Մարդու օրգանիզմի համար ավելի օգտակար բնամթերք, քան մեղրն է՝ հնարավոր չէ գտնել։ Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, միկրո եւ մակրոտարրեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար։ Մեղր պարունակող կոսմետիկական միջոցները հարթեցնող հատկություն ունեն, սնուցում եւ ավելի էլաստիկ են դարձնում մաշկը։
Խորհուրդ. թեեւ մեղրը հրաշալի հատկություններ ունի, պետք չէ օգտագործել բոլոր կոմետիկական միջոցները, որոնք պարունակում են մեղր, մանավանդ նրանք, ովքեր սննդի մեջ մեղր չեն օգտագործում։
Մեղրով դիմակ
Այս դիմակը խթանող ու մեղմացնող ազդեցություն ունի մաշկի վրա։ Խորհուրդ է տրվում նորմալ եւ չոր մաշկի հիգիենիկ խնամքի համար, թեփոտման, ինչպես նաեւ թորշոմելու դեմ։ 1 ճաշի գդալ մեղրը լուծել 1 ճաշի գդալ տաք կաթի, թթվասերի, սերուցքի, կաթնաշոռի կամ տաք, թարմ պատրաստված թեյի մեջ։ Ստացված զանգվածը քսել մաքուր մաշկին եւ թողնել 15 րոպե։ Դիմակը հանում են սառը ջրով, հետո մաքրում մեղրի հետ լուծված լոսյոնով։
Չոր եւ թորշոմող մաշկի համար։ Կատարվում է միեւնույն գործողությունը, գումարած 1 ձվի դեղնուց եւ 1 թեյի գդալ բուսական յուղ։
Չոր եւ նորմալ մաշկի համար։ 100 գրամ մեղրը տաքացնել՝ անընդհատ խառնելով, եւ ավելացնել 100 գ օղի։ Քսել դեմքին, վզին, կրծքին ձեռքերով կամ խոնավ տամպոնով։ Լվանալ 15-20 րոպե անց՝ սառը ջրով։
Դիմակ վզի համար. 2 ճաշի գդալ կաթին ավելացնել 1 ճաշի գդալ կալենդուլայի ծաղիկներ, 1 ճաշի գդալ մեղր, մի պտղունց փշրած մեխակ եւ մի պտղունց սոդա։ Ստացված զանգվածը խառնել եւ քսել վզին՝ թողնելով 15-20 րոպե, այնուհետեւ լվանալ։ Այս դիմակը հարթեցնում եւ սպիտակեցնում է մաշկը՝ դարձնելով այն թարմ ու ձիգ։
Մեղրը զուգակցվում է կիտրոնի հետ։ Խառնեք 100 գրամ մեղրը մեկ կիտրոնի հյութի հետ։ Ստացված նյութն օգտագործեք ամեն օր մինչ— լվացվելը, երեսին պահեք 10 րոպե։ Այն կարելի է պահել սառնարանում: