«Մենք անբարեխիղճ վաճառող ենք, որովհետեւ որակ չենք տալիս»

13/06/2007 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Նորություն չէ, որ այսօր ՀՀ կրթական ոլորտն ունի մեծ թերություններ։ Գրեթե չկա մեկը, որ այսօր գոհ լինի դպրոցից, բուհից, ասպիրանտուրայից։ Կրթական եւ գիտական դաշտի վատ որակի հիմնական պատճառը խոր արմատներ ունեցող կաշառակերությունն է։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է զարգացում ապրի կրթական եւ գիտական ոլորտը, ինչպես պետք է ծնվեն որակյալ մասնագետներ եւ ինչպես պետք է երկրի կրթական պաշարը դրական ազդեցություն թողնի տնտեսության վրա, երբ այսօր շատ-շատերը շարունակում են գնահատականներ ստանալ կոնկրետ գումարների դիմաց։

«Մեր երկրի ապագան մենք ուզում ենք տեսնել մեր երկրի գիտական, կրթական զարգացման մեջ»,- երեկ «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում ընթացող «Կրթություն-2015» համաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։ Համաժողովը, որ իր շուրջն էր հավաքել շուրջ 230 պատվիրակ աշխարհի տարբեր կետերից, նպատակ ունի 2008-2015թթ. համար ստեղծել կրթական դաշտի հստակ ռազմավարություն, որով ուղղորդվելով մեր երկիրն իր կրթական որակով կհամապատասխանի «միջազգային ստանդարտ» ասվածին։ Համաժողովի մասնակիցներն ընդունում էին այն փաստը, որ «մենք այլեւս չենք կարող դանդաղել», եւ ժամանակն է գործել։

«Կոռուպցիայի հարցը լուծվող է, եթե դրա ցանկությունը կա։ Ես Հայաստանի նման այլ երկրներում էլ եմ եղել, որտեղ նույն կոռուպցիոն խնդիրներն են եղել։ Ես ուզում եմ որոշ մարդկանց բանտում տեսնել, ովքեր կոռուպցիայի մեջ են։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես են կրթական կառույցները հաղորդակցվում։ Այս ամենը Հայաստանում ես չեմ տեսնում»,- մեզ հետ ունեցած զրույցում ասաց Վանդերբիլթի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Հայնեմանը, ով իր հարուստ աշխատանքային կյանքի միայն 10 տարիների ընթացքում զբաղվել է կրթության եւ վարկավորման հարցերով Միջին Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայի եւ Ասիայի 27 երկրներում։ Ըստ նրա՝ Հայաստանի կրթական դաշտի ամենախոցելի կետը ԽՍՀՄ-ից ժառանգած համակարգն է, որ պետք է արմատապես փոխվի։ Ընդհանրապես, խորհրդային կրթությունն արտասահմանյան փորձագետների հիմնական թիրախն է, եւ կրթական դաշտում առկա գրեթե բոլոր ձախողումները նրանք կապում են հենց ԽՍՀՄ-ի հետ։ Բերկլի համալսարանի տեղեկատվության ֆակուլտետի դեկան Աննա Լի Սաքսոնյանը, ով առաջին անգամ էր ժամանել իր տատիկի եւ պապիկի հայրենիքը, նույնպես անդրադարձավ ԽՍՀՄ-ի կրթական համակարգի թերություններին՝ նկատելով, թե այն «կաղապարված է»: Այն դեպքում, երբ համակարգը մարդուն պետք է ստիպի մտածել, լինել ստեղծագործող, անկախ։ «Տաղանդավոր երիտասարդների գաղթը զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ ավանդաբար դիտվել է որպես «ուղեղների արտահոսք», ինչը սրում է միջազգային անհավասարությունը՝ հարստացնելով արդեն իսկ ունեւոր տնտեսություններն իրենց աղքատ գործընկերների հաշվին»,- իր ելույթում նշեց մեր հայրենակցուհին։ Նա կողմնակից է «ուղեղների շրջանառություն» արտահայտությանը, երբ դրսում գիտելիք ստացած ներգաղթողը վերադառնում է իր երկիր եւ ստացածը ներդնում սեփական երկրի տնտեսության եւ կրթական դաշտի զարգացման վրա։ Այս թեմայով նա աշխատություն նույնիսկ ունի, որը կոչվում է «Նոր արգոնավորդներ. գլոբալ տնտեսության տարածաշրջանային առավելությունները»։ Նոր արգոնավորդներն, ի տարբերություն դիցաբանական արգոնավորդների, այս դեպքում ԱՄՆ-ում կրթվածներն են։ Աննա Լի Սաքսոնյանը լրիվ իրատեսական է համարում երկրի զարգացման այսպիսի մոդելը, հատկապես մի երկրի համար, որն ունի հզոր Սփյուռք։ Մեր հարցին, թե կկարողանա՞ արդյոք մեր երկիրն ապահովել նորմալ պայմաններ եւ աշխատավարձ այս «արգոնավորդներին», ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը պատասխանեց. «Հաշվեք, որ Աննա Լին առաջին արգոնավորդն է»։

Երկու օր ընթացող համաժողովի ընթացքում տեղի ունեցած ելույթներն ու քննարկումներն ամփոփելուց հետո ձեւավորվելու է հայեցակարգը, որը ներկայացվելու է կառավարություն, եւ կառավարությունը հոկտեմբերին պետք է հաստատի այն։ «Ի վերջո, այսպես մենք գնում ենք դեպի բուհերի ռեյտինգացման, երբ յուրաքանչյուր բուհ՝ այս չափանիշներին համապատասխան, պետք է ներկայացնի իր արդյունքը։ Եվ այստեղ արդեն նախկին տարիները, ստատուսը չի փրկելու»,- մեզ հետ զրույցում ասաց Լ. Մկրտչյանը։ Ըստ նրա՝ այսօր բարենպաստ վիճակ է կրթական դաշտը զարգացնելու համար. թե՛ պետական չինովնիկները, թե՛ հասարակությունը մտահոգված են կրթության որակով։ «Ամենակարեւորը՝ հասարակությունը պատրաստ է վճարել կրթության համար, այսինքն՝ կրթության պատասխանատուների ապաշնորհությունն է, որ նրանք այս ամենի հենքի վրա չեն կարողանում կրթությունը դարձնել որակյալ։ Գնորդն իր բերանից կտրում է՝ երեխային կրթության տալու համար։ Եվ մենք ուղղակի անբարեխիղճ վաճառող ենք, որովհետեւ որակ չենք տալիս։ Աշխարհն արագ է զարգանում, եւ նախարարից սկսած՝ պետք է հասկանան եւ կարողանան տեմպը պահել, կամ էլ թողնել այն մարդկանց, ովքեր այս դրական բանը կկարողանան օգտագործել»,- ասում է նախարարը։ ԿԳ նախարարի կարծիքով՝ այսօր կրթական դաշտում շատ անմխիթար վիճակում են պետական քննությունները։ Այս տարի բուհական պետական քննություններին պարտադիր լինելու են ոլորտային մասնագետներ, որոնք կհսկեն քննության ընթացքը։ «Օրինակ՝ եթե տնտեսագիտության պետական քննություն է, պետք է Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը լինի։ Միջազգային հարաբերություն է, ուրեմն` ԱԳՆ-ի ներկայացուցիչը։ Այսօր ամեն մեկն իր ծանոթին հրավիրում է հանձնաժողովի նախագահ, իրենք քննում են եւ գնահատում։ Հիմա կկազմվի կարգ, կստեղծվի հատուկ հանձնաժողով, որն էլ կքննի արտադրանքը՝ ուսանողի որակը։ Եվ եթե որակը լինի տխուր մասշտաբով, ուրեմն ֆակուլտետը պետք է պատասխան տա»,- ասում է ԿԳ նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այսպիսի համաժողովները գործնականում կարող են ցանկալի արդյունքներ տալ, եթե համաժողովներն իջնեն բուհերի ամբիոններ։