Ո՞վ է գրել նրանց դիմումը

13/06/2007

Մայիսի 12-ին պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանն անցած շաբաթվա սկզբին հրաժարվեց մանդատից: Մի քանի օր անց կայացած ասուլիսում նա իր քայլը պատճառաբանեց հետեւյալ կերպ. «Քանի որ շրջանառվում են լուրեր, թե տեղի են ունեցել խախտումներ, ճնշումներ եւ այլն, այդ ամենին վերջ տալու համար ես ինքս որոշում եմ կայացրել, որպեսզի նոր ընտրություններ տեղի ունենան»: Նա մտադիր է նորից առաջադրվել նույն ընտրատարածքում: Խ. Մանուկյանը վստահեցրել է նաեւ, թե պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումն ինքն է գրել: Նա նաեւ «պարզաբանել է», թե ինչո՞ւ, երբ լրագրողները նրան հարցրել են մանդատից հրաժարվելու պատճառների մասին, ինքն ասել է՝ «ոչնչից տեղյակ չեմ»: Բանն այն է, որ ըստ Խ. Մանուկյանի, երբ իրեն մանդատից հրաժարվելու պատճառների մասին հարց են ուղղել, ինքը խառնվել է ու ասել, թե տեղյակ չէ: Իրականում, ըստ նրա, քանի որ ինքը հրաժարվել է նաեւ համամասնական մանդատից, դրա համար էլ «խառնվել է»: Ի դեպ, «Արդարություն» դաշինքի անդամ Ֆելիքս Խաչատրյանը երեկ ԿԸՀ-ում կայացած արտահերթ նիստի ընթացքում հանձնաժողովի ղեկավարությանը հարց է ուղղել, թե ինչո՞ւ են պատգամավորությունից հրաժարվելու մասին ՀՀԿ-ական 26 գործիչների դիմումներն առանց ներկայացման ժամկետի: Խոսքը ՀՀԿ համամասնական ցուցակի այն անձանց մասին է, որոնք դիմում են ներկայացրել ԿԸՀ, իրենց կուսակցության համամասնական ցուցակից հանելու համար: Ֆ. Խաչատրյանի հարցին, թե ինչո՞ւ են այդ դիմումներն առանց ներկայացման ժամկետի, բացառությամբ Սերժ Սարգսյանի ներկայացրած դիմումի, թե՛ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, թե՛ նրա տեղակալ Աբրամ Բախչագուլյանն ու ԿԸՀ քարտուղար Համլետ Աբրահամյանը չեն տվել որոշակի որեւէ պատասխան: Ֆ. Խաչատրյանը հայտարարել է, որ եթե դիմումները ներկայացման ժամկետ չունեն, ապա դրանք, կարող է, ներկայացվել են դեռեւս ընտրությունից առաջ, իսկ այդ դեպքում այդ մարդիկ պետք է չքվեարկվեին ՀՀԿ համամասնական ցուցակով, որովհետեւ դա օրենքի խախտում է: