՞ս է հաջողացրել այսքան ունեցվածքի տեր դառնալ: Իհարկե, հալալ աշխատանքի արդյունքում, թերեւս կպատասխաներ նա: Բայց այդ հարցին ուրիշ պատասխանողներ էլ կան: Չար լեզուները պատմում են, որ պարոն Միքայելյանը 1998թ. ընդամենը 80.000 դոլարով սեփականացրել է իր ղեկավարած «Էներգոցանցշին» ընկերությունն ու կից հանրակացարանի Բաբայան փողոցի հատվածն ամբողջությամբ, իսկ ճաշարանը, որի դիմաց էլ իրականացնում է այդ աղմկահարույց շինարարությունը՝ ընդամենը 15.000 դոլարով: Պատմում են նաեւ, որ «Էներգոցանցշին» ընկերությունն իր նախորդից՝ սովետական տրեստից ժառանգել է շատ հարուստ կարողություն: Ընկերությանը պատկանող բազաները լիքն են եղել տեխնիկայով ու շինարարական նյութերով: Ի դեպ, 88-ի երկրաշարժից հետո այդ տրեստը շինարարական այլ ընկերությունների հետ միասին ունեցավ Հայաստան օգնություն մտած տեխնիկայի իր բաժինը: Այս ահռելի ժառանգությունը, ասում են, Լավրենտ Միքայելյանը արժեզրկելով փոխանցել է արդեն նորաստեղծ «Նարեկ» ՍՊԸ-ի հաշվեկշռին:
– Լավրենտ Միքայելյանը այն հայ գործարարներից է, ովքեր պետության հաշվին կարողացան հարստանալ նույնիսկ երկրաշարժի ու պատերազմի տարիներին: Սովետական Հայաստանի հարստությունը ժառանգեց ոչ թե անկախ Հայաստանը, այլ տեր դարձան Լավրենտի նման մի խումբ մարդիկ,- ասաց բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:
Ներկա պահին Ազատության 1 հասցեում իրականացվող աշխատանքները փողոցի կողմից մարդկանց չար աչքից պաշտպանում են «ԿամԱԶ» մակնիշի երեք հսկա բեռնատար մեքենաներ: Ի դեպ, պարոն Միքայելյանը նաեւ Հայաստան ներկրում եւ վաճառում է «ԿամԱԶ» ավտոմեքենաներ: Իսկ Ամերիկյան դեսպանատան նոր շենքը կառուցող շինարարական ընկերություններից մեկը՝ «MLL Industries»-ը, եւս պատկանում է Միքայելյան ընտանիքին՝ այստեղ տնօրենը Լավրենտի ավագ որդի Արթուր Միքայելյանն է:
Ուղղակի ավելացնենք, որ Հայաստանում առանց տանիքային հովանավորության գործնականում հնարավոր չէ մեծ բիզնեսի ու կարողության տեր դառնալ: Մեր խոսակցության ընթացքում, որը պարոն Միքայելյանը համառորեն թույլ չտվեց ձայնագրել, նա հպարտությամբ շեշտեց, որ Ղարաբաղում աշխատել է նախագահ Քոչարյանի հետ: Իսկ քաղաքապետի բարյացակամ վերաբերմունքը զգացվեց շինարարությունը սկսելուց հետո նոր թույլտվություն տրամադրելու առիթով: