Հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում արձանագրվել է Հայաստանի հերթական դիվանագիտական հաղթանակը. Քոչարյան-Ալիեւ հանդիպումից հետո, ինչպես տեղեկացնում են հայկական հույժ ազատ, բայց մի քիչ պատասխանատու լրատվամիջոցները, Ռոբերտ Քոչարյանի ժպիտն ավելի լայն է եղել, քան Իլհամ Ալիեւինը: Ավելին, ըստ որոշ գնահատականների, Ալիեւը հանդիպումից հետո ընդհանրապես հայտնվել է խոր ընկճախտի մեջ: Իսկ այդքան երկար սպասված հանդիպումը, բնականաբար, որեւէ արդյունք չի տվել, եւ կարելի է արձանագրել, որ Քոչարյանին ու Ալիեւին հաջողվել է հերթական անգամ «ֆռռացնել» միջազգային հանրությանը, կամ առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնց վերջին այցելություններից հետո Հայաստանն ուղղակի դարձել էր տարածաշրջանի «լավատեսության կղզյակը»:
Ինչպես եւ սպասվում էր, հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը որեւէ արդյունք չտվեց: Ավելի քան երեք ժամ տեւած հանդիպման մասին տեղեկությունների առատություն չի նկատվում, սակայն եղածն էլ բավական է փաստելու համար, որ այդ հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որեւէ առաջընթաց չի արձանագրվել:
Քոչարյան-Ալիեւ առանձնազրույցի վերջում եւս մեկ ժամ քննարկումներ են ծավալվել նախագահների, ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Հանդիպումից հետո ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Իլհամ Ալիեւը ոչ մի հայտարարություն չեն արել: Հանդիպումից անմիջապես հետո մեկնաբանություններից ձեռնպահ են մնացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սակայն երեկ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն մի քանի՝ արդեն վաղուց ծանոթ հայտարարություններ է արել: Նա ասել է, թե Ռ. Քոչարյանին եւ Ի. Ալիեւին ներկայացվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ուղիներ, եւ բանակցությունները շարունակվելու են: Հղում անելով «հավաստի աղբյուրներին»՝ «Ազատություն» ռ/կ-ն փոխանցում է, որ Քոչարյանին եւ Ալիեւին չի հաջողվել համաձայնության գալ մի քանի հիմնական խնդիրների շուրջ, որոնցից կարեւորագույնը ԼՂ կարգավիճակի հարցն է: Ադրբեջանական կողմն, ըստ աղբյուրի, պնդել է, որպեսզի միջանկյալ համաձայնագրում ԼՂ կարգավիճակի մասին ընդհանրապես որեւէ կետ չլինի, իսկ հայկական կողմը պնդել է, որ անպայման պետք է նշված լինի այն մեխանիզմը, որով ԼՂ-ում անցկացվելու է հանրաքվեն, եւ «այն ձեւը, որով որոշվելու է ԼՂ կարգավիճակը»: Իհարկե, մի քիչ անհասկանալի է այն, որ եթե ԼՂ կարգավիճակի որոշման ձեւի հարցում կոնկրետ համաձայնություն չկա, ապա այդ ի՞նչ հանրաքվեի մասին է պնդել Ռ. Քոչարյանը: Սակայն հայտնի է, որ վերոնշյալ հանդիպման ընթացքում «խորքային քննարկում է ծավալվել»: Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Պետերբուրգում էական առաջընթաց չի արձանագրվել: Թեեւ տարաձայնությունները մնում են, բայց նախագահների մակարդակով այս տարվա առաջին բանակցությունները եղել են խորքային, եւ ծավալվել է լուրջ քննարկում հիմնական սկզբունքների շուրջ, որը մի շարք հարցերում հստակություն է մտցրել»,- ասել է Վ.Օսկանյանը: Նա նշել է նաեւ, որ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ տարաձայնություններ կային: Մինչեւ տարեվերջ հարցի չկարգավորման դեպքում գործընթացը զրոյից սկսելու մասին մեկնաբանություններին Վ.Օսկանյանը պատասխանել է՝ ասելով, թե կտրուկ մոտեցումներին դեմ է: Ըստ նրա, բանակցությունները շարունակվելու են արտգործնախարարների մակարդակով, եւ այս պահին դժվար է ասել, թե երբ կլինի նախագահների հաջորդ հանդիպումը: Ադրբեջանի արտգործնախարարն էլ ասել է, թե Քոչարյան-Ալիեւ հանդիպման ընթացքում «բեկում չի արձանագրվել»: Է. Մամեդյարովն ասել է, որ թեեւ հանդիպման ընթացքում էական առաջընթաց չի արձանագրվլ, սակայն արվում է հնարավորը՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար։ «Հնչեցին կողմերի դիրքորոշումները, սակայն չեմ կարող ասել, որ դրանց առումով կա առաջխաղացում: Կան նոր էլեմենտներ, որոնք չեմ կարող ասել, թե այդքան էլ նոր են: Քննարկվեցին հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա մենք պատրաստվում ենք գալ համաձայնության՝ տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Իսկ Վ. Օսկանյանն էլ հավելել է, թե «նախագահների մակարդակով տարաձայնությունները մնում են, բայց կա բանակցային գործընթացը շարունակելու հնարավորություն»:
Ի դեպ, ուշագրավ են Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպման արձագանք-մեկնաբանությունները: Օրինակ՝ Ռ. Քոչարյանին ուղեկցող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախագահների հանդիպման մասին պատմելիս հեռուստադիտողներին առաջարկեց արդյունքների մասին եզրակացություններն անել Ռ. Քոչարյանի եւ Ի. Ալիեւի դեմքերի արտահայտությունից, ու «ազդարարեց», թե Ռ. Քոչարյանի տրամադրությունը շատ ավելի բարձր էր, քան Ի. Ալիեւինը: Բացի դա էլ, պարզվում է՝ հանդիպման վայր առաջինը ժամանել է Ռ. Քոչարյանը, ով բարեւել է արարողակարգի մասնակիցներին եւ լրագրողներին: Փոխարենը՝ Իլհամ Ալիեւն, ըստ Հ1-ի, ներկայացել է մռայլ եւ չի նկատել նույնիսկ ադրբեջանցի լրագրողներին: Ինչպես հասկացաք, այս ամենը մեր երկրի դիվանագիտության փայլուն նվաճումների «ցնցող ապացույցներից» է: Ինչեւէ, ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն, մեկնաբանելով Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը, կարծիք է հայտնել, թե այն «հանդիպում էր հանուն հանդիպման»: Ըստ նրա, այժմ «Ռուսաստանը սառեցրել է իրադրությունը, իսկ ԱՄՆ-ը առայժմ զբաղված է այլ գործերով՝ հյուսիսի ուղղությամբ հակահրթիռային պաշտպանության ծավալմամբ, եւ Ղարաբաղը նրա համար առաջնային չէ»: Հայաստանցի քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ էլ՝ ԼՂ-ն այն եզակի հակամարտություններից է, որ միջնորդների միջեւ տարաձայնությունները սուր չեն: Ըստ նրա, Մինսկի խմբի համանախագահող երկրները համակարծիք են, որ պատերազմը չպետք է վերսկսվի: Դրա համար, քաղաքագետի դիտարկմամբ՝ նրանց շահերը տարբեր են. ԱՄՆ-ը ցանկանում է հսկել տարածաշրջանի նավթային ռեսուրսները, Եվրոպան ցանկանում է, որ այդ նավթն ու գազն անարգել հասնեն իր տնտեսությանը, Ռուսաստանը ցանկանում է պահպանել ազդեցության լծակները թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Լ. Մելիք-Շահնազարյանը նաեւ համոզված է, որ մինչեւ 2025 թվականը պատերազմ չի սպասվում: Նա կարծում է, թե ՀՀ վարած «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականությունն այլընտրանք չունի:
Հ.Գ. Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը որակել է «ծանր»: Նա ասել է նաեւ, թե Ադրբեջանի «դիրքորոշումը կխստացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպությունների եւ համաշխարհային հանրակցության նկատմամբ, եւ նրանցից կպահանջվի կոնկրետացնել դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում»: Մամեդովն ասել է, թե Քոչարյան-Ալիեւ հանդիպումը «ծանր էր»: «Չնայած այն բանին, որ տարածաշրջանում Ադրբեջանի վարկանիշն ուժեղանում է, դա բավարար չի եղել, որ Հայաստանը կառուցողականություն ցուցաբերի բանակցություններում»,- ասել է նա: Ըստ Մամեդովի, «եթե միջազգային հանրությունը որոշակի կարծիք չհայտնի եւ հանդես չգա առաջարկություններով, կարող է հակամարտության ռազմական լուծման հարց ծառանալ»: Նա ասել է նաեւ, թե կողմերը որոշել են առայժմ բանակցությունները շարունակել արտգործնախարարների մակարդակով (այս մասին ասել է նաեւ ՀՀ ԱԳ նախարարը): Սակայն Վարդան Օսկանյանը դժվարացել է ասել, թե մինչեւ այս տարվա ավարտը կկայանա՞ Քոչարյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում, թե՞ ոչ: