ԼՂՀ նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը մեկնարկել է մայիսի 30-ին, որը կշարունակվի մինչեւ հունիսի 19-ը:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում դեռ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չեն գրանցել: ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, դեռ ուսումնասիրվում են թեկնածուների համապատասխան փաստաթղթերը: Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնելու համար առայժմ ԿԸՀ են դիմել տեղական երկու կազմակերպություններ, իսկ ընտրությունները լուսաբանելու հայտ են ներկայացրել 6 լրատվամիջոց` 37 լրագրողի ընդգրկմամբ: Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը սկսեվլու է հունիսի 20-ից: Չնայած, որ գրանցումը դեռ չի ավարտվել, եւ քարոզարշավը չի սկսվել, հանրապետության որոշ բնակավայրերում արդեն որոշել են, թե ում են ընտրելու: Ավելին` շրջաններում հիմնականում չգիտեն բոլոր 5 թեկնածուների անունները, բացառությամբ` Ազգային անվտանգության ղեկավար Բակո Սահակյանի: Նրա անունը Հադրութ կատարած մեր այցի ժամանակ նշեցին շատերը, որոնք նախագահի մյուս թեկնածուների մասին ընդհանրապես տեղեկություն չունեն: Միայն գիտեն, որ 4 առաջադրված թեկնածու էլ կա: «Մեր թեկնածուն արդեն որոշված է, մենք մեր զեմլյակին ենք ընտրելու»,- մեզ հետ զրույցում նշում էին Հադրութի շրջանի մի խումբ մարդիկ:
Հադրութում խանութներից մեկի աշխատողը մեզ պատմեց, որ գիտեն Բակո Սահակյանի անունն այն պատճառով, որ նրա մասին են անընդհատ խոսում: Կային նաեւ այնպիսիք, որոնք համոզված էին, որ հենց Բակո Սահակյանն է նախագահ լինելու: Չնայած Բակո Սահակյանին Մարտունու շրջանում «զեմլյակ» չանվանեցին, բայց այս շրջանում էլ բավականին տեղյակ էին նրա մասին: Այստեղ մարդիկ ամենաշատը բողոքում էին նրանից, որ տեղեկություն ստանալու միակ աղբյուրը հեռուստացույցն է, եւ թերթերը տեղ չեն հասնում: «Դրա համար էլ ինչ ինֆորմացիա ունենք` դա անպայման իրար հետ շփման արդյունքն է` շշուկների ու կարծիքների տեսքով»,- նշում է Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակիչներից մեկը: Գյուղացիները հույս հայտնեցին, որ քարոզարշավի ընթացքում կծանոթանան բոլոր թեկնածուների հետ, որից հետո էլ կանեն իրենց ընտրությունը:
Պապիկներից մեկը նշեց. «Բալա ջան, ինձ համար տարբերություն չկա, թե ով է ընտրվելու, միայն թե գյուղացիներիս համար մտածող մարդ ընտրվի, որ էս ջահելները պարապ-սարապ ման չգան գյուղում, այլ նորմալ աշխատանքով զբաղվեն ու իրենց ընտանիքները պահեն: Ի՞նչ վիճակում ենք հիմա. էն տասնյակ ու հարյուրավոր հեկտարներով արտեր ունեցող մարդիկ կարողանում են իրենց արտը հնել, իսկ մի քանի հեկտար ունեցողները դրա հնարավորությունը չեն ունենում»: