Պետք է «բարեխոսի» ԱՄՆ Կոնգրեսին

13/06/2007

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ընդունել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչի գլխավորած պատվիրակությանը: Տ. Թորոսյանը նշել է, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներով անցկացնելու փաստը քաղաքական կարեւոր նշանակություն ունի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շարունակման համար ի սկզբանե ձեւակերպված շրջանակներում: ԱԺ նախագահը նաեւ նշել է, որ ԱԺ-ն արագ արձագանքել եւ վավերացրել է համաձայնագիրը եւ պատրաստ է հետայսու էլ աջակցել ծրագրի իրականացմանը, որը ՀՀ զարգացման համար կարեւոր նշանակություն ունի: Դանիլովիչը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման աշխատանքներից` նշելով, որ մինչեւ այժմ հատկացվել է 7 մլն դոլար, 25 մլն դոլարի հատկացման պայմանագիր է կնքվել: Նա Տ. Թորոսյանին իրազեկել է, որ 2006թ. դեկտեմբերին ընտրված ԱՄՆ Կոնգրեսը, չնայած դեմոկրատների մեծամասնությանը, հավանություն է տվել հանրապետական նախագահ Ջորջ Բուշի այս ծրագրին: Իսկ դա նշանակում է, որ ծրագիրը երկարաժամկետ գործունեության իրավունք է ստացել: Այդ հանգամանքից ելնելով` Ջ. Դանիլովիչը պատրաստվում է իրավական արտոնությունների ընդլայնման հարց բարձրացնել Կոնգրեսում, որը կնպաստի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի արդյունավետության մեծացմանը: Դանիլովիչը մտադիր է Կոնգրեսից խնդրել առաջին համաձայնագրի իրականացման ընթացքում երկրորդ` համաժամանակյա, համաձայնագիրը կնքելու իրավունք, որը կարող է խթանել աշխատանքների արդյունավետությանը: Անդրադառնալով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին` կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենը կարեւորել է, որ դրանք նախորդի համեմատ ավելի լավն էին, դա հատկապես կարեւոր էր ծրագրի շարունակման առումով: Երեկ Ջ. Դանիլովիչին ընդունել է նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Վերջինս նշել է, որ հաջորդ ընտրությունները լինելու են նախորդից ավելի լավը, եւ բարեփոխումները նույնպիսի կարեւորությամբ շարունակվելու են իրականացվել: Վարչապետն այդ ճանապարհին կարեւորել է բարեկամ երկրների, դոնոր կազմակերպությունների աջակցությունն, ինչը թույլ կտա առկա խնդիրներն ավելի արդյունավետ եւ ավելի կարճ ժամկետում լուծել: Նա նշել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի միջոցներով իրականացվող հայաստանյան ծրագրից մեր ժողովուրդը շատ որոշակի ակնկալիքներ ունի, եւ կառավարությունը պատրաստ է իր կողմից անել հնարավորը, որպեսզի այդ աշխատանքի արդյունքները մոտ ժամանակներս զգալի լինեն ժողովրդի համար: