Քաղաքակիրթ առողջապահական համակարգում թիվ մեկ գործոնը բուժծառայությունների որակն է: Դժբախտաբար, այդ գաղափարը Հայաստանում երբեւէ լուրջ չի քննարկվել: Ըստ Բժշկական պալատի նախագահ, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի, բժշկական ծառայությունների որակի վերահսկման բացակայության պատճառով ծնվում են տարբեր մասնավոր խնդիրներ, դատական գործեր, ասեկոսեներ, եւ, ի վերջո, այնպիսի արատավոր ու անդառնալի երեւույթ, ինչպիսին բնակչության կողմից բժիշկների հանդեպ վստահության կանխավարկածի կորուստն է:
«Քանի դեռ Հայաստանում գոյություն չունի որեւիցե բուժծառայության որակի չափորոշիչ, քննարկել այն հարցը, թե բժիշկը պատշա՞ճ մակարդակով է կատարել իր պարտականությունները, թե՞ ոչ, սխալ է: Բժիշկներին դատապարտելը, առանց օբյեկտիվ չափորոշիչների դատելը կամ բարոյականորեն խայտառակելը չլուծված խնդիրների արդյունք է: Բուժծառայությունների որակը հսկելու ցանկությունը պետք է լինի պետական կառավարման մարմինների կողմից, առանց որի հնարավոր չէ կայացնել առողջապահական համակարգ: Չափորոշիչը մի օղակն է այն կառույցի մեջ, որը կոչվում է որակի վերահսկում»,- նկատում է Ա. Մուրադյանը: Իսկ ինչո՞ւ տարիներ շարունակ այդ խնդիրը չի մտահոգել մեր առողջապահության ոլորտի ղեկավարներին, որոնք առաջնորդվել են առանց այդ չափորոշիչների: Ա. Մուրադյանը հավատացած է, որ նոր կառավարության ծրագրում այդ հարցերի պատասխաններն անպայման տեղ կգտնեն, որովհետեւ այլընտրանք չկա: Նշենք նաեւ, որ 2000թ. մինչ օրս մոտավորապես 300%-ով ավելացել է առողջապահության բյուջեն, որը պետք է որոշակիորեն դրական տեղաշարժ արձանագրեր համակարգի մատչելիության եւ բուժծառայությունների որակի ասպարեզում: Ա. Մուրադյանը կարծում է, որ պետական մեխանիզմներն ու միջոցները պետք է ուղղել ոչ թե բուժհաստատություններում ժամանակ առ ժամանակ հիվանդության պատմությունները ստուգելուն, այլ ամեն օր բուժծառայությունների որակի ներքին աուդիտ իրականացնել, ինչն առողջապահության համակարգում ավելի արդյունավետ է աշխատում: Բուժծառայությունների որակը քաղաքակիրթ աշխարհում վերահսկվում է չափորոշիչների հայտնի «եռյակով», որը հայտնագործել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, մեր հայրենակից Ա. Դոնապետյանը: Այստեղ թիվ մեկ սկզբունքը բուժհաստատության կառուցվածքն է, երկրորդը` իրականացվող գործընթացն է, իսկ երրորդ գործոնը` ելքն է: Այսինքն, ստացված տվյալների ամփոփումն ու հրապարակումը: «Առողջապահության համակարգում երբեք առաջարկն ու պահանջարկը չեն կարող հավասարակշռվել, որովհետեւ հիվանդի պահանջարկը միշտ որոշում է բժիշկը` կատարելով միաժամանակ առաջարկություն: Եվ 15 տարի բժիշկներն իրենց խղճի շնորհիվ հերոսաբար պահել են այս բալանսը: Պետք է կանոնակարգել գործող դաշտը, եւ հետո այն խախտողներին պատասխանատվության կանչել»,- ասում է Ա. Մուրադյանը: Վերջինիս ասելով, Ուռոլոգների ասոցիացիան թարգմանել է գրեթե բոլոր միջազգային չափորոշիչները, բայց դրանք իրավական ուժ չունեն եւ որեւիցե փորձաքննության մեջ չեն կարող համարվել հենարան:
«ԶԼՄ-ների կողմից նկատվում է բժշկին սեւերես ցույց տալու միտում: Բժշկին սեւերես ցույց տալը դարձել է մոդայիկ, որը վտանգավոր երեւույթ է: Երբեք չի կարելի փնովել բժիշկներին: Բժիշկը հասարակության մեջ պետք է լինի շատ հարգված, մեծ կարողության տեր անձնավորություն, որովհետեւ այն 15-20 տարվա լուրջ կրթություն է եւ ծայրահեղ ծանր աշխատանք: Օրինակ, ԱՄՆ-ում բժիշկը, նրա ընտանիքն ու ընտանիքի անդամներն առանձին տեղ ունեն հասարակության մեջ»,- ասում է ուռոլոգը: Ամերիկայում, օրինակ, յուրաքանչյուր չորրորդ բժիշկ ներգրավվում է դատական գործընթացում, եւ ներգրավվածներից յուրաքանչյուր չորրորդը, այսինքն` 25 %-ը, կրում է համապատասխան տույժ: Մահվան պատճառների շարքում ԱՄՆ-ում բժշկական սխալը 7-րդ տեղում է, որը առողջապահական կատարյալ մեխանիզմներ ունեցող երկրի համար շատ բարձր ցուցանիշ է: Բնականաբար, Հայաստանում համարժեք վիճակագրություն չի անցկացվում, եւ զուգահեռներ չենք կարող տանել: Միայն նշենք, որ մեր իրականությունում բժշկական սխալի արդյունքը բողոքարկելու դեպքում բժիշկը միայն կարող է հիմնվել խիստ սուբյեկտիվ գործոնների` իր կամ ինչ-որ արտասահմանյան մենագրության վրա: Մեր զրուցակից ուռոլոգը դա համարում է անհեթեթություն, որը հակադրվում է վերջին 20 տարվա մեջ համաշխարհային բժշկության մեջ ներդրված ապացուցողական բժշկության գաղափարին: Հայաստանում բժշկական սխալի պատճառով հարուցված քրեական գործերում փորձագետների եզրակացությունները նույնպես կարող են լինել իրարամերժ, քանի որ գործող չափորոշիչները բացակայում են: Այսինքն, այսօր մեր երկրում իրագործած վիրահատության կամ բուժման վերաբերյալ տարբեր հանձնաժողովներ իրարամերժ եզրակացություններ կարող են ներկայացնել: Վերջում Ա. Մուրադյանը համոզմունք հայտնեց, որ Առողջապահության նորանշանակ նախարարն իր ծրագրում որպես ուղենիշ եւ առաջնահերթություն՝ կընդգրկի համաշխարհային առողջապահության զարգացման միտումները, որովհետեւ այդ գաղափարները նա դեռ վաղուց է ունեցել, իսկ հիմա ունի նաեւ համապատասխան լծակները: